«Եկա, տեսա, սիրահարվեցի…». Կարպիս Թիթիզյան

Բեյրութում ծնված, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած, բայց  Հայաստանո´վ ապրող Կարպիս Թիթիզյանը տարիներ ի վեր դարձել է հայության խնդիրներով մտահոգ և այդ խնդիրներից շատերի լուծմանն իր բարերարությամբ նպաստող գործիչ: Մեր հայրենակիցը «Լևոն թրավել» ընկերության հիմնադիր-տնօրենն է: Իր գործունեությունը Հայաստանում, որպես գործարար, նա սկսել է դեռևս Անկախությունից առաջ` դառնալով սփյուռքահայ առաջին գործարարը Հայաստանում:

Ստորև ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Կարպիս Թիթիզյանի հետ:

-Պարո՛ն Թիթիզյան, կխնդրեի պատմել  Ձեր արմատներից:

-Իմ նախնիների ճակատագիրը շատ նման է հարյուր հազարավոր այլ հայերի ճակատագրին: Ցեղասպանությունից մազապուրծ՝ մեծ մայրիկս մի կերպ հասնում է Սիրիայի Քեսաբ քաղաք, հանդիպում մեծ հայրիկիս և ընտանիք կազմում: Ծնողներս ծնվել են Քեսաբում, իսկ ես`Բեյրութում: 1968 թ. մեկնել եմ ԱՄՆ և մշտական բնակություն հաստատել Լոս Անջելես քաղաքում: Թեև բնակվում եմ հիմնականում Լոս Անջելեսում, սակայն շատ եմ ճամփորդում: Տարվա մեջ առնվազն 2-3 ամիս լինում եմ Հայաստանում:

Ի՞նչը  խթան  հանդիսացավոր 1991 թվականին կատարեք  Ձեր  առաջին  քայլը՝  հիմնադրելով  «Լևոն  թրավել»  զբոսաշրջային գործակալությունը:

– Դեռևս 1981 թ. Լոս Անջելեսում արդեն հիմնել էի «Լևոն թրավել» գործակալությունը՝ օգտագործելով 1958 թ. Բեյրութում հիմնված, բայց, ավաղ, քաղաքացիական պատերազմի տարիներին կործանված նույնանուն ընկերության ապրանքանիշը: Համառ և տքնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ շուկայում կարևոր տեղ զբաղեցնել: 1989 թ. մի գեղեցիկ օր, այն ժամանակ Հոլիվուդ Բուլվարում գտնվող իմ գրասենյակ մտավ շատ համակրելի մի մարդ և ասաց, որ տնօրենին է փնտրում: Այդ մարդը Հրանտ Թոխատյանն էր: Նրանց թատերախումբը ճամփորդական որոշ դժվարություններ ուներ, որը սիրով հարթեցի: Այդ օրվանից ես և Հրանտը դարձանք ընկերներ: Այնուհետև նա ինձ հրավիրեց Հայաստան, և հենց նույն թվականին եկա հայրենիք: Նախկինում, իհարկե, քաջածանոթ էի Հայաստանի պատմությանը, պատմական տեսարժան վայրերին, սակայն լրիվ այլ տպավորություն է, երբ առաջին անգամ սեփական աչքով ես տեսնում այդ ամենը: Մի խոսքով` եկա, տեսա ու սիրահարվեցի: 1989 թվականին  Հայաստանը դեռևս անկախ երկիր չէր, թեև ամենուր զգացվում էր կործանվող Խորհրդային Միության դառը շունչը: Սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, մեկ տարի առաջ տեղի էր ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Այնուամենայնիվ, ես մնացի Հայաստանում, ինչի համար պարտական եմ իմ լավագույն ընկերներին և ամեն առավոտ ինձ ժպտացող Արարատին:

Պարո՛ն Թիթիզյան, Դուք այն առաջին սփյուռքահայերից եք, որոնք ներդրում կատարեցին Հայաստանում.  ռիսկային չէ՞ր «մութ ու ցուրտ» տարիներին այդպիսի քայլ անելը։

