Ինձ համար կարևոր է հետք թողնել իմ նախնիների հողի վրա. ֆրանսաբնակ հայ նկարիչ

2019 թվականի ամռանը Երևանում սպասվելիք ցուցահանդեսին ընդառաջ «Հայերն այսօր»-ը ներկայացնում է հարցազրույց՝ հայազգի ֆրանսաբնակ արվեստագետ Արթուր Ջորուխյանի հետ։

Արթուր Ջորուխյանը հայ և ռուս ծնողների զավակ է: Արդեն երեսուն տարի է՝ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում։ Նրա հետաքրքրություններն ի սկզբանե, այսպես կոչված, պոպ արտիստական էին, ուստի վաղ շրջանում նրա արվեստում կարելի է տեսնել մարդկանց՝ բնության մեջ թողած ավելցուկների պատկերները՝ ստվարաթղթեր, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր և այլն։ Այս որոնումները հանգեցրին նրան իր հիմնական թեմային և նշանավորեցին աբստրակտ էքսպրեսիոնիստական փուլի մեկնարկը, որը նա սկսեց նաֆթի բարրելների շարքով։ Նաֆթի և բարրելի աբստրակտ պատկերումը նկարչի արվեստում, զրույց է մարդկության և ժամանակակից կյանքի ունայնության մասին։

Արթուր Ջորուխյանի ստեղծագործությունները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Բելգիայում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում (Նյու Յորք),  շուտով նաև կներկայացվեն Հայաստանում։

Գայանե։ Արթո´ւր, յուրաքանչյուր նկարչի և, առհասարակ, անձի ձևավորման մեջ մեծ ու կարևոր տեղ է գրավում մանկությունը։ Մի փոքր պատմեք Ձեր մանկության մասին. ինչպիսի՞ երեխա էիք դուք։

Արթուր։ Մինչև 15 տարեկան ապրել եմ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդում գտնվող Դերժինսկի քաղաքում։ Այդ քաղաքը վտանգավոր էր և ինչ-որ չափով գաղտնի՝ իր ռազմական և քիմիական գործարանների առկայության պատճառով։ Շատ վաղ հասակում սկսեցի հմտացնել նկարչական ունակություններս, ինձ դուր էր գալիս և՛ նմանակելը և՛ երևակայությամբ նկարելը։ Դեռ մանկուց ինձ դպրոցում ներգրավում էին բոլոր այն իրադարձություններում, որտեղ պատկերազարդող էր անհրաժեշտ. Ֆրեսկաներ, դեկորացիաներ և այլն։ Մայրս նկատելով նկարչական հակումներս՝ ինձ տարավ Դերժինսկիի գեղարվեստի դպրոցը, որտեղ բախտ եմ ունեցել ունենալ շատ ուշադիր և բանիմաց ուսուցիչներ։ Շատ շփվող երեխա էի, զբաղվում էի սպորտով և բավականին վճռական էի, ինչն էլ ինձ մղեց, որ միշտ փորձեմ լավը լինել կյանքում և աշխատանքում։

Գ։ Ինչպե՞ս սկսվեց այդ մեծ հետաքրքրությունը նկարչության հանդեպ, ե՞րբ զգացիք, որ արդեն ունեք կոնկրետ ձևավորված գեղարվեստական ճաշակ։

Արթուր։ Իրապես գեղարվեստական ճաշակ ձևավորեցի, երբ ընդունվեցի Վլադիմիրյան շրջանի Սուզդալի նկարչական ռեստավրացիոն կրթական կենտրոն։ Այդ հնամենի քաղաքը միջնադարում եղել է հին Ռուսիայի մայրաքաղաքը և հոգևոր կենտրոններից մեկը։ Քաղաքի ճարտարապետական միասնությունն ու գեղեցկությունն ինձ շատ էր ոգեշնչում և ես շատ ժամանակ էի անցկացնում Սուզդալում. պարզապես քայլում էի փողոցներով։ Սուզդալում ստացած կրթությունն իմ առաջ բացեց գեղարվեստական նոր ձևեր, և ես ուսումնասիրեցի միջնադարյան սրբապատկերների պատկերագրությունը, արևմտյան քանդակն ու գեղանկարչությունը և այլն։

