Սփյուռքի լրատվամիջոցների հետ ասուլիսների շարքը շարունակվում է

Մարտի 14-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ասուլիսի ձևաչափով պատասխանեց Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Սփյուռքից մասնակցում էին «Իսրայելահայեր» պարբերականի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը (Իսրայել), «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը (Իրան), «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլաբօշեան-Պօղիկեանը, Հալեպի «Երազ» հայկական ռադիոժամի տնօրեն Ռուբեն Գևորգյանը (Սիրիա), «Էլ Ահրամ» շաբաթաթերթի թղթակից Նորա Քոլոյանը (Եգիպտոս), Հորդանանի առաջնորդարանի մամուլի քարտուղար Ռաքել Մարգարյանը:

Ողջունելով ասուլիսի մասնակիցներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ ներկայացրեց հանդիպման նպատակը՝ առանցքում ունենալով սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, հետագա ձևաչափին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին առնչվող թեմաները: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ պայմանավորված Ազգային ժողովի կողմից «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մոտակա ընդունման և ուժի մեջ մտնելու հանգամանքներով՝ սփյուռքի նախարարությունը նախարարության ձևաչափով չի գործելու, փոխարենը ներդրվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտը՝ վարչապետի աշխատակազմում իր գրասենյակով և սփյուռքի նախարարության կորիզը պահպանելով: «Գրասենյակը աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Այն լինելու է ռազմավարություններ մշակող, համակարգելու է 12 նախարարությունների ոլորտային աշխատանքները սփյուռքի հետ, վերահսկելու և մշտադիտարկելու է դրանք, պահպանելու և ամրապնդելու է կապը համայնքերի հետ: Հանձնակատարը հաճախ է լինելու համայնքներում՝ ստեղծելով անմիջական շփման հնարավորություններ»,-ընդգծեց Բաբկեն Տեր Գրիգորյանը:

«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, շեշտարդելով սփյուռքի բազմազանությունը, միատարր չլինելը, հարցրեց, թե արդյոք հանձնակատարը լինելու է անկուսակցական և անկախ, ինչը հետագայում հակասությունների տեղիք չի տա: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ դեռ սփյուռքը  ամբողջապես հասկանալու խնդիր կա, այն համաշխարհային ցանց է՝ բաղկացած և՛ համահայկական կառույցներից, և՛ տարբեր կազմակերպություններից ու կուսակցություններից, և՛ անհատներից: «Սփյուռքի հետ աշխատելու մեր քաղաքականությունը բոլորի հետ հավասար աշխատելն է: Այն արտացոլվելու է հանձնակատարի դերում, որը նշանակվում է վարչապետի հայեցողությամբ»,-ասաց Բաբկեն Տեր Գրիգորյանը:

«Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ ՉիլԱբօշեան-Պօղիկեանը, առանձնացնելով այն հանգամանքը, որ սփյուռքն իր խնդիրները, մարտահրավերներն ու գոյության պայքարն ունի այսօր, արդյոք խորհրդատվական կապի մեջ է Հայաստանի հետ ընթացիկ գործընթացներում և մասնակցու՞մ է ձևաչափային քննարկումներին:

Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ նմանատիպ ասուլիսներն այդ քննարկումների առաջին փորձն են, և հատկապես Հայաստանի կողմից համայնքներին աջակցության, հայապահպանության, համահայկական օրակարգի ձևավորման տեսանկյուններից բացառվում է, որ սփյուռքը դուրս մնա քննարկումներից: Հենց նա պետք է լինի օրակարգ թելադրողը:

Հորդանանի առաջնորդարանի մամուլի քարտուղար Ռաքել Մարգարյանը հարց բարձրացրեց Առաջնորդարանի վարժարանի ներկայիս վիճակի վերաբերյալ, հայաստանյան կողմից հարցը ուսումնասիրելու և լուծման տարբերակներ որոնելու պատրաստակամություն եղավ:

