Իտալիայի Լացիո մարզն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հռոմի հայ համայնքի խորհրդից, մարտի 18-ին Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ճանաչող բանաձև, որով խորհրդարանի անդամները զորակցություն և աջակցություն են հայտնում հայ ազգի զավակներին, պատմական ճշմարտության համար նրանց մղած պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:

Հռոմի հայ համայնքի խորհրդի նախաձեռնությամբ պատրաստված բանաձևը խորհրդարան է ներկայացրել Լացիո մարզի խորհրդարանի անդամ Սերջո Փիրոցցին, որն այս առիթով հայ համայնքին ուղղած իր նամակում նշել է, թե ցանկանում է, որ այս քայլը հանդիսանա՝ որպես ճշմարտության ու զորակցության հանձնառու ու անկեղծ արտահայտություն՝ ի նպաստ մի ազգի, որի անդամները զոհ են գնացել տեղահանությունների ու ահռելի ջարդերի:

Սերջո Փիրոցցին նաև հույս է հայտնել, որ այս քայլը երիտասարդների ու ապագա սերունդների համար ազդակ կլինի, որպեսզի այդպիսի ոճիրներն այլևս երբեք չկրկնվեն:

Հավելենք, որ Լացիո մարզի խորհրդարանը հանդիսացավ Իտալիայի 136-րդ խորհրդարանը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Ընդհանուր ցանկը կարելի ծանոթանալ այստեղ. http://www.comunitaarmena.it/il-genocidio-armeno/italia-ricorda/

Scroll Up