Սուզդալի նկարչական ռեստավրացիոն կրթական կենտրոնը միջազգային հաստատություն էր, որտեղ սովորում էին հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ, Բալթյան երկրներից ուսանողներ, և մենք փոխանակվում էինք նաև մեր մշակույթներից ժառանգած իմացություններով։ Տարաբնույթ մշակութային այդ կրթոջախում ես հարստացրի իմ նկարչական կարողություններն ու մտահորիզոնը։

Գ։ Պատմեք Ձեր ծնողների մասին, ինչո՞վ են զբաղվել, երբ դուք դեռ նրանց խնամակալության տակ էիք։

Արթուր։ Հայրս՝ Նապոլեոն Գալուստի Ջորուխյանը, եղել է շինարար-վարպետ, իսկ մայրս՝ Ալբինա Նիկոլային, եղել է ներկարար-նկարիչ՝ շինհրապարակում, իսկ հետո Դերժինսկիի Քիմիական գործարանի աշխատակցուհի։

Հայրս ազգությամբ հայ է: Նրա ընտանիքը Ցեղասպանության ժամանակ աքսորվել է Էրզրումից և հաստատվել Վրաստանի Խաչկովի շրջանում։

Մայրս ծնվել է Ռուսաստանում և դաստիարակվել մանկատանը։ Կոմունիստները պապիս բանտարկել են և ուղարկել ԳՈՒԼԱԳ (ռուսերենից թարգմանաբար՝ Ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչություն), հնարավոր է նրա համար, որ մեծ հողատեր է եղել և ունեցել է խոշոր եղջերավոր անասունների ֆերմա։ Իսկ տատս շատ հիվանդ է եղել և չի կարողացել խնամել երեխաներին։ Թերևս այդ պատճառով էլ մայր հայնտվել է մանկատանը։

Մենք շատ աղքատ էին ապրում, ինչպես և այդ ժամանակների շատ աշխատավոր ընտանիքներ։ Ես ստիպված էի շատ վաղ տարիքից աշխատել ընտանիքիս օգնելու և անկախ լինելու համար։

Գ։ Ի՞նչ առավելություններ և դժվարություններ են եղել ընտանիքում, որտեղ ծնողները տարբեր մշակույթների կրողն են, ինչպես է դա անրադարձել Ձեզ վրա։

Արթուր։ Մանկուց ես սովորել եմ հայկական ավանդույթները և մշակույթը, ամեն ամառ մենք գնում էինք Խաչկով՝ տատիկիս տուն։ Նա ապրում էր հայկական գյուղում, որտեղ բոլորը իրար ճանաչում էին և խոսում էին հայերեն։ Ես իմ հայ բարեկամների երեխաների հետ խաղում էի, մասնակցում հայկական հարսանիքների, ընթիքների և երեկույթների։ Ինձ հաճախ պատմում էին մեր ընտանիքի ծագման, ազգանվան պատմությունը, և հենց այդպես էլ ես աստիճանաբար գիտակցում էի իմ հայկական ինքնությունը։

Տարվա մնացած եղանակներին ապրում էի Ռուսաստանում և խոսում ռուսերեն։ Իսկ մայրս ինձ դաստիրակելով՝ սովորեցնում էր հանդուրժողականություն, աշխատասիրություն, հարգանք քաղաքական հեղինակությունների հանդեպ, իսկ հայրս ինձ փոխանցել է յուրօրինակ մեղմություն և բարություն մարդկանց նկատմամբ։

Լինելով երեխա, այնուհետև՝ պատանի, ես փնտրում էի իմ ես-ը (էությունը), ես չէի խոսում հայերեն (ընդամենը մի քանի բառ գիտեմ), թեև մի քիչ հասկանում էի, իսկ դպրոցում, ռուսական միջավայրի մեջ ինձ ծաղրում էին իմ ծագման համար։ Սովետական շրջանում Դերժինսկը հիմնականում բնակեցված էր սլավոնացիներով, իսկ խառն ամուսնությունները շատ հազվադեպ և անընդունելի երևույթ էր, կար ուժեղ արտահայտված ռասիզմի դրսևորումներ։ Բացի այս ամենը, մեր ընտանիքը քիչ ուներ ռուս բարեկամներ, ծնողներս հիմնականում շփվում էին հայերի, ադրբեջանցիների և թաթարների հետ։ Այդ ժամանակ ես այս ամենը ուժեղ չէի գիտակցում, բայց ամեն օր առերեսվում էի դրա հետ։ Ի հակադրումն դրա, Սուզդալի միջմշակութային կրթօջախն ինձ թույլ տվեց հպարտանալ իմ՝ այսպես ասած երկակի ծագմամբ։

