Ուխտագնացություն Մադրասի Սուրբ Աստվածածին հայոց եկեղեցի. տեսանյութ

Փետրվարի 9-ին Հնդկաստանի Չեննայ քաղաքի (Մադրաս) Սուրբ Աստվածածին հայոց եկեղեցում մատուցվեց ուխտի սուրբ և անմահ Պատարագ՝ ձեռամբ Արժանապատիվ Տ. Արծրուն քահանա Միքայելյանի: Հավարտ սուրբ Պատարագի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ եկեղեցու հարակից «Շմավոնյան» պարտեզում ամփոփված ննջեցյալների համար:

Արարողությանը ներկա էին Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, Մադրասում ապրող հայեր և հյուրեր:

Սուրբ Աստվածածին եկեղեցին ի սկզբանե կառուցվել է 1712 թ. հայկական հինավուրց գերեզմանատան տարածքում, սակայն այն վերակառուցվել ու ներկայիս տեսքն է ստացել 1772 թ. Շահամիր Շահամիրյանի (Սուլթանումյան) միջոցներով` իր վաղամեռ կնոջ հիշատակին: Եկեղեցին Կալկաթայի Հայոց եկեղեցու հիմնադրամի կողմից վերանորոգվել ապա վերաօծվել է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ձեռամբ 2008թ. նոյեմբերի 9-ին՝ Հնդկաստան կատարած հայրապետական այցի ժամանակ:


Scroll Up