ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարգավորման բանաձեւը հնացել է

Ակնհայտ է, որ համանախագհներն իրենց հայտարարությամբ ցանկանում են վերագործարկել բանակցային գործընթացը, սակայն ելնելով ավելի քան 20-ամյա վաղեմության բանաձեւից՝ Մինսկի խումբն առաջարկում է միայն հնացած՝ փակուղային թեզեր, որոնք ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ներուժ չունեն: Այս մասին “Фраза”-ին» տված մեկնաբանության մեջ հայտարարել է ուկրաինաբնակ  քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը:

«20-րդ դարավերջի կարգավորման բանաձեւը ակնհայտ հակադիր սկզբունքներով՝ տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, այսօր, անկեղծորեն, դժվար ընկալելի եւ իրականացնելու համար անհնարին է թվում: Համանախագահները պետք է հաշվի առնեն, որ նման մոտեցումը տարեցտարի ավելի ու ավելի չի համապատասխանում տարածաշրջանում գոյություն ունեցող իրողություններին, եւ հազիվ թե հնարավոր լինի իրավիճակ, որը կարող է կողմերին վերադարձնել 1994 թվականի կամ անգամ 2011 թվականի իրադրությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարգավորման բանաձեւը հնացել է եւ կարող է ծառայել միայն Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման ձգձգմանը: Իրական, չխեղաթյուրված բանաձեւի մշակման համար անհրաժեշտ են նոր խորհրդակցություններ բոլոր իրական կողմերի հետ»,- շեշտեց մեկնաբանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները օրերս հայտարարություն էին տարածել՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման պատրաստման հետ:

Համանախագահները հաստատել էին, որ «արդարացի եւ կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ներառյալ, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

Օրեր առաջ` մեկ այլ ուկրաինական փորձագետ Դարյա Վոլոդինան  AnalitikaUA.net – ին տված հարցազրույցում ասաց, որ Երեւանն ու Կիեւը պետք է խորացնեն առեւտրատնտեսական կապերը:

«Որոշ աշխարհաքաղաքական գործոններ ազդում են Կիեւի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների վրա եւ որոշակի կերպով զսպում», – ասաց Դարյա Վոլոդինան:

Scroll Up