Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակաբաշխություն Վրաստանում

Վիրահայերի միության նախաձեռնությամբ Վրաստանի Արդարադատության նախարարության ազգային արխիվի կինոսրահում հունվարի 15-ին տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի անվան ավանդական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Վիրահայերի միության ղեկավար Մարի Առաքելովան, 2018 թվականի դեկտեմբերին հայտարարվել էր Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթի մեկնարկը և ընտրվել էր 19 մասնակից: Ժյուրիի որոշմամբ հաղթող է ճանաչվել Սոփիո Քիզիղուրաշվիլին՝ «Մեդուզաների պարը» աշխատանքի, երկրորդ տեղը զբաղեցրել է Յուլա Չադունելին՝ «Պոետի մուսան» և երրորդ տեղը՝ Հրաչիկ Մերիշավյանը՝ «Փարաջանովի թռիչքը դեպի անհուն» աշխատանքների համար:

Հանդիսավոր արարողության ժամանակ ցուցադրվել է Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» ֆիլմը: Միջոցառմանը ներկա է գտնվել Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դալգովը, առաջին խորհրդական Տատյանա Կովպակը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին խոհրդական Արթուր Սարգսյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Հայաստանից՝ Իդա Մարությանը, Երևանի Երիտասարդական կենտրոնի ղեկավար Նարե Արամյանը, նկարիչ Գագիկ Դիլաքյանը՝ Նյու-Յորքից, որն իր աշխատանքը նվիրաբերեց մրցույթին:

Ներկա էր նաև միջոցառմանը ցուցադրված ֆիլմի ձայնային ռեժիսոր Միխայիլ Ինասարիձեն:

Վիրահայերի միությունն առանձնահատուկ շնորհակալութուն է հայտնում Վրաստանի ազգային արխիվին՝ համագործակցության և աջակցության համար, Վրաստանի նկարչական ակադեմիային, Իլիայի Պետ համալսարանին և Վրաստանում ՀՀ դեսպանությանը:

Scroll Up