«Հայ-ամերիկյան բժշկական առաքելության» նվերը Աշտարակի բժշկական կենտրոնին

Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով ստեղծված «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի շրջանակներում հունվարի 24-ին «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին է նվիրաբերվել սառնարան և գերժամանակակից ախտորոշիչ լաբորատոր սարքավորում:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Արագածոտնի մարզպետարանի կայք-էջին, հայտնում է, որ այսուհետ նմուշների ջերմային պահպանման ստանդարտները չեն խախտվի, լաբորատոր հետազոտությունները կկատարվեն առավել մասնագիտացված, արդյունքները կլինեն ստույգ:

 «Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել Աշտարակի տարածաշրջանի մանկապարտեզներում և դպրոցներում առաջին բուժօգնության պատշաճ ցուցաբերման համար նշված ուսումնական հաստատությունների բուժկետերին նվիրաբերել անհրաժեշտ պարագաներ:

Հիվանդանոցին ցուցաբերած աջակցության համար ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել բարերարներին, ծրագրի ներկայացուցիչ Դանիել Գևորգյանի, բժշկական պարագաների ներմուծմամբ զբաղվող «Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանի և «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Հովհաննիսյանի հետ շրջել է հիվանդանոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

 Քննարկվել են հիվանդանոցի բարեկարգման, վերազինման և առաջիկա համագործակցության ծրագրերը:

Scroll Up