Հանդիպում Եվրոպայում ծառայող հայ հոգևորականների հետ

Մարտի 8-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու՝ Եվրոպայում ծառայող հայրապետական պատվիրակների, առաջնորդների և առաջնորդական տեղապահների հետ, որոնք Բուլղարիայում են գտնվում ՀԱԵ Եվրոպական թեմերի առաջին ժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես  «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին, դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց ժողովի անցկացման գաղափարը՝ կարևորելով հայապահպանմանն ուղղված Եվրոպայում ՀՀ դեսպանությունների և ՀԱԵ թեմերի միջև սերտ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ներկայացրեց ժողովի հիմնական նպատակներն ու քննարկվելիք շրջանակը: Նա կարևորեց Եվրոպական թեմերի միջև համագործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հայ եկեղեցու առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

Այս համատեքստում նա կարևորեց Եվրոպայի թեմերի առաջնորդների և եվրոպական երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանների համատեղ հավաքի կազմակերպման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուլղարահայ համայնքին առնչվող հարցեր, կապված, մասնավորապես, հայապահպանման, Հայաստանի հետ կապերի ամրապնդման և այլ խնդիրների հետ:

Scroll Up