Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին

Նոյեմբերի 19-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին: Նա Վիենի փոխքաղաքապետ է նշանակվել 26 տարեկանում,  առաջին քայլերը քաղաքականության մեջ արել է դեռևս դեռևս 2007 թվականին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ ժամանակից ի վեր՝ Լևոն Սաքունցը աջակողմյան «Ժողովրդական շարժում միություն» (UMP) կուսակցության  ակտիվ անդամ է: Քաղաքական գործունեությանը զուգահեռ ակտիվ մասնակացություն ունի համայնքային կյանքին:

«Ֆրանսիական Վիեն և Հայաստանի Գորիս քաղաքները ունեն համագործակցության երկար պատմություն. մոտ 26 տարի առաջ հռչակվել են քույր քաղաքներ, բացի այդ քաղաքների միջև կնքվել է նաև ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր»,-նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում նշեց Լևոն Սաքունցը: Քաղաքների համագործակցության շնորհիվ զգալիորեն բարելավել է Գորիսի առողջապահության համակարգը, աջակցություն է ցուցաբերվել հրշեջ փրկարարական ծառայությանը: Իսկ 2014թ. փետրվարին Վիենի և Արցախի  Հադրութ քաղաքի միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր, որը նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում:

«Վիեն քաղաքում 2000-ից ավելի հայ է ապրում: Հայերը ինտեգրված են քաղաքի կյանքին, ակտիվ են տնտեսության, բժշկության և այլ ոլորտներում: Գործում է երկու մեկօրյա հայկական դպրոց»,-նշեց հյուրը՝ անդրադառնալով նաև հայ համայնքի ձուլման, ինքնության պահպանման մարտահրավերներին:

Մխիթար Հայրապետյանն այս առումով կարևորեց ուժեղ, հզոր կենտրոնական պետության՝ Հայաստանի Հանրապետության գործոնը, որը կարող է շատ սփյուռքահայերի համար հպարտություն լինել:

«Մենք ցանկանում ենք, որ հայերը ինտեգրվեն այն երկրներում, որտեղ ապրում են և հպարտության առիթ հանդիսանան, սակայն միաժամանակ պետք է պահպանել նաև հայ ինքնությունը: Այս գործում մենք շատ անելիքներ ունենք, խորքային աշխատանք է պահանջվում»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ սփյուռքի հետ աշխատանքներում այլևս միակողմանի վերաբերմունք չի լինելու:

Հանդիպման ավարտին քննարկվեցին համայնքի կազմակերպմանը, համայնքային կառավարմանն առնչվող հարցեր: «Չխառնվելով համայնքի ներքին գործերին՝ պատրաստ են օգնել հայ համայնքին՝ հանուն հայության, հայ համայնքի և Հայաստանի Հանրապետության»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Scroll Up