Բաբկեն Տեր Գրիգորյանը հյուրընկալվել է «Sputnik Արմենիա»-ին. տեսանյութ

Հայաստան-սփյուռք համագործակցության մակարդակը բարձրացնելու նպատակով նոր տրամաբանություն է դրվում հարաբերությունների մեջ: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասել է սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը:

«Գլխավոր հանձնակատարը եզակի պաշտոն է, մեր երկրում չի լինելու դրա նման երկրորդը, և նա ուղղակիորեն աշխատելու է վարչապետի աշխատակազմում, վարչապետի անունից և վարչապետի կողմից լիազորված, աշխատելու է ուղղակիորեն համայնքներում: Մենք այստեղ առաջին անգամ առաջ ենք տանում, որ Հայաստանը պատրաստ է աջակցել սփյուռքին և ոչ թե ակնկալել միայն օգնություն: Մենք աջակցելու ենք համայնքներին տարբեր հարցերով»,- ասել է սփյուռքի նախարարի պաշտոնակատարը: Ըստ Տեր Գրիգորյանի՝ օգնությունը սփյուռքի հետ լինելու է փոխադարձ, դիտարկվելու է որպես հավասար գործընկերություն, և բացի ֆինանսականից շեշտը դրվելու է ավելի շատ մարդկային ներուժի վրա:

«Սրանով նոր ինստիտուտ ենք առաջարկում և ստեղծում, որը հիմնականում կաշխատի 4 ուղղություններով. հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանում և համայնքների աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի ներգրավում երկրի զարգացման համար: Գրասենյակը տարբերվելու է նախարարությունից այնքանով, որ այլևս հանդես չի գա որպես ծրագիր իրականացնող: Դրա փոխարեն ծրագրերն իրականացնելու են բոլոր 12 նախարարությունները և այլ գերատեսչություններ: Եվ այս գրասենյակը կոորդինացնող մարմինն է լինելու այդ գերատեսչությունների միջև»,- ասել է Տեր Գրիգորյանը:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը:

Scroll Up