«Սերն ինձ հայրենիք բերեց…». Շանթ Քիրմիզեան

Ամերիկահայ գործարար, պրոդյուսեր, Հայաստանում «Դառգեթ» գարեջրի գործարանի տնօրեն Շանթ Քիրմիզեանը  «Հայերն այսօր»-ի հետ զրույցում անդրադարձել է հայրենադարձման իր պատմությանը, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, կին-տղամարդ հարաբերություններին, ինչպես նաև խոսել հայտնի երգչուհու ամուսին լինելու առավելությունների և դժվարությունների մասին:

-Ողջույն, Շա´նթ, կխնդրեի`խոսել Ձեր արմատներից:

– Ողջույն: Ծնվել և մեծացել եմ ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում: Ընտանիքս սերում է Կիլիկիայի Ալեքսանդրետտա քաղաքի Իսքենդերուն շրջանից և Խարբերդից:

– Ե՞րբ որոշեցիք առաջին անգամ գալ Հայաստան և ինչո՞ւ:

– Ծնվելով և մեծանալով ԱՄՆ-ում և ապրելով Հայաստանից հեռու` գալիս է մի օր, երբ ինքդ քեզ հարց ես տալիս` ո՞վ եմ ես: Այդ հարցն ինձ Հայաստան բերեց: Այնպիսի զգացողություն ունեի, ասես նախկինում էլ էի եղել Հայրենիքում:

– Շա´նթ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ի՞նչ մեխանիզմներ կառաջարկեք հաջող հայրենադարձություն կազմակերպելու հարցում:

– Բավականին աշխատանք է արվել այս տարիների ընթացքում, բայց դեռ շատ անելիքներ էլ կան, որոնք պետք է իրագործվեն և կյանքի կոչվեն: Իմ կարծիքով Սփյուռքը Հայաստանի համար մեծ ներուժ է, և հակառակը` Սփյուռքն էլ ունի նոր Հայաստան, որին կարող է վստահել ու ապավինել: Կցանկանայի, որ PR քաղաքականությունը սփյուռքահայության և հայրենադարձության հարցերում ավելի ճկուն լիներ:

Ինձ համար Իսրայելի անցած ճանապարհը (հայրենադարձության և սփյուռքի` իր հայրենակիցներին ինտեգրելու առումով) համարվում է հաջողված տարբերակ և մեխանիզմ, բացի դրանից այդ երկիրը կարողացել է տարիների ընթացքում Սփյուռքի ներուժն օգտագործել երկրի տնտեսական և քաղաքական տարբեր ոլորտներում:

-2013 թվականին հայրենադարձվեցիք, այնուհետև ամուսնացաք: Դժվար չէ՞ր ԱՄՆ-ում ազատ կյանք վարելուց հետո երկիր ու միջավայր փոխել և ամուսնանալ սիրված և ճանաչված երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:

– Սկսեմ նրանից, որ այդ տարի եկա Հայաստան սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը: Առիթը`Հասմիկի երգի պրեմիերան էր: Այնպես ստացվեց, որ որոշ ժամանակ մնացի Երևանում և ամիսներ անց ամուսնացա Հասմիկի հետ: Բնականաբար, առաջին օրերը դժվար էին, սակայն ժամանակի ընթացքում հաղթահարեցի բոլոր դժվարությունները:

Ինչ վերաբերում է Հասմիկի ճանաչվածությանը` կարող եմ ասել, որ հիմնական խնդիրը ինձ հասարակական վայրերում անմիջապես ճանաչելն էր. սկզբնական շրջանում դա անսովոր էր, բայց դրան էլ հարմարվեցի: Դետրոյթ քաղաքում ինչ-որ չափով ես ևս ճանաչված էի, քանի որ զբաղվում էի երաժշտական պրոդյուսերությամբ, քաղաքական բլոգ էի ստեղծել և ունեի SOUNDKODE բեմական անունը:

