Սիրիահայերը տեղեկատվություն կստանան «Մեկ պատուհան» սկզբունքով

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Հայկական կարիտաս»-ի, Ավստրիական կարմիր խաչի, Հայկական կարմիր խաչի, ՓՄՁ համագործակցության ընկերակցության հետ առաջիկայում «Սիրիահայերի և տեղացիների դիմակայության բարձրացում» ծրագրի շրջանակներում Հայաստանում հաստատված սիրիահայերի համար տեղեկատվական նոր ծրագիր են իրականացնելու:

Ինչպես «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահ Ջորջ Բարսեղյանը, այս նախաձեռնության նպատակն է սիրիահայերին հնարավորություն ստեղծել մեկ պատուհանի սկզբունքով տեղեկանալ Հայաստանում պետական կառույցների, միջազգային, հասարակական կազմակերպությունների կողմից իրենց ուղղված ծրագրերը:

«Կենտրոնը մանրամասն հավաքագրելու է յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն, որոնց մասին սիրիահայ ընտանիքներին տեղեկացնելու ենք Սփյուռքի նախարարության կայք-էջի և համապատասխան գրքույկների միջոցով (հավելենք միայն, որ այս պահին տեղեկատվությունը հասանելի է նախարարության համապատասխան էջում- Հ.Ա): Դրանք սիրիահայերին բաժանելուց բացի, նաև կուղղորդենք և խորհրդատվություն կտանք նրանց»,-ընդգծեց Ջորջ Բարսեղյանը՝ հավելելով, որ շուտով գրքույկները տպարանից իրենց մոտ կլինեն և կկարողանան կազմակերպել բաժանման գործընթացը:

Հավելենք, որ սույն հրատարակությունը տպագրվել է «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում։  «Իրիս» ծրագրի նպատակն է ունենալ ներդրում Ինտեգրացիայի ազգային քաղաքականության մեջ, որն ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ ամբողջական պաշտպանության և ինտեգրման միջոցով:

 Ծրագրի տևողությունը  2018թ-ի հուլիսից  2021թ-ը հունիսն է:

Ֆինանսավորողն է Եվրոպական միություն տարածաշրջանային Թրասթ Ֆոնդը՝ «Մադադ», Ավստրիական զարգացման համագործակցությունը և Ավստրիական կարմիր խաչը:

Scroll Up