Հասմիկ Պապյանի մասնակցությամբ բարեգործական համերգի հասույթը կտրամադրվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին

Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ելույթ է ունենալու «Հայ երաժշտության» 10-րդ հոբելյանական փառատոնին, որը նվիրվում է մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։

«Սիրելի հայրենակիցներ, սիրով համաձայնել եմ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի հրավերին՝ իմ մասնակցությունը բերել «Հայ երաժշտության» 10-րդ հոբելյանական փառատոնին, որը նվիրվում է մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին: Համերգը բարեգործական է, հասույթը տրամադրվելու է «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին:
Ապրիլյան պատերազմի վերքերը դեռ չեն ամոքվել…Հիշում ենք և խոնարհվում…»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հ. Պապյանը։

Համերգը կայանալու է փետրվարի 20-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգին հնչելու է Կոմիտաս, Արմեն Տիգրանյան, Տիգրան Չուխաջյան, Ավետ Տերտերյան, Ղազարոս Սարյան, Էդգար Հովհաննիսյան, Անդրեյ Բաբաև, Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան, Առնո Բաբաջանյան, Արտեմի Այվազյան, Պետրոս Շուժունյան։ Համերգը ղեկավարելու է դիրիժոր  Սերգեյ Սմբատյանը։

Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամի ստեղծման մասին հայտարարել էր նրա մայրը՝ տիկին Համեստը։

«Սրբացած մեր տղաների հիշատակը հավերժ խոնարհումով պահելու համար հիմնել եմ հերոս որդուս՝ Արմեն Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամը, որի խորհրդանիշ պատկերն աղավնիներն  են՝ ի նշան խաղաղության ավետիս»,- ասել էր նա։

Scroll Up