Ավստրիայի հայկական դպրոցի սաների նվերը Վանաձորի մանկատան երեխաներին

Ավստրիայի Իննսբրուկ քաղաքի հայկական համայնքի (նախագահ՝ Թամարա Բաղդասարյան)  հայ կանանց նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվեց  բարեգործական  հերթական ծրագիրը:

Իննսբրուկի հայկական մեկօրյա դպրոցի սաներն ամանորյա նվերներ էին պատրաստել  «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի  35 երեխայի համար: «Նման ձեռնարկների նպատակը Սփյուռքում ապրող հայ երեխաների բարոյական դաստիարակությունն է, նրանց մեջ մարդասիրության, բարության, համախմբվածության, ընկերասիրության զարգացումն ու խորացումը, ինչպես նաև Հայաստանում ապրող երեխաների հետ կապ հաստատելու, նրանց ժպիտ պարգևելու ցանկության ձևավորումն ու ամրապնդումը»-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասել է Թամարա Բաղդասարյանը:

Հունվարի 29-ին Իննսբրուկ քաղաքի մեկօրյա դպրոցի ուսուցչուհի Վարդուհի Խալափյանը և Սփյուռքի նախարարության աշխատակիցները, նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երեմ Սիմոնյանի գլխավորությամբ, այցելեցին Վանաձորի մանկատուն: Նրանք նախ շրջայց կատարեցին  հաստատության շենքում՝ ծանոթանալով երեխաների կենցաղային պայմաններին և առօրյային:

Այնուհետև դահլիճում հյուրերին դիմավորեցին մանկատան սաները՝ ողջունելով նրանց համերգային գեղեցիկ ծրագրով: Ավարտին ողջյունի խոսքով հանդես եկան մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը և Սփյուռքի նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երեմ Սիմոնյանը:

Վերջում մանկատան սաներին հանձնվեցին նվերները:

Scroll Up