Գ։ Պատմեք Ձեր գեղարվեստական հետաքրությունների և գործունեության մասին։

Արթուր։ Սուզդալի ռեստավրացիոն կենտրոնը մաքուր տեխնիկական գիտելիքներ տվեց՝ լույս, ստվեր, ծավալ, ֆորմա, գունային հարաբերություններ, այնտեղ ես ուսումնասիրեցի հին վարպետների տեխնիկաները և փիլիսոփայությունը։ Մինչ անկախ նկարիչ դառնալը ես տաս տարի աշխատել եմ Ֆրանսիայում՝ որպես կտավների վերականգնող-ռեստավրատոր։ Այդ տարիներին ազատ ժամանակ ես նկարում էի նատյուրմորտներ, բնանկարներ, ծովանկարներ և դասական սյուժեներով ստեղծագործություններ։ 2004 թվականից ես վճռեցի դադարեցնել ռեստավրատորի իմ աշխատանքը և ուղիղ մեկ տարի առանձնացա արվեստանոցումս։ Հաջորդ տարի բացվեց իմ հեղինակած ստեղծագործությունների առաջին ցուցահանդեսը Գերմանիայում, այնուհետև՝ Ֆրանսիայում: Այդպես սկսվեց իմ ստեղծագործական միջազգային գործունեությունը։

Գ։ Արթո´ւր, դուք այժմ ապրում եք Ֆրանսիայում, ի՞նչը Ձեզ տարավ Ֆրանսիա, շարունակելո՞ւ եք մնալ այնտեղ, թե՞ տեղափոխվելու միտք ունեք։

Արթուր։ Սուզդալում սովորելու տարիներին ես ծանոթացա ֆրանսիացի մի ուսանողի հետ, ով ռուսերեն լեզու էր ուսումնասիրում Ֆրանսիայում։ Մենք ընկերացանք, և նա ինձ հրավիրեց Փարիզ, այնուհետև` Պուտյե։ Երկու տարում ես Ֆրանսիական համալսարանում սովորեցի ֆրանսերեն, այնուհետև ձեռք բերեցի աշխատանքային պայմանագիր արվեստի նմուշների ռեստավրացիոն մի ընկերությունում։

Ամենից առաջ ես սիրում եմ ճամփորդել և այդ շրջանում իրականացրի շատ ճամփորդություններ, բայց միշտ հաճելի է վերադառնալ քո արմատներին՝ Հայաստան, Ռուսաստան և երրորդ հայրենիք դարձած Ֆրանսիա։

Գ։ Կհիշե՞ք Ձեր առաջին նկարները, մինչև աբստրակցիային անցնելը, ո՞ր ուղղություններով կամ ժանրերով եք հետաքրքրված եղել։

Արթուր։ Երկու տարի շարունակ ես ուսումնասիրում և ստեղծագործում էի նատյուրմորտի ժանրում։ Հետո սկսեցի հին իրերով ստանալ որոշակի կոմպոզիցիաներ և դրանց պատկերներով պատմել ժամանակակից կյանքի մասին։ Հաջորդ էտապի ստեղծագործական որոնումներն ինձ տարան արդյունաբերական ապրանքների պատկերմանը. pլաստիկ շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, տարատեսակ տուփեր և այլն։ Ինձ դուր են գալիս արդյունաբերական նյութերը և այն թե ինչ են նրանք փոխանցում մեր հիպերինդուստրիալ հասարակության մասին։ Մարդկության մասին խոսելու փոխարեն, ես նախընտրում եմ հետաքրքրվել առարկաներով, չնայած իմ Նյու Յորքյան շրջանում նկարում էի բացառապես մարդկանց։

