Եթե որեւէ մեկը ուզում է լսել թուրքապարսկական կլկլոցներ, մնացածը պատժված չեն դա լսելու

«Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցեց հեղինակային երգչուհի, մանկապատանեկան  4 մյուզիքլի հեղինակ Անահիտ Շահզադեյանի հետ հայկական երգարվեստի արդի խնդիրների մասին: Նրա մյուզիքլներից երկուսը`“Չոփչոփիկ” եւ “Արի Նոր Տարի”, նկարահանվել եւ ցուցադրվել են «Արարատ» հեռուստաստուդիայի եւ Հանրային հեռուստատեսության կողմից:

-Ինչո՞ւ եք ընտրել հեղինակային երգը:

-Ես ոչինչ չեմ ընտրել: Ինչ զգացել եմ, դա էլ հենց իր տեղն է գտել: Սկզբում մանուկների համար եմ գրել, հետո պատանիների եւ վերջապես հեղինակային երգեր:

-Ինչպե՞ս կգնահատեք հեղինակային երգը Հայաստանում:

-Հեղինակային երգը Հայաստանում շատ խղճուկ վիճակում է: Ոչ ոք չի հիշում նրա մասին: Մեծամասամբ հանրությունը ճանաչում է միայն Ռուբեն Հախվերդյանին: Շատ լավ է, որ նա կա, եղել է ու կլինի, բայց չէ՞ որ նա միակը չէ: Կան շատ այլ կատարող կանայք եւ տղամարդիկ, ովքեր նույպես լավ երգեր ունեն եւ արժանի են, որ մեծ բեմերը տրվի իրենց եւս:

Բայց հիմա մեր մեծ բեմերը տրվում են միայն ռաբիս երգին, որովհետեւ հանրության մեծամասնությունը հիմա դա է ընդունում` որպես հոգեհարազատ երաժշտության տեսակ: Կարծես դա նրանց արյան մեջ որպես դեղորայք ներարկած լինեն: Եթե լիներ դեղորայք` ճիշտ հայկական ֆոլկլյորի,  էստրադայի, հեղինակային երգի, ինչու չէ՞ նաեւ ռաբիզ երգի,լավ կլիներ: Մարդկանց մեջ երաժշտությունը ընկալելու կուլտուրա կառաջանար:  Չէ՞ որ չենք կարող «Աիդա» օպերան բեմադրել եւ ցուցադրել ռեստորաններում, նույն կերպ էլ չպետք է հարսանիքի ժամանակ հնչող երաժշտությունը լսվի ֆիլհարմոնիկ դահլիճում կամ օպերայում:

Մենք պետք է կարողանանք բարձրարժեք երաժշտությունը առանձնացնել քաղաքային երաժշտությունից: Ամեն երաժշտություն պետք է հնչի իր տեղում: Եթե որեւէ մեկը ուզում է լսել թուրքապարսկական կլկլոցներ, մնացածը պատժված չպետք է լինեն դա լսելու: Չէ՞ որ ոչ բոլորի ականջին է հաճելի: Ուրեմն թող լինեն հատուկ տեղեր, որտեղ ցանկացողները կգնան ու կլսեն: Այն չպետք է հնչի հեռուստատեսությամբ կամ բարձրանուն համերգասրահներում:

Հեռուստատեսությամբ հիմա կարելի է տեսնել այնպիսի անիմաստ տեսահոլովակներ, որ ապշում ես դրանց անճաշակ ելեւէջումներից: Հասկանալի է, դրա համար փող են վերցնում, որ հեռարձակեն: Ախր, գոնե թող լավը ընտրեն,  թեկուզ ավելի մեծ գումարի դիմաց:

-Ի՞նչ կարող ենք անել, որ հայկական երաժշտության նախկին մաքրությունը հետ բերենք:

-Պետք է սկսենք դեռ դպրոցից: Ես համաձայն չեմ այն մտքին, որ դպրոցում պետք է երգեցողությունը սովորեցնել` սկսելով հոգեւոր երաժշտությունից: Երաժշտական դպրոցում կամ հատուկ ուղղվածություն ունեցող դպրոցում կարելի է սկսել հենց հոգեւոր երաժշտությունից: Սակայն սովորական հանրակրթական դպրոցում ոչ բոլոր երեխաներն են օժտված հատուկ ձայնային տվյալներով: Ես ավելի քան երեսուն տարի դպրոցում երգեցողություն եմ դասավանդել, եւ գիտեմ, որ նրանց համար դժվար է լինում միանգամից ընկալել ու կատարել հոգեւոր երգեր: Պետք է ավելի մատչելի ձեւեր ընտրել: Մենք 15 րոպե նկարում էինք երաժշտություն: Օրինակ Բախ կամ Բեթհովեն, Արամ Խաչատրյան, այսինքն` դասականներին նրանք սովորում էին նկարելով: Որպեսզի մենք կարողանանք դեռ դպրոցից ճիշտ երաժշտական ճաշակ ձեւավորել, պետք է ընտրենք մատուցման ճիշտ ձեւեր եւ նաեւ համապատասխան ոճեր դեռահասի համար: Եթե երգի մեջ կա սխալ շեշտեր, հայկականը կորում է:

Թաթուլ Ալթունյանի երգի պարի անսամբլն ուներ չտեսնված երգեր` ավելի քան 500 երգ… Ո՞ւր են դրանք, ինչո՞ւ չեն հնչում: Ինչքան շատ հնչի մեր իրական հայկական երաժշտությունը, այքան ավելի շուտ կմաքրվի ժողովրդի ականջն անորակ երաժշտությունից:

Scroll Up