Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին

Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին:

Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջից: Այժմ, տեխնիկական հանգույցների ստուգման ու տարածքի մաքրմանը զուգահեռ, կարգաբերվում է նաև, այսպես կոչված, կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով: Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս կառույցը առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով:

Այս օրերին բարեկարգվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև երևանյան մյուս՝ ավելի քան 30 ջրային կառույցները, որոնց հերթական տարեշրջանի մեկնարկը կտրվի Մայրության և գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին:

Scroll Up