Եգիպտահայ նկարիչ Սիմոն Շահրիկյան

Լրանում է նշանավոր նկարչի ծննդյան 100-ամյակը

2006 թվականին Կահիրեում, Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սաթենիկ Չաքր» հիմնադրամի մեկենասությամբ և նախաձեռնությամբ, լույս տեսավ եգիպտահայ արվեստաբան և երգահան Հրանտ Քեշիշյանի «Սիմոն Շահրիկյան. եգիպտահայ դիմանկարիչ» ալբոմը, որը ճանաչված նկարչի ստեղծագործությունների համահավաքը լինելուց զատ` յուրովի է ներկայացնում այս տաղանդավոր հային: Նկարիչ Սիմոն Շահրիկյանը ծնվել է Կահիրեում 1911-ին, բայց նախնիները Շապին Գարահիսարից 4 կմ հյուսիս գտնվող մի փոքրիկ ավանից՝ Թամզարայից են (Սիվասի նահանգ), որոնք հետագայում տեղափոխվել են Ստամբուլ՝ ավելի բարեկեցիկ կյանք որոնելու եւ զավակներին ավելի լավ կրթություն տալու նպատակով:

1896-ին սուլթան Աբդուլ Համիդի օրոք կազմակերպված ջարդերի հետեւանքով ինչպես հազարավոր հայեր, այնպես էլ Շահրիկյանների ընտանիքը ցիրուցան է լինում: Նկարչի ապագա հայրը՝ Ամբակումը, փախչում է Պլովդիվ (Բուլղարիա): Պլովդիվում երկու կարեւոր իրադարձություն է տեղի ունենում Ամբակումի կյանքում: Նա հնարավորություն է ստանումՙ մասնագիտանալու օծանելիքներ պատրաստելու արհեստի մեջ, որն այսօր էլ մեծ ժողովրդականություն է վայելում վարդաշատ Բուլղարիայում, եւ հանդիպում է իր ապագա կնոջը՝ Մաքրուհի Գարակյոզյանին, որի հետ ամուսնանում է 1903-ի փետրվարի 2-ին: Մաքրուհու ընտանիքը նույնպես Թամզարայից էր գաղթել Բուլղարիա:

1907-ին այցելում է Հելուան (Եգիպտոս), կյանքից շատ վաղ հեռացած ավագ եղբոր գերեզմանին, երբ արդեն հայր էր դարձել երկու դուստրերի՝ Արշալույսի եւ Ազնիվի: Եգիպտոսի մեղմ կլիման եւ բարգավաճող տնտեսությունը նրան տպավորում են, եւ այլեւս Պլովդիվ չի վերադառնում: Փոխարենը հաջորդ տարի կինն ու զավակները միանում են իրեն: Կահիրեում Ամբակումը շարունակում է ապրուստը վաստակել օծանելիքներ պատրաստելով: Ընտանիքը մեծանում է եւս 2 դուստրերի եւ որդու՝ Սիմոնի ծնունդներով:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ամբակումի գործերը վատանում են այլ երկրների (Բուլղարիա, Գերմանիա) հետ առեւտրական կապերի վատթարացման եւ հումքի ձեռք բերման դժվարությունների հետեւանքով: Կինը՝ Մաքրուհին, սկսում է զբաղվել կարուձեւով: Երեխաներից Արշալույսը, Ազնիվը, Արուսյակն ու Սիմոնը սկսում են հաճախել Կահիրեի հայկական Գալուստյան ազգային վարժարանը: Սիմոնի նկարչության դասատուներն էին Երվանդ Տեմիրճյանն (տե՛ս «Ազգ»-ի ապրիլի 2-ի մշակույթի հավելվածը) ու Ալեքսանդր Սարուխանը, որոնք ձեւավորում են ապագա արվեստագետի ստեղծագործական ուղին:

Նկատելով Սիմոնի ընդունակությունները՝ Տեմիրճյանը հատուկ ուշադրությամբ հետեւում է պատանուն՝ սովորեցնելով նրան բնությունն ուսումնասիրելու գաղտնիքները: Եգիպտահայ տաղանդավոր եւ ճանաչված ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանը եւս փորձում է ազդել աշակերտի վր՝ՙ խորհուրդ տալով զբաղվել ծաղրանկարչությամբ: Շահրիկյանը որոշ ժամանակ նկարում է ծաղրանկարներ, բայց հետո թողնում է՝ մտածելով, որ իր մեջ «պակասում է հումորի զգացումը»:

