Տեղի ունեցավ «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը

Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում մարտի 18-ին տեղի է ունեցել (ԵՊՀ) թուրքագիտության ամբոնի դոցենտ, բանասիրական գիտ. թեկնածու, ԵՊՀ ՀՀԻ (Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ) հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության (363 էջ, 120 էջ գունավոր ներդիր, Համշենի գավառի 15-17-դր դարերի քարտեզ) շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, շնորհանդեսին ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը,  ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և այլ հյուրեր: Միջոցառման շրջանակում ելույթ են ունեցել համշենցի երգիչ Գյոքհան Բիրբենը և Արտո Թունջբոյաջյանը։

Հավելենք, որ գիրքը հրատարակվել է ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորմամբ։ Սույն ուսումնասիրությունը կատարվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ Գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման» շրջանակում։

Մենագրության մեջ առաջին անգամ ի մի են բերվել XV-XVII դդ. Համշենում ընդօրինակված քսան ձեռագիր մատյան, որոնք պահվում են Մաշտոցի անվան Մատենադարանում, Վենետիկ և Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի Հայոց պատրարքարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտականական թանգարանի և Ֆիլադելֆիայի «Ազատ» գրադարաններում։

 

 

Scroll Up