«Հայ ասպետի» երևանյան շունչը Օդեսայում

Օդեսայի կիրակնօրյա դպրոցը ուկրաինական սփյուռքի՝բարի համբավ ու գեղեցիկ ավանդույթներ ունեցող կրթարաններից է։ Դրա հավաստիքն է նաև «Հայ ասպետ» հայրենագիտական  խաղ-մրցույթը,  որն այս անգամ  նվիրված էր հայոց մայրաքաղաք Երևանի ծննդյան 2800 ամյակին։ Այն աշխարհասփյուռ հայության ոստանի  փառավոր տոնի առթիվ՝ Սուրբ Մաշտոցի անունը պատվով կրող կրթօջախում կազմակերպած միջոցառումների (գրական-երաժշտական ցերեկույթ, ասմունք, շարադրություն, հմուտ ձեռքեր,  նկարչության ցուցահանդես) ընթացքում ձեռք բերած գիտելիքների յուրօրինակ ամփոփում էր և՝ ստուգարք։

 Մրցույթի թեմատիկան ընդգրկուն էր՝ ներառում էր Երևանի ծննդյան պատմությունն ի սկզբանե մինչև մեր օրերը, իսկ նրա հմայքն ու գեղեցկությունը ներկայացվեց երգ ու ասմունքով։

  Տերունական աղոթքից հետո խմբակի ղեկավարը՝ հայոց պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանն, իր սրտի խոսքը հղեց հայոց՝ «արևային, բարի ու զվարթ, գունագեղ ու ծիրանի մայրաքաղաքին, որը որդիական ու ծնողական սիրո ու գեղեցիկի զգացում է ծնում մարդու հոգում», այնուհետև   ներկայացրեց մրցող թիմերին և  հիշեցրեց մրցույթի կարգուկանոնը։

 Եվ մեկնարկեց «Հայ ասպետ»-ը՝ հետաքրքիր ու բովանդակալից։ Գծագրված պատկերի  վրա տեղադրելով 12 վարչական շրջանների, կամ ինչպես ընդունված է անվանել,  համայնքների անվանումները՝ մասնակիցները ձևավորեցին ժամանակակից Երևանի քարտեզը։

 Պատասխանելով առաջին փուլում առաջադրված հարցերին՝ Արատտա, Հայասա և Նաիրի թիմերը, մանրամասնորեն, ճիշտ ու վարժ պատասխաններով ամբողջացրին Երևանի ծննդյան վիմագիր պատմությունը, քաղաքամոր անվան ստուգաբանությունը և նրա ծագման հետ կապված ավանդությունը։ Հետաքրքիր հարցերն ու պատասխանները  նաև տեղեկություններ հայտնեցին հայոց  շքեղաշուք արքաների՝ Մենուայի ու նրա որդի՝ «Էրեբունի» բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտիի օրոք հայոց աշխարհում նշված տոների, սպորտային մրցումների, փառահեղ արքաների սովորույթների, զբաղմունքի  վերաբերյալ՝որսորդություն, սպորտ, ձիավարություն։ Ինչպես հնչեց՝ տոնակատարությունների շարքում իր գեղեցկությամբ ու գրավչությամբ աչքի է ընկել Նռան տոնը, որը նշվել է աշնանակեսին՝ որպես առատության ու հաղթության խորհրդանիշ։ Սա հավաստում է այն փաստը, թե որքան հին ակունքներ ու պատմություն ունեն մեր նորօրյա տոները

 Երկրորդ փուլն սկսվեց հայոց հին ու նոր մայրաքաղաքի օրհներգին առնչվող մեկնաբանություններով՝ այն հնչեց  բոլորիս միասնական կատարմամբ։

    Այս փուլը հագեցված էր Երևանի վերաբերյալ պատմական տեղեկություններով, որ  արևոտ ու տաք Երևանը հին մայրաքաղաք հռչակվեց 1918թ., երբ վերականգնվեց հայոց պետականությունը և հիմնադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որ Արգիշտի թագավորի անունը կրող փողոցի վրա է գտնվում քաղաքապետարանի շենքը,  որի 12 սյուները հայոց հին մայրաքաղաքների խորհրդանիշն են, և, որ դեգերումներից հետո այստեղ է հաստատվել  քաղաքի  պատմության թանգարանը

   Երաժշտական դադարին աղջիկների դուետը կատարեց «Իմ Երևան» երգը և ներկաներս բերկրանքով ձայնակցեցինք։

 Որ յուրօրինակ է Երևանն իր ճարտարապետական կոթողներով, որոնցում առանձնանում են թամանյանական կառույցներն՝ իրենց անկրկնելի համադրությամբ ու ‹‹քարե նազանքով››, վառ երևաց բլից-հարցերին տրված պատասխաններում.

