Տեղի կունենա «ՆերՈւժ» սփյուռքի երիտասարդների ստարտափ ծրագրի մեկնարկը

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա սփյուռքի նախարարության «ՆերՈւժ» ծրագրի մեկնարկը:

Ծրագրի բացմանը ներկա կգտնվեն ՀՀ կառավարության անդամները, IT ոլորտի ու  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,  գործարարներ:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, սփյուռքի նախարար պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը և  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

«ՆերՈւժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը նախատեսված է սփյուռքի 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Այն բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաև մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու և դրանք իրագործելու համար:

Ծրագրին մասնակցում են մոտ 70 սթարթափերներ, որոնցից  50-ը՝ սփյուռքից: Այն կանցկացվի Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2018 թվականի դեկտեմբերի 17-ից 21-ը:

Քառօրյա միջոցառման գերակա նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակ և հնարավորություններ ստեղծումը, սթարթափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային սթարթափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռումը: Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարար տեխնոլոգիաները:

«ՆերՈւժ»-ի գործընկերներ են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների  FAST և IDeA հիմնադրամները, Impact Hub-ը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Հայ-ռուսական համալսարանը, «Դեպի Հայք» կազմակերպությունը և «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցը,  GG  Օնլայն, առցանց տաքսի ծառայությունը այլն:

Շնորհիվ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության` ծրագրին դիմել են նաև հայաստանաբնակ երիտասարդները։ Այս ձևաչափով «ՆերՈւժ»-ը հետաքրքիր հնարավորություն է ընձեռում հայաստանաբնակ սթարթափերներին` իրականություն դարձնելու իրենց գործարար գաղափարներն ու ծրագրերը, ինչպես նաև դառնում է հայաստանյան ու սփյուռքյան ստարտափերների հաղորդակցման, փորձի փոխանակման և համագործակցության նոր տեսլականների ձևավորման հարթակ։

Scroll Up