– Շա՞տ բան փոխվեց Ձեր դստեր` Տաթևի ծնունդից հետո, աշխարհընկալման ինչպիսի՞ զարգացումներ ապրեցիք: Ի՞նչ պլաններ ունեք Տաթևի ապագայի հարցում:

-Բնականաբար, երեխան հիմնովին փոխում է աշխարհընկալման չափորոշիչները: Ամուսինները դառնում են ավելի զգուշավոր և պատասխանատու: Իհարկե, պրոֆեսիոնալ մասնագետ դառնալու համար, միգուցե, Տաթևն ուսումը ստանա եվրոպական կամ ամերիկյան առաջավոր համալսարաններում, բայց ամեն ինչ անելու եմ, որ դուստրս ապրի Հայաստանում:

– Շա´նթ, հնարավո՞ր է մի օր տեսնենք Ձեզ երգարվեստի դաշտում:

– Հաճախ եմ մտածել այս հարցի շուրջ: Ես և Հասմիկը մտածում ենք, որ առաջիկայում կարելի է հանդես գալ զուգերգով. ես երգեմ արևմտահայերեն, Հասմիկը` արևելահայերեն, կարծում եմ՝ հետաքրքրիր լուծում կունենա:

-Շա´նթ, տեղյակ եմ, որ դեռևս 2001 թվականից եք հավանել Հասմիկին, փաստորեն, տարիներ անց Ձեր երազանքը կատարվեց, և այսօր Հասմիկը Ձեր կինն է: Տղամարդու հաջողություններում արդյոք կնոջ դերը մե՞ծ է:

– Ես հավատացի իմ հավատքին և երազանքին: Սերն ինձ հայրենիք բերեց: Ես դեռ այդ ժամանակ ասում էի ազգականներիս և ընկերներիս, որ եթե ես մեկ օր իրական կյանքում տեսնեմ Հասմիկին, նա իմ կինն է դառնալու: Փաստորեն, անցան տարիները, և այսօր նա իմ օրինական կինն է` Հասմիկ Քիրմիզյանը:

– Ի՞նչ եք կարծում, այն հայ զույգերը, որոնք կազմված են հայաստանաբնակներից և սփյուռքաբնակներից, շա՞տ են հանդիպում խոչընդոտների մշակութային տարբերությունների առումով:

– Բնական եմ համարում, որ պետք է լինեն տարբերություններ: Օրինակ՝ ես ծնվել և մեծացել եմ Միացյալ Նահանգներում, իսկ Հասմիկը՝ Հայաստանում: Շատ ու շատ հարցերում ես ավելի ազատ եմ մտածում ու չունեմ բարդույթներ: Մենք իրարից շատ բան ենք սովորել այս տարիների ընթացքում: Բնական եմ համարում նաև, որ ընտանիքում լինում է առողջ վիճաբանություն, որը կրկին գալիս է մենթալիտետի տարբերությունից: Այնուամենայնիվ, հասկացա, որ կյանքի կարևոր հարցերում մենք նման ենք իրար. ինչ ասել է սեր, ընտանիք, մարդկային ազնվություն, աշխարհի նկատմամբ մեր պատկերացումներ և այլ հարցեր:

-Կպատմե՞ք «Դառգեթ» գարեջրի գործարանի մասին, և կա՞ն այլ հայրենադարձներ, որոնք ևս աշխատում են այդտեղ:

– Այս շրջանում մոտ 90 վայրեր օգտվում են մեր գարեջրից: Ներկայումս ծավալում ենք ակտիվ գործունեություն մարկետինգի և PR առումներով, արտասահմանյան մի շարք գործընկերներ ունենք, որոնց հետ ակտիվ համագործակցում ենք: Սփյուռքահայ աշխատող ևս ունենք, նա մի քանի տարի առաջ է հայրենադարձվել Սիրիայից: Հայաստանը ներդրումների առումով շատ բաց է և հեշտ, այդ իսկ պատճառով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կոչ եմ անում, անպայման կատարեն իրենց առաջին բիզնես քայլերը Հայրենիքում:

Սևադա Սաֆարյան

Scroll Up