Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ Վենետիկի Սուրբ Մարկոս տաճարում

Փետրվարի 9-ի երեկոյան Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարում Մխիթարյան Միաբանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Արևմուտքի, Հայաստանի և Վենետիկի ներդաշնակության ուղիներով» խորագրով համերգ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին:

Ողջույնի խոսքով միջոցառումը բացել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը: Վերջինս գոհունակության խոսքեր է հայտնել Վենետիկի պատրիարքին, որը ներկա էր միջոցառմանը, ապա մի քանի բառով ներկայացրել է համերգային ծրագիրը:

Ինչպես « հայտնում է Հայաստանի Մխիթարյան կենտրոնի փոխտնօրեն Հայր Գևորգ վարդապետ Սարգսյանը, երգացանկը կատարվել է Վարեզի կամերային երգչախմբի կողմից, ղեկավար՝ Գաբրիել Կոնտի, մասնակցել են նաև դուդուկահար Արամ Իփեքջյանը և երգեհոնահար Ջովաննի Մազզան:

Համերգը բաղկացած էր 15 կտորից՝ երգչախմբային և երաժշտական: Հնչել է հիմնականում հայկական երաժշտություն. Սուրբ Գրիգոր Նարեկացի, որը 2015 թվականին հռչակվեց Համընդհանուր եկեղեցու դոկտոր, Եկմալյան, Կոմիտաս Վարդապետ:

Միջոցառման ավարտին Վենետիկի պատրիարքը երախտագիտության և ողջույնի խոսքեր է ասել՝ երաժշտական ​​իրադարձությունը կոչելով ո´չ թե պարզապես համերգ, այլ հոգևոր բարձրության և ինտենսիվ վերափոխման պահ:

Համերգին ներկա էր շուրջ 300 մարդ, որոնք համերգից հետո հուզական զգացումներով են հեռացել Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարից։

 

Scroll Up