Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը

Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանում այսօր տեղի է ունեցել պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլում հրատարակվող «Ակօս» պարբերականի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:

Ինչպես փոխանցում է «Ակօս»-ը, դատական նիստին ներկա են եղել մեղադրյալների շարքում գտնվող Տրապիզոնի Ժանդարմերիայի նախկին գլխավոր հրամանատար Ալի Օզը, Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը, Հետախուզական կոմիտեի Ստամբուլի վարչության նախկին տնօրեն Ահմեդ Իլհան Գյուլերն ու այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նիստի ժամանակ վկայություն են տվել Սամսուն քաղաքի ներկայի ոստիկանապետ Վեդաթ Յավուզը, որը Դինքի սպանության ժամանակ եղել է տեղի ոստիկանության հետախուզական բաժնի փոխտնօրենը, ինչպես նաև Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին փոխտնօրեն Ջելալ Սելը:

Սելը դատարանին պատմել է, որ Դինքի սպանության լուրը լսել է հեռուստացույցից ու միանգամից շտապել դեպքի վայր: Այնտեղ մոտակա տարածքում գտնվող խանութներից մեկում քաղաքացիները նրան տեղեկացրել են, որ տարածքում կան անվտանգության տեսախցիկներ:

«Գնացի ձայնագրությունները դիտելու: Կասկածյալը երևում էր: Մեր բաժնի տնօրենը ցանկացավ, որ դեպքի մասին ավելի բարձր մարմիններին զեկուցելու համար զեկույց պատրաստեմ: Օգյուն Սամասթի ձերբակալությունից հետո հարցով չեմ զբաղվել», – tert.am-ի փոխանցմամբ, ասել է Սելը:

Վեդաթ Յավուզն իր հերթին հայտնել է, որ համապատասխան մարմիններն իրեն ժամանակին տեղյակ չեն պահել Դինքի սպանության նախապատրաստման մասին:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև`16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Scroll Up