Սփյուռքահայ կոմպոզիտորներ. Ալան  Հովհաննես

«Հայերն այսօր»-ը «Սփյուռքահայ կոմպոզիտորներ» խորագրի ներքո ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալած հայազգի ճանաչված կոմպոզիտորներին: Շարքի առաջին անդրադարձը նվիրված է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան  Հովհաննեսին:

Ալան Հովհաննես (Հովհաննես Չաքմաքչյան). ծնվել է 1911 թվականի մարտի 8-ին, ԱՄՆ Մասսաչուսեց նահանգի Սոմերվիլ քաղաքում: Երբ Հովհաննեսը հազիվ հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Առլինգտոն, ուր երաժշտական դասեր ստանալուն զուգահեռ՝ ստեղծագործում է, ապա ընդունվում է Բոստոնի կոնսերվատորիա:

1933 թվականին իր 3 մասից բաղկացած սիմֆոնիայի համար Հովհաննեսը շահում է Սամուել Էնդիկոտտի մրցանակը: Իր հաջորդ սիմֆոնիան Ալան Հովհաննեսը գրել է 1936 թվականին, որն առաջին անգամ հնչել է Լոնդոնում՝ բրիտանական ռադիոընկերության նվագախմբի կատարմամբ և Լեսլի Հյուարդի ղեկավարությամբ: Հյուարդը Ալան Հովհաննեսի մասին ասել է. «Ինձ շատ է հրապուրում Ալան Հովհաննեսի գործերը: Կարծում եմ՝ նա բացառիկ տաղանդավոր է… Նրա  երաժշտությունը զորեղ է, առնական և երաժշտական տեսակետից  շատ ամբողջական…»:

Այս բոլոր հատկանիշներով հանդերձ, իր ստեղծագործական այս շրջանում նա մեծ նվիրում ուներ հանդեպ Յան Սիբելիուսը (ֆինն կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր),  և կարծես Սիբելիուսի ոճը կաշկանդում էր իրեն՝ դառնալով քննադատության առարկա: Եվ ահա 1940 թվականին Ալան Հովհաննեսը հայտարարեց, որ գտել է իր ներշնչման նոր ակունքը և այրում է մինչ այդ գրած երկերը: Ներշնչման նոր ակունքը հայկական և արևելյան երաժշտությունն էր: Հովհաննեսը շատ խորն է ուսումնասիրում հայկական, հնդկական, ճապոնական, չինական երաժշտությունը: Ալանը հին հայկական եկեղեցիական երաժշտության խոր ազդեցության տակ երգեհոնի վրա անվերջ ինպրովիզացիաներ էր անում՝ իբրև հիմք վերցնելով հայկական լադերը: Դրանք այնքան թարմ ու հրապուրիչ էին հնչում, որ մեծապես գրավել էին ամերիկյան երաժշտական հասարակության հետաքրքրությունը:

1944-45 թվականներին Հովհաննեսը գրում է երկու հայկական ռապսոդիա՝ լարային նվագախմբի համար, ինչպես նաև «Լուսածագը»՝ դաշնամուրի և լարային նվագախմբի համար և «Կոնցերտ տրոմբոնի համար» ստեղծագործությունները: 1949 թվականին գրում է «Սոսին»՝ ջութակի, դաշնամուրի, հարվածային և լարային կազմի համար, ֆլեյտայի և տրոմբոնի համար ստեղծագործություններ: Շուրջ 50 հայկական գործ, բոլորն էլ գրեթե խոշոր կտավի: Դրանցից են՝ ալտի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված կոնցերտը, որն անվանել է «Թալին» և «Արթիկ» կոնցերտը՝ գալարափողի համար:

Խոշոր կտավի գործերի կողքին Հովհաննեսը գրել է նաև երգեր և խմբերգեր՝ «Յար նազանի»՝ Համաստեղի խոսքերով,  «Վասպուրական» վերնագրով երկու երգ՝ Վիլյամ Սարոյանի խոսքերով, «Արարատ»՝ Իսահակյանի խոսքերով և այլն:

1954 թվականին նա պատվեր է ստանում գրել մի երկ՝ երգչախմբի և նվագախմբի համար: Երկը կոչվեց «Աստղերը»՝ Թորոյի տեքստով:

