«Իմ թիկունքում զգացի շվեդահայերի աջակցությունը». Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր

2018 թվականի սեպտեմբեր 9-ին կայացած Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում շվեդահայ Արին Կարապետը ընտրվեց պատգամավոր: 

349 պատգամավորների թվում նա Ռիկսդագի միակ հայ պատգամավորն է:

Այս առիթով «Հայերն այսօր»-ը կապ է հաստատել մեր հայրենակցի հետ՝ զրուցելու նրա առաջիկա ծրագրերի և անելիքների շուրջ, ինչպես նաև շնորհավորելու ուրախալի լուրի համար:

-Արի՛ն, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավորների ընտրություններին:

– Մոտավորապես 12 տարի առաջ ընդգրկվեցի Մոդերեյթ կուսակցության երիտասարդական ասոցիացիայի կազմում, իսկ արդեն այս տարվա սեպտեմբեր ամսին ընտրվեցի Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր: Մեծանալով Շվեդիայի արվարձաններում՝ շվեդ հասարակությանն առնչվող շատ խնդիրներ տեսա: Դժվարությամբ եմ սովորել շվեդերենը, մեծացել եմ մորս խնամակալության ներքո, որն աշխատանք գտնելու խնդրին բազմիցս է բախվել: Հիշում եմ՝ աշխատավարձից աշխատավարձ էինք ապրում՝ չիմանալով կկարողանանք արդյոք կատարել բոլոր վճարումները:

Օտարազգի դասընկերներիցս շատերն իմ ճակատագիրն են ունեցել. ապավինել են, հիմնականում, միայնակ ծնողի ուշադրությանը և փոքր տարիքից դժվարությամբ են սովորել շվեդերենը: Այս հանգամանքը դպրոց գնալու առաջին օրվանից խոչընդոտ առաջացրեց մեզ համար, որտեղ շվեդերեն չիմանալը մի ծանր պայքարի վերածվեց: Շատ երեխաներ, որոնք այս պայքարին են առնչվում, կամ սոցիալական ապահովության կարիք են ունենում, կամ փողոցային խմբավորումների մասնակից դառնում:

Ես զգացի, որ ինձ նման երեխաները կյանքում և դպրոցում հաջողելու համար պետք է հասարակության կողմից խնդրահարույց մարդ դիտարկվելու փոխարեն խրախուսվեն, ունենան մեծ ակնկալիքներ և հստակ տեսլական:

Երբ հասարակությունն ունենա մեծ սպասելիքներ փախստական երեխաներից և նրանց տա հնարավորություն՝ հավուր պատշաճի սովորելու շվեդերենը նախադպրոցական տարիքում, ապա, անկասկած, այդ երեխաները ապագայում բարձունքների կհասնեն: Ես մտա քաղաքականություն՝ իրականության մեջ ինչ-ինչ երևույթներ դեպի լավը փոխելու ցանկությամբ:

-Ընտրություններին հայ այլ թեկնածուներ կա՞յին առաջադրված:

-Այո՛, տեղական ինքնակառավարման, քաղաքային ու տարածաշրջանային ընտրություններում հայ թեկնածուներ կային առաջադրված, բայց որքան տեղյակ եմ` Խորհրդարանում միակ հայ պատգամավորը ես եմ:

-Ո՞րն է լինելու Ձեր գործունեության հիմնական առանցքը, ո՞րն է Ձեր տեսլականը:

– Իմ թիրախային խնդիրը միգրացիայի և ինտեգրման խնդիրն է: Նորից կրկնեմ՝ հասարակությունը պետք է շատ ակնկալիքներ ունենա փախստական ծնողներ ունեցող երեխաներից: Նրանց պետք է տրվի ավելի լավ պայմաններ` հաջողության հասնելու համար: Միգրացիոն քաղաքականությունը Շվեդիայում այդքան էլ կայուն չէ. 2015 թվականի ցուցանիշներով Շվեդիա եկել են շուրջ 160.000 փախստական: Եթե համեմատենք Դանիայի և Ֆրանսիայի հետ, ապա Դանիայում` 20.000, իսկ Ֆրանսիայում՝ 70.000 փախստական է հաստատվել: Այսինքն, Ֆրանսիայի տվյալները մոտ յոթ անգամ գերազանցում են Շվեդիայի տվյալներին:

Այս ամենը ստեղծում է հսկայական սոցիալական մարտահրավեր, որը պետք է լուծենք առաջիկա տասնամյակներում: Բայց, նախևառաջ, անհրաժեշտ է ունենալ պատասխանատու և կարգավորված միգրացիոն քաղաքականություն:

– Շվեդահայ համայնքի արձագանքն ինչպիսի՞ն էր այս լուրը լսելուց հետո:

-Միանշանակ դրական և ողջունելի էր արձագանքը շվեդահայ համայնքում: Առհասարակ, շատ բարձր եմ գնահատում համայնքի իմ հայրենակիցներին և նրանց անկեղծ աջակցությունը, որը զգացի իմ թիկունքում: Նույնիսկ այն մարդկանցից, որոնց երբեք չէի տեսել, շնորհավորական նամակներ և բարեմաղթանքներ ստացա: Շվեդահայերի աջակցույունը ջերմացնում է սիրտս:

-Որքանո՞վ էիք հետևում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին: Թավշյա հեղափոխության օրերին բախտ վիճակվե՞ց լինել Հայաստանում:

– Իհարկե, միշտ հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, ամբողջապես իրազեկված եմ երկրի մարտահրավերներին և խնդիրներին:

Թավշյա հեղափոխության ընթացքում եկա Երևան՝ հետևելու իրադարձություններին և զգալու այն մթնոլորտը, որը տիրում էր ամբողջ Հայաստանում: Մեծ հույսեր ունեմ Հայաստանի ապագայի հանդեպ: Հուսով եմ` դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական թափանցիկ արտահերթ ընտրությունը կփաստի իրական ժողովրդավարության հաստատումը Հայաստանում, որտեղ ազատությունն ու քաղաքացիների իրավունքը պարզապես լոկ խոսքեր չեն մնա թղթի վրա և մերկապարանոց չեն հնչի:

Կոռուպցիայի դեմ պայքարը հավասարապես կարևոր է առողջ ժողովրդավարություն ունենալու համար: Մեկընդմիշտ հիշենք, որ ոչ ոք բարձր չէ օրենքից, և կառավարությունը պետք է աշխատի` ժողովրդի բարօրության համար: Այլ ճանապարհ չեմ տեսնում:

Գևորգ Չիչյան

Scroll Up