Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն է բացվել

Նոյեմբերի 27-ին «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» վերնագրով ցուցադրություն է բացվել Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում: Ժամանակավոր ցուցադրությունը պատրաստվել էր դեռևս 2011թ.ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից, այնուհետև տրամադրվել էր Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությանը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայք-էջին, հայտնում է, որ Ռիկսդագում բացված ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին: Ցուցադրության բացմանը ներկա էին խորհրդարականներ, դեսպաններ, Ստոկհոլմում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև շվեդական հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ցուցադրությունը բաց կլինի մինչ 2018թ. դեկտեմբերի 20-ը:

Scroll Up