– Երևանում որոշեցի հիմնել զբոսաշրջային գործակալություն` որպես «Լևոն թրավել»-ի մասնաճյուղ` դառնալով սփյուռքահայ առաջին ներդրողներից և մասնավոր բիզնես-ընկերություններից մեկը, նաև, կարծում եմ, առաջին համատեղ ձեռնարկություն հիմնողը: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ սկզբնական շրջանում աշխատում էինք օրական 24 ժամ, քանի որ հսկայական գործ կար անելու: Արդյունքում, ստեղծվեց մի արդիական գրասենյակ՝ արհեստավարժ աշխատողներով, որը պետք է օգներ ճամփորդական ցանկացած խնդիր ունեցող մեր հաճախորդներին: Հիշում եմ՝ գրեթե ամեն շաբաթ մեր գրասենյակում նկարահանումներ էին անցկացվում: Վստահ եմ, որ «Լևոն թրավել»-ը դարձել էր և այսօր էլ մնում է որակի ու արհեստավարժության չափանիշ:

Թեև դժվարին ժամանակներ էին, Արցախյան ազատամարտն էր ընթանում, սակայն մեր գրասենյակը մեկ օր անգամ չի դադարեցրել իր գործունեությունը: Երբ հոսանք չկար, գործի էին դրվում դիզելային գեներատորները: Այս ամենը թե՛ հետաքրքիր էր, թե՛ շատ դժվար, բայց նաև բիզնեսն ընդլայնելու  բացառիկ հնարավորություն էր: Սակայն, անկեղծ ասած, ես այդ ամենն անում էի իբրև հոգուս պարտք, քան` բիզնես: Որևէ երաշխիք չկար, որ այն կավարտվեր հաջողությամբ, սակայն դա առաջնային չէր: Առաջնայինը հայրենիքիս և ազգիս հետ լինելն էր:

Իհարկե, ընդունված է այդ տարիներն անվանել «ցուրտ ու մութ», սակայն դրանք առաջին հերթին հերոսական մաքառման տարիներ էին: Միանշանակ կարելի է ասել, որ դրանք, նախևառաջ, վերածննդի տարիներ էին՝ ի հեճուկս երկրաշարժի, պատերազմի, տնտեսության և տնտեսական կապերի կործանման: Կար հույս, կար հավատ, խանդավառություն, ուստիև կայացավ մեր բոլորի հաղթանակը:

Իմ անձնական կապերի շնորհիվ շուտով հնարավոր դարձավ նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ»-ը դարձնել հոլանդական KLM ավիաընկերության գործընկեր՝ դրանով իսկ ապահովելով Երևանի կապն ամբողջ աշխարհի հետ: Միաժամանակ «Լևոն թրավել»-ը ակամայից նպաստեց, որ անկախությունից հետո Հայաստանում հաստատվեն օտարերկրյա դեսպանատներ և ներկայացուցչություններ՝ օգնելով նրանց թռիչքների և անգամ նամակագրության առաքման հարցում: Արդյունքում, ինչպես ասում են, Հայաստանը, որպես երկիր, տեղ գտավ աշխարհի քարտեզի վրա:

Այդ տարիներին ես միաժամանակ ավիացիայի գծով  կառավարության խորհրդականն էի: Խորհրդային նախկին հանրապետություններից Հայաստանը քչերից մեկն էր, որ կարողացավ ո´չ միայն պահպանել ավիացիան, այլև զարգացնել այն: Ստորագրվեցին մի շարք միջպետական պայմանագրեր, որոնց շնորհիվ, մասնավորապես, Հայաստանի օդային շուկա մտավ օտարերկրյա ավիաըկերություններից մեկը՝ British Airways-ը:  Մի քանի տարի անց բացվեցին Թբիլիսիի և Ստեփանակերտի մասնաճյուղերը:

Այսօր էլ «Լևոն թրավել»-ը մնում է ոլորտի առաջատարներից մեկը՝ որպես ճամփորդական ամբողջական ծառայություններ մատուցող ընկերություն: Ժամանակի ընթացքում զարգացրեցինք զբոսաշրջային բիզնեսը՝ թե արտագնա, և թե´ հատկապես` ներգնա, որպեսզի մարդիկ ամբողջ աշխարհից կարողանան գալ և տեսնել մեր հրաշալի երկիրը:

