ConiFA-ի պաշտոնական կայքը մանրամասներ է տեղադրել Արցախում անցկացվելիք Եվրո-2019-ը առաջնության մասին

2019 թվականի կարևորագույն սպորտային միջոցառումը լինելու է չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնության (ConiFA) կողմից Արցախում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 3-ին, Խորհրդարանում կայացած ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը՝ մանրամասնելով, որ առաջնությունը նախատեսված է անցկացնել հունիսի 1-16-ը:
«Միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար ստեղծված է կառավարական հանձնաժողով, և իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Կառավարական հանձնաժողովը նախապատրաստում է ծրագիրը, որի հիման վրա կկատարվեն հաշվարկները: Նախատեսում ենք ներգրավել նաև հովանավորների: ConiFA-ի հետ համագործակցության աշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով: Նրանց պաշտոնական կայքում արդեն տեղադրվել է Եվրո-2019 առաջնության և Արցախի մասին տեղեկատվությունը: Սա շատ լավ հնարավորություն է ոչ միայն սպորտային, այլև Արցախի ճանաչմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար: 10-ից ավելի թիմեր մասնակցության հայտ են ներկայացրել: Հունվարին վերջնական պարզ կլինի, թե քանի թիմ է այցելելու Արցախ: Նախատեսել ենք նաև ստեղծել կազմկոմիտե, որը պետք է աշխատի ամենօրյա ռեժիմով: Այս պահին սկսված են չորս մարզադաշտերի հիմնանորոգման աշխատանքներ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում և Ճարտարում»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը:
Scroll Up