Գ։ Ի՞նչ կոնցեպտ է ընկած Ձեր վերջին շրջանի աշխատանքների հիմքում։

Արթուր։ Ֆիգուրատիվ աբստրակցիա, այսպես եմ ես անվանում այն ուղղությունը, որին որ հարում են իմ աշխատանքները։ Մաքուր աբստրակցիա, ինչպես որ Ռոտկոյի, Պոլլոքի կամ Հանսի մոտ:  Ինձ նույնպես գրավում է վրձնի ինքնաբուխ շարժումն ու զգայական պատկերի անակնկալ հայտնությունը կտավի վրա։ Բայց այն, ինչը ես եմ փնտրում, ամենից առաջ հանդիսանում է պայմանական պատկերների ներկայացում կամ ձևերի փոխհարաբերություն, որը մղում է դիտողին կասկածի տակ դնել այդ նյութերի կենցաղային նշանակությունը։ Լույսը և գույնը՝ պատկերի գեղեցկության առաջին նախապայմանն են, դրանք միջոց են առաջին հերթին գրավելու դիտողի ուշադրությունը, հետո նոր միայն փոխանցելու իմ հաղորդագրությունը։ Ես փորձում եմ հասնել մատերիային և բացահայտել դրա ամենախորը շերտերը։ Նաֆթի բարրելների, դրանց էսթետիկական և մեմորիալ ուժը պատկերող ստեղծագործություններից հետո, ես ուղղակի ուզում եմ պատկերել «էներգիան» իմ երևակայությամբ։ Այժմ ես ցանկանում եմ լիարժեք ազատվել առարկայականից, որպեսզի իրապես մոտենամ մատերիայի առաջացմանը, դրա սկզբնաղբյուրին։

Գ։ Ինպե՞ս է գնահատվում Ձեր արվեստը Ֆրանսիայում: Գիտեմ, որ համագործակցում եք մի քանի ցուցասրահների հետ: Պատմեք այդ մասին։

Արթուր։ Ֆրանսիայում ցուցադրվում եմ արդեն տասնհինգ տարի։ Ես արդեն ունեմ հավաքորդների մի ամուր ցանց, որոնք ամեն տարի համալրվում են և արդարացնում իրենց։ Ես պարբերաբար ցուցադրվում եմ Փարիզում. ի՞նչն է կարևոր նկարչի համար՝ ցուցասրահները։ Գալերիան կարևոր ինտերֆեյս է, որտեղ առերեսվում են հավաքորդն ու արվեստագետը։ Լավ գալերիստը կարող է բացատրել քո մոտեցումը և ընդգծել աշխատանքի փիլիսոփայական կողմը։ Որպեսզի հարաբերությունները լինեն էֆեկտիվ, երկու կողմերի համար էլ անհրաժեշտ է բարձր ինտելեկտի և վստահության առայությունը։

 

Գ։ Ի՞նչ տեխնիկայով եք ստեղծագործում, ինչպիսի՞ նյութեր կարելի է գտնել Ձեր արվեստանոցում։

Արթուր։ Հիմնականում օգտագործում եմ կտավի վրա ակրիլ, թղթի վրա՝ ջրաներկ, ածուխ կամ ակրիլ։ Գունային տոները ինքս եմ ստանում հիմնական գույներից։ Արվեստանոցումս կարելի է գտնել բոլոր չափերի վրձիններ, իմ ստեղծագործություններում էներգիա և շարժում ապահովելու համար դրանք բոլորն էլ ինձ պետք են գալիս։

Գ։ Որտեղից է գալիս Ձեր ստեղծագործական ներշնչանքը, ի՞նչը կարող է հրահրել նոր գործի ստեղծմանը։

Արթուր։ Բնությունը և նրա ծնած պատկերներն ինձ ոգեշնչում են այնպես, ինչպես նրա ամենահեղինակավոր ստեղծագործությունը՝ մարդը։ Ինձ շատ է հետաքրքրում մեր մոլորակի առաջացումը, տիեզերքը, քվանտային ֆիզիկան և երկրաչափության հիմուքները։ Տիեզերքի անսահման փոքրությունն ու անսահման մեծությունը ինձ անվերջ ոգեշնչում է։ Ոգեշնչումը անընդհատ զարգանում է կամ փոփոխվում, դրա հետ մեկտեղ պետք է անընդհատ փորձարկումներ (էքսպերիմենտներ) անել։

