Մխիթար Հայրապետյանն ընդունեց «Պայքար» շաբաթաթերթի գործադիր տնօրենին

Նոյեմբերի 23-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց «Պայքար» շաբաթաթերթի գործադիր տնօրեն Պայծիկ Գալաջյանին:

Հանդիպման մեկնարկին հյուրը նախարարի պաշտոնակատարին նվիրեց իր հեղինակած «Անմար Կանթեղը Լուսոյ» գիրքը, որը ներկայացնում է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության ամբողջ պատմությունը:

Ունենալով 25 թղթակից աշխարհի տարբեր ծայրերից՝ «Պայքարը» մշտապես տեղյակ է հայաստանյան լուրերին: Պայծիկ Գալաջյանի խոսքով՝ առաջին օրերից են հավատացել թավշյա հեղափոխությանն ու աջակցել դրա ընթացքին: «Սփյուռքի համար ամենակարևոր նախարարությունը հենց սփյուռքի նախարարությունն է: Սփյուռքը հավատաց Ձեզ, և ցանկանում ենք համատեղ համագործակցության լավ արդյունքերը տեսնել»,-նշեց շաբաթաթերթի խմբագիրը:

«Առանց Հայաստանի աջակցության սփյուռքում շատ խնդիրներ չեն կարող լուծվել: Հայաստանը պետք է լինի համակարգողի, ներգրավողի, կամուրջ հանդիսացողի դերում, իհարկե, փոխադարձ պատասխանատվության վրա հիմնված համագործակցությամբ»,-ընդգծեց Մխիթար Հայրապետյանը:

Scroll Up