Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը հոլանդացի պատգամավորների հետ

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանը և Արտաքին գործերի փոխնախարար տիկին Արմինե Ալեքսանյանը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ պարոն Մաթո Հախվերդյանի և քարտուղար տիկին Ինգա Դրոստի ուղեկցությամբ հանդիպում ունեցան Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորների հետ՝ քննարկելու Արցախին վերաբերող հարցեր։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Աբովյան» մշակութային միությունից, հանդիպմանը ներկա էին նաև տիկին Իրինա Բեգլարյանը, պարոն Գեղամ Ստեփանյանը և թարգմանչուհի տիկին Կարինե Մկրտչյանը։

Այս նիստը կազմակերպվել էր Նիդեռլանդների խորհրդարանի Արտաքին գործերի մշտական հանձնաժողովի այսպես կոչված «հատուկ ընթացակարգի» շրջանակում։ Արցախում տիրող իրավիճակի իրազեկման նպատակով Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) դիմել էր խորհրդարանի հանձնաժողովին, որպեսզի տեղի ունենա անմիջական ունկնդրում Արցախի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նիստը կազմակերպել և նախագահում էր խորհրդարանի պատգամավոր տիկին Սադետ Կարաբուլութը (Սոցիալիստական կուսակցություն)։ Ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի 5 խմբակցությունից պատգամավորներ, այդ թվում արտաքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ջոել Վորվերնդինդը (քրիստոնեական միություն)։

Տիկին Կարաբուլութի ջերմ ողջույնի խոսքերից հետո Մաթո Հախվերդյանը պատգամավորներին ներկայացրեց Արցախի հյուրերին։ Նա անդրադարձավ խորհրդարանի հետ Արցախի հիմնահարցին առնչվող անցյալի կապերին, նշելով, որ հոլանդահայ համայնքը բազմիցս դիմել է Նիդերլանդների խորհրդարանին ներկայացնելով հանրագրեր և խորհրդարանի և կառավարության ուշադրությանն է ներկայացրել Արցախի հակամարտության իրավիճակը, իսկ 2015 թ. Հոլանդահայ ֆեդերացիայի նախաձեռնությամբ խորհրդարանի Արտաքին գործերի մշտական հանձնաժողը ունկնդրեց Հայաստանի եվրոպացի բարեկամների և ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած տեղեկությունները Արցախի հիմնախնդրի և առկա խնդիրնրի մասին։

Իր ներածական խոսքում պարոն Ղուլյանը շնորհակալություն հայտնեց տիկին Կարաբուլութին և նրա գործընկերներին` Արցախի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար և ներկայացրեց երկրի ներկա իրավիճակը, ինչպես նաև վերջին 31 տարիների ընթացքում Արցախում ձեռք բերված հաջողությունները։ Արցախի Հանրապետությունը համոզված է, որ հակամարտության լուծմանը կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով։ Նա նաև համառոտ պատմեց Արցախի ժողովրդավարական զարգացման գործընթացի մասին։ Նա նշեց, որ վերջին 25 տարիների ընթացքում կազմակերպվել են 6 խորհրդարանական և 5 նախագահական ընտրություններ։ Նա հոլանդացի խորհրդարանականներին հրավիրեց, հետևելով եվրոպական այլ երկների պատգամավորներին, այցելել Արցախ։

Պարոն Ղուլյանի ելույթից հետո հոլանդացի պատգամավորները հարցեր ուղղեցին Արցախում տիրող իրավիճակի և հակամարտության հնարավոր լուծումների մասին։ Պարոն Ղուլյանը պատասխանեց բոլոր հարցերին և խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած երկարատև խաղաղության գործընթացի մասին։ Նա բացատրեց այն խոչընդոտները, որոնք առկա են հակամարտության արդար լուծման ճանապարհին։ Նա նաև ընդգծեց, որ Հոլանդիան իր կարևոր քաղաքական և տնտեսական հնարավորություններով կարող է արդյունավետորեն աջակցել խաղաղության գործընթացին։ Նա անդրադարձավ նաև այն դժվարություններին, որոնք առկա են Արցախում տնտեսական խնդիրների լուծման համար։ Ըստ պարոն Ղուլյանի, Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի քանի շփումներից հետո վերջին մի քանի ամիսների ընթացքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել շփման գծի երկայնքով։

Հանդիպումը տեղի ունեցավ բարեկամական մթնոլորտում։

Scroll Up