                  Նա տեսել է արևային մի քաղաք

                  Ինչպես մաքուր մարմարի

                 Կապույտ կողին նկարած

                  Արևային ժամացույց՝

                 Քարտե՜զն ահա քաղաքի՝

                 Պողոտաներ, փողոցներ՝

                  բոլորաձիգ երկարած,

                  Իսկ կենտրոնում՝ երկնահաս,

                  Գրանիտյա մի բագին։

   Առանձնահատուկ ոգևորությամբ պատասխանեցին ասպետականները նկար-հարցերին՝ նվիրված մայրաքաղաքի դրոշին, «Մայր Հայաստան» երկնասլաց  հուշահամալիրին և Մատենադարան հրաշալիքին։

   Խոստովանեցին՝ովքեր եղել են Երևանում, հպարտության զգացում են ապրել, երբ կանգնել են  Մեսրոպ Մաշտոցի ու նրա աշակերտ Կորյունի և հայոց մյուս մեծերի հայացքների առջև

 Այսպես, փուլից-փուլ ասպետականները  հնարավորություն ունեցան ցուցադրել իրենց գիտելիքները, ստեղծագործ միտքն ու հմուտ ձեռքերի աշխատանքը, միաժամանակ արտահայտել իրենց սերն ու հոգատարությունը մայր քաղաքի հանդեպ։ Դրա ցայտուն վկայությունն էր նաև սրահի ցուցահանդեսը։

Ժյուրիի անդամները՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը, կիրակնօրյա կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյան և ես՝ Նարինե Մուրադյանս, միաձայն որոշեցինք՝ հավասար միավորներ բաշխել մրցող  թիմերին, քանի որ երեքն էլ  գոհացուցիչ պատասխաններ տվեցին։ Իսկ դա, ինչպես հուզմունքով ընդգծեց  մրցույթի կազմակերպիչ  տիկին Հովհաննիսյանը՝ ուսուցչուհու  լավագույն գնահատանքն է։

 Շարադրության մրցույթում առաջին տեղ գրավեց  Էլլա Ադամյանը։

 «Հմուտ ձեռքեր»  անվանակարգում հաղթող ճանաչվեցին  Կարապետյան Գագիկը և Միրզոյան Սարգիսը։ Իրենց մտքերը նրանք արտահայտել էին համատեղ աշխատանքում, որը կոչվում էր «Երևանյան բակը գարնանը»՝ ինչպես մեծ Վարպետի կտավը։  Անտարակույս, մանկության վերհուշ էր սա,  քանի որ շնորհալի տղաները ստեղծել էին հարազատ բակի պատկերը։

   Ուշագրավ էին նաև երեխաների վրձնի  աշխատանքները, որոնց հեղինակները  հայրենիքի ու հայ ժողովրդի, հայոց չքնաղ բնաշխարհի մասին իրենց պատկերացումներն էին  արտահայտել վրձնով։ Հրաշալի էր  և բարձր գնահատականի արժանացավ Մերի Ասատրյանի գործը, որը Սուրեն Մուրադյանի բանաստեղծության վերարտադրությունը կարելի էր անվանել և բնութագրել գրողի  տողերով․
Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն`
Գիրքը,Մասիսը,շինարար ոգին,
Հավատը,լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերվ
Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր, ամենից լուսե`
Մայր հայրենիքը:

  Նարեկ Կարապետյանի «Չնվաճված տուն» նկարի գաղափարը հղացվել էր Վրեժ Իսրայելյանի  համանուն պատմվածքի ազդեցությամբ։ Հիացմունք պատճառեց Մանե Միրզոյանի կավածեփ՝ նախշազարդ գավաթն ու նուռը (ուսուցիչ՝ քանդակագործ Հովնան Մկրտչյան)։

  Այսպիսին էր հայոց քաղաքամայր Երևանը՝ փոքրիկ ասպետների հոգու ու մտքի աչքերով։

  Հեղինակային ստեղծագործություները խոսուն վկայություն են, որ  դասն ընկալվում է խորությամբ և նպաստում երեխաների մտքի զարգացմանն ու ճախրանքին։
Խաղ-մրցույթի ավարտին Տեր Հայրը դրվատանքի խոսքեր հղեց  կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյանին, առարկայի  ուսուցչուհի Կարինե  Հովհաննիսյանին, նրանց սաներին և ծնողներին ՝  ընդգծելով, որ «ասպետներն այսօր հերոսաբար պայքար մղեցին հանուն հաղթանակի», բայց այս ամենն  ինքնին հերոսություն է, քանի որ հայրենիքից հեռու ազգապահպան պայքար մղելու մի ձև է, որում հնարավոր է հաղթել միայն միասնաբար, իսկ այս գեղեցիկ միջոցառումը դրա վառ վկայությունը եղավ։

  -Շնորհակալություն՝ բոլորիդ,-այսպես ավարտեց իր խոսքը քահանան։

  Իսկ միջոցառումն ավարտվեց պարգևատրումներով, որին արժանացան ոչ միայն «հերոս ասպետները», այլև՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահը և որոշ անդամներ։

                                                                                                                                Նարինե Մուրադյան, ք. Օդեսա

 

Scroll Up