Հետագայում պատվերով գրեց նաև բալետ, որը  բեմադրվեց 1955-ին, որը հետագայում հաջողությամբ բեմադրվեց Ամերիկայի և Ասիայի տարբեր բեմահարթակներում՝ Մարթա Գրահանի խորեոգրաֆիկ մարմնավորմամբ:

Գրունքելդը 1955 թվականին «Երաժշտություն և ձայնագրություն» հանդեսում նկատում է, որ մի քանի գործիքների միջոցով այնքան շատ բան ասելու շնորհն Ալան Հովհաննեսին դարձնում է Ամերիկայի ամենաճանաչված կոմպոզիտորներից մեկը: Իսկ «Ամերիկա» հանդեսն Ալան Հովհաննեսի մասին գրել է. «Նա հանդիսանում է ամերիկյան  ամենաականավոր ստեղծագործողներից մեկը: Նրա  ստեղծագործություններն իրենց մեջ միահյուսում են միջնադարյան եվրոպական և հնագույն հայկական, արևելյան տարրերը»:

Մյուխենում կայացած համերգի առթիվ «Մյունխեն Մերկուրի»-ն տպագրել է Կարլ Ռենհարդ Վիտտենի հոդվածը, որտեղ նա գրում է. «Ալան Հովհաննեսը, անշուշտ, մեկն է ամենաինքնատիպ երաժիշտներից, որը վերջապես այցելել է մեզ… Նրա երաժշտությունը պլաստիկ ուժ ունի, բխում է իր իսկ ինքնատիպ արտահայտչականությունից»:

Ամերիկահայ կոմպոզիտորի «Մտորումներ Օրֆեի մասին» սիմֆոնիան առաջին անգամ հնչեց Երևանում 1962 թվականին՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

Ալան Հովհաննեսը երաժշտությունն անմիջականորեն կապված է տեսնում բնության ու տիեզերական երևույթների հետ: Նա համարում է, որ ծիր-կաթինները միլիոնավոր տարիների ընթացքում պայթելով ու բաժանվելով՝ ստեղծում են էներգիայի հսկայական կորագծեր, որոնք ճառագայթում են տիեզերական տարածության մեջ՝ ստեղծելով անվերջանալի մեղեդիներ: Հայաստան այցելության ընթացքում նա հիացած էր հարազատ լեռնաշխարհով: Իսկ դիտելով լեռնաշխարհի գագաթները՝ ասել է. «Մեղեդիներ են, հզոր մեղեդիներ, երկարում են, հատվում, միանում՝ ստեղծելով վիթխարի մեղեդի: Հրաշալի պոլիֆոնիա  (բազմաձայնություն) է»:

1958 թվականին Ռոչեստրի համալսարանն Ալան Հովհաննեսին շնորհում է երաժշտության դոկտորի կոչում:

Ալան Հովհաննեսը Հայաստան է այցելել 1965 թվականին։ Հայրենիքում երկար չի մնացել. ծանոթացել է գործընկերներին, նվիրել իր ստեղծագործությունները գրականության և արվեստի թանգարանին ու հեռացել։ Նրա հայաստանյան շրջագայության մասին պետական արխիվներում քիչ տեղեկություն կա։

Երբ Խորհրդային Միությունը տապալվեց, և սկսվեց Արցախյան ազատամարտը, Ալան Հովհաննեսն արդեն ծեր էր ու, չնայած ցանկությանը, չէր կարող գալ նորանկախ Հայաստանի Հանրապետություն։ Նա հայրենիք վերադառնալու այլ ճանապարհ գտավ. գրեց «Արցախ» սիմֆոնիան՝ նվիրված Արցախյան հերոսամարտի քաջերին։

1991 թվականին Ամերիկայի Արևելյան թեմի ազգային առաջնորդարանը և Ամերիկայի կոմպոզիտորների նվագախումբը Նյու Յորքի Քարնեգի Հոլում մեծ շուքով նշել է Ալան Հովհաննեսի ծննդյան 80-ամյակը: Գալա համերգին 80-ամյա Մաեստրոն ղեկավարել է իր նոր՝ «Արցախ» սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան…

 Ալան Հովհաննեսը մահացել է 2000 թվականին ԱՄՆ-ում:

Ալան Հովհաննեսի հուշաքարը Առլինգտոնի Ուաթերմոր զբոսայգում

 

Scroll Up