Պերմի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցը 17 տարեկան է

Փետրվարի 9-ին լրացավ 2002 թվականին հիմնադրված ՌԴ Պերմի երկրամասի Մեսրոպ Մաշտոցի անվան կրթօջախի գործունեության 17-րդ տարին:

Ամփոփելով դպրոցի կատարած աշխատանքները՝ դպրոցի տնօրեն Ժասմենա Հայրապետյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ կայացման բավականին լուրջ և հետաքրքիր ճանապարհ անցած իրենց կրթօջախը շնորհիվ անձնուրաց աշխատանքի՝ արդեն պատմություն է կերտել և շարունակելու է հայապահպան իր առաքելությունը, քանի որ հարազատ հայրենիքի վերածված կրթօջախի գործունեությունը նվիրում է հային, Մայրենիին, մշակույթին և հայրենիքից հեռու հայ ինքնության պահպանմանը:

Ժասմենա Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսում են առաջիկա ամիսներին իրականացնել մի շարք տոնական միջոցառումներ, որոնք կեզրափակվեն մայիսի 5-ին կայանալիք  «Կռունկ» պարային համույթի համերգով:

Ի դեպ, միջոցառումներն իրականացվելու են ինչպես համայնքային, այնպես էլ մարզային և քաղաքային իշխանությունների օգնությամբ, որոնց ներկա են գտնվելու հայ համայնքի ղեկավարությունը, խորհրդի անդամները, մարզային և քաղաքային  տարբեր ազգերի հարցերով զբաղվող Կրթագիտական նախարարության պետը, աշխատակիցները, Պերմի երկրամասի մշակույթի նախարարը, նախարարության ներկայացուցիչը, կրթության նախարարության ներկայացուցիչը և տարբեր ազգերի համայնքների անդամները:

«Միջոցառումները և համերգները կյանքի են կոչվում յուրօրինակ ձևաչափով՝ ներառելով նաև տարբեր ազգերի ներկայացուցիչների: Իր գործունեությամբ անմասն չի մնում նաև Պերմի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունը, որը նախաձեռնել և իրականացրել է տեսահոլովակի նկարահանումը: Տեսահոլովակի միջոցով ներկայացվում է մի հայ փոքրիկի պատմություն, որն ապրելով օտար երկրում՝ սովորում և պահպանում է իր ազգային ավանդույթները, հավատարիմ մնում հայոց լեզվին, հայի ոգուն ու ինքնությանը»,-նշեց Ժասմենա Հայրապետյանը՝ եզրափակիչ խոսքում շնորհավորելով դպրոցի բոլոր նվիրյալներին, բոլոր այն մարդկանց, որոնք կանգնած են կրթօջախի հիմնավորման ակունքներում՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները և բարձր պահելով Պերմի Մեսրոպյան դպրոցի փառքը:

Scroll Up