Հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը Ռումինիայում

Մարտի 15-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ճանաչված և սիրված ժամանակակից հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր բացման խոսքում նշեց, որ դեսպանությունն ուրախությամբ հերթական անգամ իր դռներն է բացել հայ արվեստագետի առջև` նպատակ ունենալով Ռումինիայում ավելի ճանաչելի դարձնել հայկական արվեստն ու մշակույթը: Խոսելով նկարչուհու մասին` դեսպանը նկատեց, որ նրա ներդաշնակ ու գեղեցիկ ստեղծագործություններում ռիթմի, գույնի, գծի ու տարածության կտրվածքով են արտահայտված արվեստի հանդեպ նկարչուհու ունեցած անսահման սերն ու նվիրումը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նկարչական արվեստի գիտակներ և երկրպագուներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:
Տեղեկանք․ Հռիփսիմե Մարգարյանը 1998թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան: 1999թ. Հայաստանի նկարիչների միության և «Դիզայներների միջազգային միության» անդամ է, 2000թ.՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ։ 2012թ. «Վալմար» արվեստի սրահի տնօրենն է։ Հռիփսիմեն մշտապես մասնակցություն է ունեցել հանրապետական ցուցահանդեսներին, ինչպես նաև իր աշխատանքներով ներկայացել Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում:

 

Scroll Up