Տեսակապով ասուլիս Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Փետրվարի 28-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆի «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանը, «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Խաչատուրյանը, «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը, «Արմինյն միրրոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրեգորյանը, «Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զավեն Թորիկյանը, շաբաթաթերթի անգլերեն տարբերակի գլխավոր խմբագիր Կարինե Վանը, «Հայկական համայնապատկեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Օշին Քեշիշյանը, «Մասիս» շաբաթաթերթի թղթակից Գաբրիել Մոլոյանը, լրագրող Արամ Արքունը, Կանադայից «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարագաշյանը, «Ապագա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ավետիս Պագգալեանը, Արգենտինայից «Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճյանը և «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր Կարապետյանը:

Ողջունելով սփյուռքահայ լրագրողներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախևառաջ ներկայացրեց սփյուռքի նախարարության հետագա կարգավիճակին վերաբերող մանրամասներ, հանգամանորեն անդրադարձավ Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի և նրա գրասենյակի ապագա գործունեությանը: Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ նախարարությունը չի փակվում կամ լուծարվում, այլ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ Սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպվում է՝ միանալով վարչապետի աշխատակազմին ու ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Գրասենյակը համակարգելուց բացի, լինելու է ռազմավարություններ ու քաղաքականություն մշակողիրականացնելու է մշտադիտարկում և վերլուծություն, ապահովելու է համայնքների հետ կապի պահպանումն ու ամրապնդումը», – նշեց Տեր Գրիգորյանը:

Լրագրող Արամ Արքունը հետաքրքրվեց, թե ինչու այդքան շրջանառվող տարբերակներից հետո որոշվեց ստեղծել հենց գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի ստեղծմամբ չեն իջեցվում կամ ստորադասվում սփյուռքի հետ գործակցությունն ու հարաբերությունների զարգացման, ամրապնդման, հզորացման կարևորությունը: Առաջարկվում է կառավարման ավելի արդյունավետ մոդել: Այսուհետ սփյուռքի հետ աշխատելու է ոչ թե մեկ նախարարություն, այլ 12 նախարարություն՝ իրենց ոլորտային խնդիրներով, և այդ աշխատանքը համակարգվելու է վարչապետի աշխատակազմում տեղակայված հանձնակատարի գրասենյակի կողմից և գտնվելու է անձամբ վարչապետի հսկողության ներքո: Հարցին, թե արդյո˚ք բոլոր նախարարություններն ունեն սփյուռքի հետ կապերի բաժիններ, Բաբկեն Տեր Գրիգորյանը պատասխանեց, որ այդպիսի նախարարություններ կան, սակայն այստեղ խնդիրը ոչ այնքան կառուցվածքի մեջ է, որքան ստեղծվող բովանդակության ու իրականացվող ծրագրերի, որոնք մշտադիտարկվելու և վերլուծության են ենթարկվելու հանձնակատարի գրասենյակի կողմից:

Ո՞րն է լինելու նոր ձևաչափով աշխատանքի կենտրոնը՝ Հայաստանը, թե՞ սփյուռքը հարցին ի պատասխան՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ պետության կողմից փորձ է արվում թիկունք կանգնել սփյուռքին՝ հզորացնելով ու ամրապնդելով հայ համայնքերն ու հայկական կառույցները, բարձրացնելով  համահայկական խնդիրների լուծման գործում նրանց դերակատարությունը, աջակցելով հայկական ինքնության պահպանմանը: Նաև այս նպատակով է հանձնակատարը շատ հաճախ շրջելու համայնքներում, տեղում ծանոթանալու խնդիրներին, և ոչ թե Հայաստանն է ենթադրելու կամ թելադրելու, թե ինչ խնդիրներ ու կարիքներ ունի սփյուռքը, այլ սփյուռքն ինքն է բարձրաձայնելու իր խնդիրները՝ համագործակցության միջոցով հասնելով դրանց լուծումներին:

«Պայքար» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդրիվառյանը հարցրեց, թե ի վերջո, ո՞րն է նախարարության վերակազմակերպման ամենագլխավոր պատճառը: Բաբկեն Տեր Գրիգորյանը նկատեց, որ սփյուռքով այսուհետ զբաղվելու է ոչ թե մեկ նախարար ու նախարարություն, այլ կառավարության ամբողջ կազմը: «Մեկ նախարարությունը չի կարող համակարգել մյուս նախարարությունների աշխատանքը: Վարչապետի աշխատակազում մեկ համակարգող, ռազմավարություն մշակող մարմին ստեղծելով՝ Հայաստանսփյուռք հարաբերությունները տեղափոխվում են ավելի բարձր հարթություն: Նախարարության կորիզն ու ոգին պահպանվելու են: Փոխվելու է ձևաչափը, որի նպատակը առավել մեծ արդյունավետության հասնելն է: Պահպանվելու են մեկ հասցեի ու մեկ պատուհանի սկզբունքերը, սակայն ծրագրերն իրականացվելու են ըստ ոլորտային նախարարությյունների», – ընդգծեց սփյուռքի նախարարի պաշտոնակատարը:

«Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զավեն Թորիկյանը հատկապես կարևորեց այս տարիների ընթացքում սփյուռքահայ լրագրողների հետ ստեղծված կապերը և հույս հայտնեց, որ դրանք կշարունակվեն:

Հարցեր հնչեցին նաև գրասենյակի հետագա հայեցակարգի վերաբերյալ: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ այն մշակման փուլում է, և հենց հայեցակարգից էլ կբխեն կառույցի ռազմավարությունն ու օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունները: Լրագրողներն անդրադարձան նաև այն սփյուռքահայերին, որոնք կազմակերպված համայնքային կյանքին չեն մասնակցում, սակայն նրանց հետ աշխատանքներ պետք է տարվեն: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գրասենյակի խնդիրներից մեկն է լինելու սփյուռքի հնարավորինս լայն շրջանակների ընգրկումը Հայաստանսփյոռք գործակցության, համազգային օրակարգ ձևավորելու գործընթացներում:

Գաբրիել Մոլոյանը, ողջունելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ստեղծման գաղափարը, նշեց, որ զգույշ լավատեսությամբ են մոտենում այս հարցին, նախաձեռնությունը գեղեցիկ է, որը կնպաստի խնդիրների լուծմանը:

«Հայկական համայնքապատկեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Օշին Քեշիշյանն ընդգծեց, որ գրասենյակի ստեղծումը օգտակար քայլ է դիտարկում և հույս հայտնեց, որ նոր կառույցը սփյուռքին վերևից չի նայի, հավասար կվերաբերվի բոլորին, որոշումները միասնաբար կկայացվեն:

Լրագրողներն անդրադարձան նաև Հայաստանից սփյուռք ուղարկվող լրատվությանը, ցանկություն հայտնեցին, որ այն լինի նաև արևմտահայերենով և օտար լեզուներով:

Տեսակապով հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց նման հեռակա հանդիպումների անցկացումն ու շարունակականությունը:

 

Scroll Up