Շվեյցարիայի Նոշատել քաղաքում հայկական հոգևոր և կրթամշակութային կենտրոն կբացվի

Շվեյցարիայի Նոշատել քաղաքում հայ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ փետրվարի 10-ին տեղի կունենա հոգևոր և կրթամշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, կենտրոնի նպատակը հոգևոր արժեքների, հայոց լեզվի և գրականության, հայ ժողովրդի պատմության, հայ ավանդական պարերի, երգ-երաժշտության ուսուցման, պահպանման ու տարածման միջոցով տեղի հայ զավակներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալն է, հայապահպանությունը, ինչպես նաև Շվեյցարիայի հայկական համայնքի տարածաշրջանի անդամներին համախմբելը: Նախատեսվում է նաև ամսվա մեջ մեկ-երկու անգամ Սբ. Պատարագի մատուցում՝ կենտրոնի սրահին կից գտնվող վարձակալած եկեղեցում:

Կենտրոնի բազմաժանր ծրագրերի շրջանակում առաջինը հայ ավանդական պարերի ուսուցումն ու պարային խմբի կազմավորումն է, որն իրականացնելու է պարուսույց, «Շավիղ» նախաձեռնության հիմնադիր-անդամ Հովան Դաշտոյանը:

Միջոցառմանը հրավիրված են Շվեյցարիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Վերջում կլինի հյուրասիրություն, պար և երաժշտություն:

Scroll Up