Ինդիրա Գանդի, Լեոնիդ Բրեժնև, Բելգիայի Ֆիլիպ թագավոր. Մատենադարան այցելած առաջին դեմքերը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան այցելությունները տարեցտարի ավելանում են: Եթե 2017 թվականին Մատենադարան այցելությունների թիվը եղել է 108 հազար, ապա 2018-ին՝ կազմել է 112 հազար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ այցելությունների աշխարհագրությունը նույնպես մեծանում է:

«Արցախի մեր մասնաճյուղում էլ 15 հազարից ավելի այցելու է եղել 2018 թվականի ընթացքում: Այցելությունների առումով արդյունքներից գոհ ենք: Ավելացել են Չինաստանից, Կորեայից, Ֆիլիպիններից այցելությունները: Նախկինում այս երկրներից այցելողներ չկային կամ շատ քիչ էին: Ակտիվ են գերմանացիները, իտալացիները, այցելուների թվում մեծ տեղ է զբաղեցնում Ռուսաստանը: Գալիս են և՛ խմբերով, և՛ անհատապես: Բավական մեծ թվով այցելություններ եղան Ֆրանկոֆոնիայի օրերին: Մենք նախաձեռնել էինք «Հայաստան-Ֆրանսիա դարավոր կապեր» ցուցադրությունը, դրան նվիրված գրքույկ, ինչպես նաև մանրանկարչությանը նվիրված պատկերագիրք հրատարակվեց»,-ասաց Վահան Տեր Ղևոնդյանը:

Մատենադարանում զբոսավարները աշխատում են 7 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն: Անհրաժեշտության դեպքում, ներգրավվում են նաև այն գիտաշխատողները, ովքեր տիրապետում են պարսկերենին, արաբերենին, հունգարերենին, լեհերենին:

Մատենադարան այցելուների թվում հատուկ տեղ են զբաղեցնում տարբեր երկրների պատվիրակությունները, առաջին դեմքերը: 2018 թվականն այդ առումով ակտիվ էր: Մատենադարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այցելուների թվում են եղել Թայլանդի թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, Բելգիայի թագավորը Ֆիլիպն իր ընտանիքի հետ և այլք:

«Անսպասելի էր Բելգիայի թագավորի և նրա ընտանիքի այցելությունը: Սովորաբար պատվիրակությունների այցի դեպքում մեզ նախապես զգուշացնում են, մենք պատրաստվում ենք, սակայն իրենց դեպքում այդպես չեղավ, հանկարծակի եկան: Քանի որ այցը մասնավոր էր, ոչ պաշտոնական, հետևաբար մենք այցից մի քանի րոպե առաջ իմացանք: Ասեմ, որ նրանք շատ տպավորված էին»,-ասաց Աիդա Չարխչյանը:

2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում (հոկտեմբերի 11-12) Մատենադարան այցելել են նաև ֆրանսախոս երկրների նախագահների կանայք, եղել են պատվիրակություններ «Եվրասիական շաբաթ»-ի շրջանակում: Աիդա Չարխչյանը նշեց, որ տարեկան միջինը 10 պատվիրակություններ, առաջին դեմքեր են այցելում:

«Պաշտոնական այցերի դեպքում նախապես պատրաստվում ենք, հստակեցնում ենք զբոսավարի լեզուն, ժամանակը, թե որքան են մնալու: Ինչ վերաբերում է ցուցադրությանը, ապա այդտեղ փոփոխություններ չենք կատարում: Բովանդակային առումով ներկայացվում է այն, ինչ այդ պահին ցուցասրահներում ցուցադրված է»,-ասաց նա: Մատենադարանն ունի մատյան, որտեղ այցելուները կիսվում են իրենց տպավորություններով: Աիդա Չարխչյանը, ով մի քանի տասնամյակ աշխատում է Մատենադարանում, նկատեց, որ բոլորը հիացած են հեռանում Մատենադարանից՝ բարձր գնահատելով եղած հարստությունը:

Տարբեր ժամանակներում Մատենադարան այցելել են բազմաթիվ առաջին դեմքեր, որոնց թվում է Ինդիրա Գանդին, Լեոնիդ Բրեժնևը, Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզը և այլք:

Scroll Up