Ղազախստանում հայկական հետքը փաստող մի նոր վավերագիր

Ղազախստանի հայերի միության Ալմաթիի «Մասիս» հայկական մշակութային կենտրոնը (ղեկավար՝ Էռնեստ Վարտերեսյան) Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության հետ համատեղ շարունակում է իրականացնել  հայանպաստ հետաքրքիր նախաձեռնություններ: «Հայերն այսօր»-ն արդեն տեղեկացրել է վերոնշյալ կառույցների կողմից Ղազախստանի ազգային թանգարանին հայկական նվագարաններ նվիրաբերելու մասին: Օրերս տեղի ունեցավ համանման մեկ այլ միջոցառում. կազմակերպվեց Սպորտի և օլիմպիական փառքի թանգարանին հայկական ծագում ունեցող ղազախստանցի չորս ականավոր մարզիկների դիպլոմների և գավաթների հանձնման արարողությունը: Ուրախալի է, որ Կարեն Փաշիկյանի (գրեպլինգ), Գարի Հակոբովի (ռուսական բիլիարդ), Մաթևոս Նիկողոսյանի (բասկետբոլ) և Մխիթար Մանուկյանի (հունահռոմեական ոճի ընբշամարտ) անունները հայտնի ու սիրելի են ողջ Ղազախստանում: Հենց դրանով է պայմանավորված ՀՀ պատվավոր հյուպատոսության այս նախաձեռնության կարևորությունը: Այսուհետ անվանի մարզիկների մրցանակները կդառնան թանգարանի ցուցանմուշը և կպատմեն Ղազախստանում սպորտի զարգացման ասպարեզում մեր հայրենակիցների ունեցած մեծ ավանդի մասին:

Միջոցառման մասնակիցները երախտագիտության խոսքեր ուղղեցին բոլոր մարզիկներին և նրանց ընտանիքների անդամներին՝ այդ արժեքավոր նվերների համար, որի շնորհիվ ներկայացված պարգևներն այժմ մատչելի և հասանելի են հանրությանը: Հատուկ շնորհակալություն հայտնեցին նաև այս կարևոր գաղափարի իրագործման գործում նշանակալի ավանդ ունեցող մարդկանց՝ Մերուժան Ալեքսանյանին, Միսակ Թումասյանին, Մհեր Մխիթարյանին և Յանա Նիկողոսյանին:

Այս նախաձեռնության շնորհիվ Ղազախստանում ավելացավ ժողովուրդների բարեկամության և Ղազախստանում հայկական հետքը փաստող մի նոր վավերագիր:

Scroll Up