Հայ-թուրքական սահմանին հսկա եռագույն է տեղադրվել. լուսանկարներ

Հայ-թուրքական սահմանում, Ախուրյանի ձախ ափին գտնվող Շիրակի մարզի Խարկովում վաղ լուսաբացից հայոց եռագույնն է ծածանվում: Նախաձեռնությունը Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանինն է: Եռագույնն ունենալու հարցում աջակցություն է ցուցաբերել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Մարզպետը դրոշը տեսել էր, մի քիչ դրոշը լավ վիճակի մեջ չէր, ու էսօր առավոտ շուտ որ եկավ, դրոշը բերեց, անակնկալ էր շատ, ահավոր ուրախացա: Մենք դպրոցի աշակերտների հետ միասին դրեցինք դրոշը»,- Հայկական ժամանակին պատմեց Անիավանի վարչական ղեկավարը:

3×9 չափսի եռագույն Խարկովն էլի է ունեցել, սակայն մաշվել, շարքից դուրս էր եկել, վարչական ղեկավարն էլ հանել էր: «Այսօր կրկին հայ-թուքրական սահմանում, պատմական Անիից մի քանի քայլ հեռավորության վրա ծածանվեց այն: Դրոշը տեղադրվել է եկեղեցու մոտ: Տարածքը հատուկ է ընտրված»,- ասում է Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը:

«Եկեղեցու մոտ է դրված եւ ոչ միայն նայում է սահմանին, այլ հակառակ կողմից, երբ որ նկարում են, թուրքական դրոշը շատ փոքր ու խղճուկ է երեւում մեր եռագույնի ֆոնին: Թուրքերը ոչ իրանց հողի վրա ծածանում են թուրքական դրոշը, բայց մենք գոնե մերը չունենա՞նք: Երբ որ էդ դրոշը կանգնեցրեցինք, ես շատ հուզվեցի, բնական է, յուրաքանչյուր հայ մարդ կհուզվի Արեւմտյան Հայաստանի սահմանի վրա դրոշ դնելուց: Ես էսօր ընդգծեցի, ցուցադրեցի մոտավոր սահմանը Հայաստանի: Բայց դա գնալու է դեպի առաջ ժամանակի ընթացքում: Ես ուղղակի սա դրեցի, որ իմանաք, որն է սահմանը, դուք պիտի պահեք-պահպանեք: Բայց, երբ փոխվեց իրավիճակը ու հանկարծ գյուղապետարանի դրոշը դառավ սահման, այ դուք պրոբլեմ կունենաք բոլորդ, ես էլ Ձեր հետ միասին: Դա շատ կարեւոր սիմվոլ էր հայկական սահմանի վրա: Իմ ծրագիրն ավելի մեծ էր, ավելի բարձր տեղ կար, ավելի տպավորիչ տեղ էր եւ ավելի մեծ մասշտաբների դրոշ է անհրաժեշտ: Էդ էլ արդեն հնարավորություններից կախված բան է: 5×10-ի վրա դրոշի մասին է խոսքը: Դա արդեն մի քիչ պետական մոտեցում է պետք, որ կարողանամ էդքան բարդ գործողություններ անեմ: Մի բան է ունենալը, մի բան՝ պահել-պահպանելը: էդ դրոշը տարին 3 անգամ պետք է փոխել պարտադիր, որովհետեւ մաշվում է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը:

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքի էջից

Scroll Up