Այդուհանդերձ, Սարուխանի ազդեցությունն զգալի է Սիմոնի հատկապես էքսպրեսիոնիստական գործերում, չնայած նրան ավելի բնորոշ է ռեալիզմը:
Երրորդ անձը, որ ձեւավորում է Սիմոնի ապագա մասնագիտությունը, Մարտիրոս Պալայանն էր (1891-1957)՝ դարձյալ Գալուստյան ազգային վարժարանի դասատուներից:

1923-ին վախճանվում է Սիմոնի հայրը՝ այդ ժամանակ դեռեւս անբուժելի պալարախտ հիվանդությունից: Հոր մահը խորը ազդեցություն է թողնում Սիմոնի վրա, քանի որ շատ էր մտերմացել նրա հետ: Սրան ավելանում է մեկ ուրիշ ծանր հարված: Գալուստյանում սովորելու ավարտական տարում, որպես գերազանց սովորող, նրան խոստանում են ուղարկել Եվրոպա կատարելագործվելու, բայց վերջին պահին կրթաթոշակ նշանակող հանձնախումբը, ֆինանսական դժվարությանց առաջ կանգնելով, տեղեկացնում է ոգեւորված պատանուն խոստումը կատարելուց հրաժարվելու մասին:

Այս երկու իրադարձությունները առավել խորացնում են նրա՝ առանց այն էլ ներամփոփ բնավորությունը: Բայց նա չի հուսահատվում եւ նվիրվում է արվեստի պատմության ուսումնասիրությանը ինքնուրույն: Գալուստյանն ավարտելուց հետո մինչեւ աշխատանքի անցնելը,որպես նախագծող ճարտարապետ, Եգիպտոսում բրիտանական զորքերի գլխավոր շտաբում (1938-ի սեպտեմբերին), անհանգիստ կյանք է վարում:

Ընտանիքը տեղափոխվում է Կահիրեի Հելիոպոլիս նորակառույց թաղամասը եւ 1931-ին 20 տարեկանում Սիմոնը դառնում է նկարչության եւ գեղագիտության դասատու Նուբարյան ազգային վարժարանում: Այդ պաշտոնը նա պահպանում է ավելի քան մեկ տասնամյակ: 1935-ին միաժամանակ սկսում է հետեւել հարավսլավացի նկարիչ Յարո Հիլբերտի մասնավոր դպրոցի դասընթացներին, եւ չորս տարիների ընթացքում ձեռք բերած լուրջ ակադեմիական կրթությունը հնարավորություն է ընձեռում նրան դառնալու կայացած դիմանկարիչ:

1947 թվի հունվարից մարտ ամիսներին բրիտանական բանակը Սուեզի ջրանցքի երկայնքով հետ է քաշվում, եւ Շահրիկյանը տեղափոխվում է Իսմաիլիա քաղաքի հարավում գտնվող «Մուասքար» զինվորական ճամբար: Միայն 1952-ի հեղափոխության եւ 1954-ին բրիտանական զորքերի դուրս բերումից հետո կարողանում է Կահիրե վերադառնալ: Նոր շրջադարձային էջ է բացվում նկարչի կյանքում: Աշխատանքի է անցնում նորաստեղծ «Մոքաթթամ» քաղաքաշինության ընկերությունում որպես նախագծող-ճարտարապետ:

Ռեալիստական ոճի դրսեւորումներում նա սկսում է նոր բարձունքների հասնել, հմտանում է դիմանկարների արվեստում եւ մասնակցում մոտ 20 խմբակային ցուցահանդեսների, որոնցից կարեւորագույնը Գեղարվեստի բարեկամների ընկերության «Սալոն դյու Կեր»-ի ամենամյա ցուցահանդեսն էր: Բացում է ընդամենը երկու անհատական ցուցահանդես: Առաջինը 1970-ի հուլիսին՝ Կահիրեում, երկրորդը՝ 1982-ին, Ալեքսանդրիայում:

Նրան նկատում են տեղացի քննադատներն ու արվեստագետները: Հայտնի գրող Յուսուֆ էլ Սիբաին առանձնացնում է բնորդի բնավորության առանձնահատկությունները երեւան հանելու նրա ունակությունը, իսկ մտավորական Անթուան Ջեննաուին՝ արվեստի խորհրդավորությունը եւ տեխնիկական տարբեր միջոցներ օգտագործելու նրա բացառիկ կարողությունը: Երկուսն էլ ֆրանսերեն հոդվածներով հանդես են գալիս «Le Progrռs Egyptien» եւ «Le Journal d՛Egypte» պարբերականների 1979-81 համարներում: Երրորդ անձնավորությունը, որ նկատում եւ մեծապես գնահատում է նրա գործերը, հայկական «Արեւ» թերթի խմբագիր Ավետիս Յափուջյանն էր:

