Ֆրանսահայ համայնքի ընթրիքին մասնակցելու է նախագահ Մակրոնը, քննարկվելու է արցախյան հիմնախնդիրը․ Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհուրդը փետրվարի 17-ին անցկացնելու է ֆրանսահայ համայնքի ընթրիք: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Ընթրիքին մասնակցելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ներկա են լինելու նաև Ֆրանսիայի կրթության նախարարը, Փարիզի քաղաքապետը, Փարիզյան շրջանի մարզպետը և տասնյակ պատգամավորներ և Սենատի անդամներ, հայտնի անձեր,- ասաց նա՝ հավելելով, որ ընթրիքին ներկա են լինելու բոլոր հայկական կազմակերպությունները, կլինեն նաև այլ համայնքներից՝ մուսուլմաններից, եզդիներից, հրեաներից, ասորիների ներկայացուցիչներ,- ընթրիքին մասնակցելու են նաև այլ երկրների շատ դեսպաններ՝ մոտ 480 մարդ»:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ համայնքի ամենամյա ընթրիքը շատ մեծ քաղաքական «ժամադրություն» է, որի ընթացքում կարողանում են բոլորին իրենց քաղաքական պատգամը փոխանցել: «Այս տարի մենք որոշել ենք կենտրոնացնել մեր պատգամն Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախության հարցի շուրջ, որպեսզի նախագահ Մակրոնը և բոլորն իմանան, որ սփյուռքը և ընդհանրապես հայ ժողովուրդը Արցախի ժողովրդի կողքին է: Սրա վրա մենք շեշտը պետք է դնենք լրջորեն»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը նշեց, որ հիմա իրենց դրական ազդակներ արցախյան հիմնախնդրի մասին չեն հասնում: «Այդ ազդակներն այն մասին են, որ կարող են զիջումներ լինել, որ բավականին շատ ճնշումներ են գործադրվում Հայաստանի վրա: Դժվար և մտահոգիչ լուրեր են հասնում մեզ, և մենք նկատում ենք, որ արդեն ժամանակն է ցույց տալու, որ հայ ժողովուրդը միասնական է Արցախի հարցի շուրջ, և այն համար մեկն է մեր առաջնահերթություններում»,- ասաց նա:

Նախագահ Մակրոնի հետ, ըստ Մուրադ Փափազյանի,  արդեն քննարկվել են ընթրիքի մանրամասները, թե ինչ թեմաներ են քննարկվելու: Նրանից համայնքի ակնկալիքն է, որ հայտարարի ապրիլի 24-ը Ֆրանսիայի օրացույցում պաշտոնական օր ներառելու մասին և նաև Ցեղասպանության ուրացման դեմ նոր օրենք ունենալու վերաբերյալ իր արձագանքը ներկայացնի:

«Երրորդ հարցը վերաբերում է Արցախին: Անշուշտ, ռուսական և ամերիկյան կողմերը ԵԱՀԿ համանախագահներ են, բայց մենք ուզում ենք, որ Ֆրանսիան ավելի ազդեցիկ դեր խաղա արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,- ասաց նա՝ նկատելով, որ Ֆրանսիայի  ազդեցության մեծացումը կարող է Հայաստանի համար դրական նպաստ բերել ԼՂ կարգավորման գործընթացում:

Խոսելով ֆրանսահայության և Հայաստանի հարաբերությունների մասին՝ նա նշեց, որ միշտ է օժանդակել Հայաստանի դիվանագիտությանը: «Մենք կապի մեջ ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ, աշխատում ենք Հայաստանի դեսպանության հետ, որ կարողանանք մեր դերը խաղալ Հայաստանի զարգացման գործում»,- ասաց նա:

Հայ համայնքի ընթրիքից հետո, Մուրադ Փափազյանի խոսքով, իրենց համար լավագույն արդյունքը կլինի այն, որ նախագահ Մակրոնը կատարի վերոնշյալ իրենց ցանկությունները: «Մենք նաև ցանկանում ենք, որ Ֆրանսիան ընդունի, որ որպես ԵԱՀԿ համանախագահ երկիր զենք չվաճառի Ադրբեջանին: Ֆրանսիան պետք է խուսափի Ադրբեջանին զենք վաճառելուց, որովհետև չենք կարող բացառել, որ ֆրանսիական զենքերը չեն օգտագործվի Արցախի ժողովրդի դեմ: Պետք է Մակրոնը նաև մեզ խոսք տա, որ Ֆրանսիան 2019 թվականին ամեն ինչ կանի, որ խաղաղություն հաստավի Արցախում, և Արցախի ժողովրդի անվտանգություն ապահովվի, Արցախի ճանաչումը, անկախությունը դառնան օրակարգի կարևոր մաս»,- ասաց նա:

Scroll Up