Սփյուռքի նախարարության պաշտոնյան մասնակցել է «Դոնի Նախիջևանի հայկական համայնք»-ի հիմնադրման 30-ամյակին

Նոյեմբերի 18-19-ը ՌԴ Դոնի Ռոստովում անցկացվել են «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» հասարակական կազմակերպության հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնց մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության պետի պաշտոնակատար Էդգար Հովսեփյանը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, նոյեմբերի 18-ի առավոտյան համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանի ուղեկցությամբ հյուրերը՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյան, ԱՊՀ հայ համայնքների վարչության պետի պաշտոնակատար Էդգար Հովսեփյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյան, «Նոյան տապան» համառուսաստանյան թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյան, Սանկտ Պետերբուրգի «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյան և այլք, այցելել են Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, որի բակում հանդիսավորությամբ բացվել է մարդկության դեմ իրականացված ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Այն օծել է  Մյասնիկովսկի շրջանի Մեծ Սալի գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Ղազարյանը:

 

Այնուհետև ճաշ-հանդիպում է կայացել համայնքի մտավորականների, գործարարների և մարզի տարբեր ոլորտներում ճանաչված հայերի հետ:

Ավելի ուշ հյուրերը ներկա են գտնվել Դոնի Ռոստովի հայկական համայնքի երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կայացած «Ինչ, որտեղ, երբ» խաղին: Նրանք հարցեր են ուղղել մասնակից թիմերին: Հաղթողին սփյուռքի նախարարության աշխատակից Էդգար Հովսեփյանը հանձնել է «Աշխարհի հայկական հուշարձանները» գիրքը:

  

Երեկոյան հոբելյանական միջոցառումների առիթով Դոնի Ռոստով ժամանած պաշտոնյաներն այցելել են քաղաքում գտնվող Ռուս-հայկական բարեկամության թանգարան, որտեղ կազմակերպվել է համայնքի 30-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Միջոցառման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության անունից ներկաներին ողջունել է Էդգար Հովսեփյանը:

Նոյեմբերի 19-ին միջոցառումները շարունակվել են Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանի Չալթր հայկական գյուղում: Հյուրերին դիմավորել են աղ ու հացով և հայկական երգ ու պարով: Այնուհետև նրանք այցելել են գյուղի թիվ 1 դպրոց և ներկա գտնվել բաց դասին՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Ավարտին դպրոցի դահլիճում հանդիպում է տեղի ունեցել շրջանի կրթության պատասխանատուների հետ, որից հետո այցելել են Սուրբ Համբարձում հայկական եկեղեցի:

Այնուհետև հյուրերին ընդունել է Մյասնիկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Կիլաֆյանը: Սփյուռքի նախարարության աշխատակից Էդգար Հովսեփյանը նախարարության անունից շրջանի ղեկավարին  հանձնել է հուշանվերներ:

Երեկոյան Դոնի Ռոստովի քաղաքային թատրոնի դահլիճում տեղի է ունեցել «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» հասարակական կազմակերպության հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը, որն ավարտվել է գալա-համերգով: Միջոցառմանը ներկա էին Ռոստովի մարզի փոխնահանգապետը, մարզի օրենսդիր ժողովի նախագահը, Դոնի Ռոստովի քաղաքապետը, մարզում բնակվող տարբեր ազգերի համայնքային կառույցների ղեկավարները և այլ պատվավոր հյուրեր:

Երեկոյի ընթացքում Էդգար Հովսեփյանը ներկաներին է փոխանցել սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Իմ երախտագիտությունն եմ հայտնում համայնքային կառույցի ղեկավարությանը` Հարություն Սուրմալյանի գլխավորությամբ, ինչպես նաև հայկական դպրոցների ուսուցիչներին, Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր պահպանում և տարածում են հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգությունը: Հատուկ շնորհակուլություն եմ հայտնում Ռոստովի մարզի իշխանություններին, որոնց շնորհիվ տեղի հայկական համայնքը պահպանում է իր ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները»:

Այնուհետև սփյուռքի նախարարության պաշտոնյան համայնքում մեծ վաստակ ունեցող 5 ներկայացուցչի հանձնել է նախարարության մեդալներ՝ «Արարատ» մանկական միավորման ղեկավար, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ  Լուսինե Պետանյան («Մայրենի դեսպան» մեդալ), գրականագետ, պատմաբան, բժիշկ Գրիգորի Բաղդիկով («Վիլյամ Սարոյան» մեդալ), կոմպոզիտոր, դիրիժոր, օպերային երգիչ (տենոր) Միհրան Աղաջանյան («Կոմիտաս» մեդալ), քանդակագործ, նկարիչ, կոմպոզիտոր Ներսիկ Կիրակոսյան («Արշիլ Գորկի» մեդալ), բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ վաստակավոր բժիշկ Իգոր Աբոյան («Ոսկե» մեդալ):

Համերգին ելույթ են ունեցել ինչպես մարզի երգիչներն ու պարախմբերը, այնպես էլ Հայաստանից և Ռուսաստանի տարբեր քաղաքներից հրավիրված արտիստները:

Scroll Up