ՀՀ սփյուռքի նախարարությունը պարզաբանում է

www.hetq.am կայքում հրապարակված «Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել» հոդվածի համաձայն՝ խմբագրությունն ահազանգ է ստացել լիբանանահայ Իշխան Ավո Ոսկերիչյանից, որը 2016 թվականի գարնանը Լիբանանից եկել է Հայաստան՝ միայնակ: Նույն տարում կրկին գնացել է Լիբանան՝ կնոջն ու երկու անչափահաս որդիներին Հայաստան տեղափոխելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով: 2016 թ.-ից Հայաստանում բնակություն հաստատած Ոսկերիչյանների իրերը մաքսազերծելու համար ՊԵԿ-ը պահանջում է մոտ 16 հազար դոլար:

Սփյուռքի նախարարությունը հայտնում է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 249-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն Հայաստան մշտական բնակության ժամանող անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Օրենքի նույն հոդվածի 15-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում 181 օր և ավելի:

Եթե ֆիզիկական անձը խախտում է նշված ժամկետները, ապա նա չի կարող օգտվել նախատեսված վերոհիշյալ արտոնությունից: Այս պարագայում լիբանանահայ ընտանիքը ճիշտ ժամանակին չի դիմել ՊԵԿ, որպեսզի կարողանա օգտվել պետության կողմից տրամադրվող արտոնություններից:

Իշխան Ավո Ոսկերիչյանը 2 անգամ այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ խնդիրը կարգավորելու համար: Մենք քաջատեղյակ ենք այս դեպքին, որը իր բնույթով բացառիկ չէ: Ցավոք, պետք է արձանագրենք, որ ներկայիս օրենսդրական կարգավորումները կարող են խոչընդոտ հանդիսանալ հայրենադարձության գործընթացին:

Նախարարությունը դիմել է տարբեր գերատեսչություններ՝ օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով:

Պետք է ընդգծենք, որ խնդիրը կարող է լուծվել բացառապես հիշյալ օրենքի առանձին դրույթների փոփոխությունների շրջանակում ինչպես նաև «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունմամբ, որը, ըստ մեր պատկերացման, կարող է լինել ինստիտուցիոնալ և համապարփակ լուծում այս և  մյուս խնդիրի վերջնական լուծման համար:

Վստահ ենք՝ առաջիկայում նմանատիպ տարաձայնություններից խուսափելու համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կզբաղվի նաև ներկայիս օրենդրությունն առավել մատչելի դարձնելու ուղղությամբ:

Scroll Up