«Իսրայելահայեր» պարբերականի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը անդրադարձավ նախարարության կողմից իրականացվող գրքերի առաքման ծրագրին, և թե ում պիտի դիմեն գրքերի պահանջարկի դեպքում: Բաբկեն Տեր Գրիգորյանը խորհուրդ տվեց դեռևս  շարունակել աշխատել սփյուռքի նախարարության հետ, մինչ կյանքի կկոչվեն բոլոր կառուցվածքային փոփոխություններն ու գործառույթների վերաբաշխումը: Նա նաև հավելեց, որ գրքերի առաքման ծրագիրը փոփոխություններ է կրելու, համայնքերի հետ քննարկման արդյունքում ուրվագծվելու է պահանջարկը, կատարվելու է մշտադիտարկում, թե արդյոք առաքված գրքերը համապատասխանում են համայնքների կողմից ներկայացված պահանջներին:

Արտյոմ Չերնամորյանը խոսեց նաև Իսրայելի հայ համայնքի առաձնահատկությունների մասին՝ ընդգծելով այնտեղ հայերի դարավոր ներկայության, հայոց ժառանգության ու հայկական հետքի և դրանց պահպանման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այդ հարցում կզգան Հայաստան պետության աջակցությունը: Նա նաև համագործակցության պատրաստակամություն հայտնեց, որն արդեն կլինի երկկողմանի:

Բաբկեն Տեր Գրիգորյանի խոսքով՝ համագործակցությունը լինելու է գործընկերային հավասարության հիման վրա:

«Երազ» հայկական ռադիոժամի տնօրեն Ռուբեն Գևորգյանը հարցրեց՝ հանձնակատարի գրասենյակը պատրաստվու՞մ է իր ծրագրերը համադրել սփյուռքի խոշոր կառույցների հետ:

Տեր Գրիգորյանը դարձյալ ընդգծեց, որ հանձնակատարի գրասենյակը ծրագրեր չի իրականացնելու, նախարարություններն են իրենց ոլորտային ուղղություններով ծրագրեր կյանքի կոչելու, գրասենյակը համակարգելու է այդ ամենը արդյունավետությունը բարձրացնելու համար: Նաև հավելեց, որ սփյուռքի հետ աշխատելիս արտոնյալներ չեն լինելու, սփյուռքը ներկայացնող մեկ կամ երկու կառույց չկա, սփյուռքը ցանց է, 21-րդ դարի այդ տրամաբանության մեջ պիտի քննարկվեն թեմաները՝ բոլոր կողմերին տալով հավասար գործընկերոջ կարգավիճակ:

«Էլ Ահրամ» շաբաթաթերթի թղթակից Նորա Քոլոյանի հարցը արտագաղթի տեմպերի նվազման մեխանիզմների և հայրենադարձության, Հայաստանի համալսարանական հաստատություններում սփյուռքահայ լավագույն ուսանողներին տրվող արտոնությունների մասին էր:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ հայրենադարձությունն և ինտեգրումը հանձնակատարի գրասնեյակի հիմնական ուղղություներից են, սակայն հայրենադարձություն ասելիս նկատի է առնվում առաջին հերթին մասնագիտական և գիտական ներուժի հայրենադարձությունը: Հայրենադարձութունը արդյունք է՝ պայմանավորված գործոններով, այդ թվում՝ տնտեսական զարգացմամբ: Այն երկարաժամկետ գործընթաց է և փուլային աշխատանք:

Բաբկեն Տեր Գրիգորյանը համաձայնեց, որ համալսարանական կրթության ասպարեզում սփյուռքահայերին տրվող արտոնությունների հարցը պետք է քննարկել նաև հետագայում:

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը շեշտեց սփյուռքի նախարարության ձեռք բերած քաղաքական կշիռը և հետաքրքրվեց հանձնակատարի ինստիտուտում այդ կարևոր գործոնի պահպանման մասին:

Բաբկեն Տեր Գրիգորյանը մեջբերեց հենց Թեհրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ հանձնակատարի պաշտոնը բացառիկ է, եզակի: Այն ոչ միայն պահպանելու է իր քաղաքական կարևորությունը, այլև բարձրացնելու է այն և հզորացնելու:

Scroll Up