Ես նաև լուսանկարում եմ այն, ինչն ինձ շրջապատում է և գրավում՝ մարմիններ, առարկաներ այնպես, ինչպես գրողն է նշումներ անում իր օրագրում։

Գ։ Համաշխարհային արվեստի պատմությունից թվե՛ք երեք արվեստագետի անուն, որոնց կարող եք համարել Ձեր ուսուցիչը, եթե կան այդպիսիք։

Արթուր։ Ջերարդ Ռիխտեր՝ սա առաջին անունն է, որը ես կնշեի։ Ես աննկարագրելի մտերմություն եմ զգում իր արվեստի էվոլուցիայի հանդեպ, քանի որ ինքն ամենից առաջ հետազոտող է։ Ուժը և տպավորչությունը նրա արվեստի՝ գալիս է ձևերի և լուսաստվերի տիրապետման իր հմուտ վարպետությունից։ Ինձ դուր է գալիս գեղարվեստական մակերեսի իր արտահայտման ձևը Պյեր Սլաժի ոճով։ Ռիխտերը կարծես լույսը անցկացնում է ցանկացած հաստության միջով։

Հմայվում եմ նաև ֆրանսիացի 17-րդ դարի նկարիչ Պյեր Շարդենի արվեստով, նրա վրձնահարվածները թարմ են, վառ և լուսավոր։ Ինչպես նաև Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններով, և թե ինչպես է նա լույսն անցկացնում ջրի միջով։ Հովհաննես Այվազովսկին հայկական ծագմամբ անմահ արվեստագետ է, որը հանդիսանում է ծովային սյուժեների և ծովի արքա, ինչպես նրան կոչել էր ռուսական ցարը։

Գ։ Ծանո՞թ եք հայ արվեստին, կա՞ մի ստեղծագործող կամ ստեղծագործական դպրոց, որը կառանձնացնեիք հայ արվեստի պատմությունից։

Արթուր։ Իրանահայ նկարիչ Դավիթ Էդմունդյան՝ ծնված 1944 թվականին։ Մահացել է 2004-ին։ Հիմնականում նկարել է երևակայական ծառեր, որտեղ ես մեծապես գնահատում եմ գույների և լույսերի հզոր ծավալը։ Ես կնշեմ ևս մեկ ժամանակակից հեղինակի անուն՝ Գայ Թումանյան, որն ապրում է Ֆրանսիայում և երբեմն ցուցադրվում նաև Հայաստանում։ Ինքը բնանկարիչ է, գունաստվերային խաղեր սիրող արվեստագետներից։

Գ։ Շուտով դուք այցելելու եք Հայաստան, ո՞րն է Ձեր այցելության նպատակը։ Ի՞նչ զգացումներ ունեք Հայաստանի հետ կապված։

Արթուր։ 2018 թվականի ամռանը ես իրականացրի իմ առաջին այցը Հայաստան և դիմեցի քաղաքացիություն ստանալու համար։ Ինձ համար մեծ անհրաժեշտություն է մոտենալ իմ արմատներին և ես, իսկապես, շատ լավ էի զգում Երևանում։ Շատ եմ ցանկանում և կարևորում ցուցադրվել Երևանում։

Երևանյան առաջին ցուցահանդեսը, որը սպասվում է արդեն 2019 թվականի ամռանը, կլինի իմ անձնական ձեռքբերումը։ Հայաստանն իմ նախնիների երկիրն է, ես շատ կապված եմ դրան և այն ամենին, ինչն ինձ կապում է այդ հողի հետ։ Հորս ընտանիքը մեծ չարչարանքների է ենթարկվել Ցեղասպանության տարիներին: Ինձ միշտ ուղեկցելու է իմ ընտանիքի պատմության բաց թողնված մասը: Այդ պատճառով ինձ համար անչափ կարևոր է վառ պահել իմ նախնիների և այդ տարիներին կոտորված բոլոր հայերի հիշատակն, ու հետք թողնել իմ նախնիների հողի վրա։

Արվեստաբան Գայանե Հովհաննիսյան

Scroll Up