1979-ից մինչեւ իր կյանքի վերջը Սիմոն Շահրիկյանը մասնավոր դասեր է տալիս մի քանի ուսանողների, որոնցից հիշատակության արժանի են Նաիրի Համբիկյանն ու Արմեն Կրպոյանը:

Նշենք, որ կյանքի մի ընթացք Շահրիկյանը տառապել է առողջական լուրջ խնդիրներով (տասներկումատնյա աղիքի խոց, շագանակագեղձի քաղցկեղ, երիկամի անհանգստություններ եւ այլն), եւ դա որոշակիորեն խոչընդոտել է նրա ստեղծագործական կյանքին: Ճիշտ է, նա երբեք չի ընկճվել, բայց, ինչ խոսք, լարված տրամադրություններն արձագանք են գտել կտավներում: 1989-ի հունիսին առողջությունը կտրուկ վատացել է,եւ նույն տարվա դեկտեմբերի 30-ին վախճանվել է ժամանակին չհայտնաբերված քաղցկեղից:

Հրանտ Քեշիշյանը խառնվածքով նրան դասում է խոլերիկների տիպին. այդ եզրակացությանը նա հանգել է արվեստագետի ազգականների եւ ժամանակակիցների հետ զրուցելուց հետո: Սիմոնի շիտակ, անկեղծ բնավորությունն ու ճակատագրի հարվածները արվեստագետին դարձրել են սկեպտիկ, ինչն էլ իր եւ հասարակության միջեւ որոշակի անջրպետ է ստեղծել: Այդ անջրպետը նա փորձել է «հաղթահարել»՝ արվեստի մեջ առավել խորանալով:

Նկարչի ստեղծագործական ընթացքը կարելի է բաժանել հինգ փուլի: Առաջինը՝ մինչեւ 1956 թվականը, երբ նա վերադառնում է Իսմաիլիայից: Այս երեսուն տարվա երկար փուլին, որի ընթացքում հանգամանքների բերումով նա քանիցս ստիպված էր ընդհատել ակադեմիական ուսումը, բնորոշ է գույների օգտագործման բնական վախը («Գլխափաթթոցով ծերունին», «Չալմայով նուբիացի կինը», «Դռնապան Ֆարշալին» եւ այլն):

Երկրորդը փոքր-ինչ ազատագրված փուլն է, որտեղ նա օգտագործում է գուաշ, ինչի միջոցով դրսեւորում է էքսպրեսիոնիստական ռեալիզմի տարրեր դիմանկարներում: Ոճական տեսակետից առավել հասուն մի շրջան թեւակոխում է 1957-ի սկզբներից մինչեւ 1960-ի կեսերը, որի ընթացքում վրձնում է «Տեղացին՝ երկրի զավակը», «Եգիպտացին», «Աշխատավորը» եւ այլ կտավներ: Առաջին փուլի սրճագույնին եւ կապույտին միանում կամ փոխարինում են կարմիրն ու դեղնականաչը:

Երրորդ՝ հոգեբանական ռեալիզմի փուլը տեւում է 1960-ականների կեսերից մինչեւ 1970-ականների սկզբները: Էքսպրեսիոնիզմին աստիճանաբար փոխարինում է հոգեվերլուծական ռեալիզմը: Գույները առավել զուգորդված են դառնում, ավելի «խաղաղ», ներկապնակին ավելանում են մոխրագույնն ու սեւը: («Ամբոխը», «Խորհրդածություն», «Բարկացած երեխան», «Դերասանը», «Մուշտակով տիկինը», «Սիրվարդ» եւ այլն):

Վաղ 1970-ականներից մինչեւ 1975 թիվն ընկած ստեղծագործական անարգասավոր շրջանից հետո չորրորդ փուլը սկսվում է 1970-75 թթ., որին բնորոշ է քնարական իրապաշտությունը («Երիտասարդ աղջիկը՝ գլխարկով», «Երեխան», «Երկու կին» եւ այլն):

Վերջին՝ հինգերորդ փուլը (1981-87 թթ.) առավել լավատեսական նեո-ռեալիզմի շրջանն է, որտեղ զգացվում է նրա ստեղծագործական ամբողջական հասունությունը: Վրձնահարվածները ավելի համարձակ են եւ վերահսկված: Այստեղ սպիտակը գերիշխում է՝ «Էքստազ», «Ծերունին», «Ճաղատ ծերուկը» եւ «Անտառը»՝ նրա վերջին գործը, որը նկարակալին դեռեւս անստորագիր վիճակում է եղել իր մահվան ժամանակ:

Պատրաստեց  Լևոն Մութաֆյանը

Scroll Up