Հաստատվելով ԱՄՆում՝ հիմնադրեցիք «Հորիզոն»-ը՝ հայկական առաջին հեռուստաալիքը, որի միջոցով ԱՄՆի հայկական համայնքը հնարավորություն ունեցավ դիտելու գիտակրթական, Հայաստանում տեղի ունեցող անցուդարձի և երկրի պատմամշակութային վայրերի մասին պատմող հաղորդումներ։ Արդյունքում, դարձաք Հայաստանն ու Սփյուռքը կամրջող կարևորագույն օղակ: Ինչպիսի՞ն էր ԱՄՆ-ում ապրող հայերի արձագանքը այդ շրջանում։

-Միանշանակ` դրական: Պետք է ասել, որ «Հորիզոն»-ը կրկնակի կամրջի դեր խաղաց` մի կողմից Հայաստանը միացնելով Արևմտյան Ամերիկայի համայնքին, մյուս կողմից առաջին կարևոր ձեռնարկը դարձավ` համայնքի ներսում հայաստանյան հատվածը կամրջելու ավելի վաղ Ամերիկա եկած սփյուռքահայ (Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Հունսատանից, Իրանից և այլ երկրներից) հատվածի հետ: Թե՛ լուրերի թարմությամբ, թե՛ Հայաստանում տեղի ունեցող աննախադեպ, պատմական զարգացումներին ճիշտ ու հստակ գնահատականներ տալով, թե քննարկումների, վերլուծումների, ազատ կարծիք արտահայտելու մտավորական հարթակ ստեղծելով` «Հորիզոն» -ը անփոխարինելի դեր խաղաց Կալիֆորնիայի հայությանը հայաստանյան իրադարձություններին աշխույժ մասնակցության մղելու գործում: Մշակութային հարթակի վրա ևս մեծ եղավ «Հորիզոն»-ի դերը՝ Կալիֆորնիայի հայությանը ծանոթացնելով Հայաստանի երաժշտական, թատերական, գրական ոլորտներին, նոր ուղղություններին ու տաղանդներին:

Պարո՛ն Թիթիզյան, հայտնի եք նաև Ձեր բազմաթիվ բարեգործություններով` թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում.  գիտեմ,  որ չեք սիրում խոսել այդ մասին, սակայն պետք է խնդրեմ, որ այս անգամ  բացառություն անեք և նշեք, թե Հայաստանում  և Սփյուռքում  կյանքի ո՞ր ոլորտներում եք կատարել բարեգործություններ։

-Բարեգործություն անելիս՝ ես մի սկզբունք ունեմ, այն է` Սուրբ Գրքում  ասվածը՝ «Աջ ձեռքդ թող չիմանա, թե ինչ է անում ձախը»: Ամեն մարդ իր կյանքում ունի հոգու պարտականություններ, որոնք պիտի անի ու առաջ գնա: Այդպես է նաև բարեգործությունը: Հնարավորությանս սահմաններում միշտ սիրով օգնել եմ թե՛ սփյուռքահայ բազմաթիվ կառույցների, թե՛ ամենատարբեր հիմնադրամների: Ամեն տարի մասնակցել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակություններին:

Կարևորելով հատկապես Հայաստանի մարզերում կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ Թիթիզյան ընտանիքը ներգրավվել է նաև դպրոցաշինության գործում: 2001 թ. եղբորս՝ Ժանի հետ միասին, ֆինանսական օգնություն տրամադրեցինք Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցին՝ Հայ կրթական միության միջոցով: Բայց բարեգործության հիմնական ուղղությունը, թերևս, եղել և մնում է արվեստի բնագավառը: Տարիներ շարունակ օգնել եմ Երևանի կամերային թատրոնին, Երգի պետական թատրոնին, երգարվեստի ասպարեզի տարբեր անհատ կատարողների: Իմ ցանկությունն ու նպատակը մեկն է եղել՝ օժանդակել երիտասարդ արվեստագետներին, որպեսզի  կարողանան ինքնարտահայտվել ու ստեղծագործել հենց Հայաստանում և ոչ թե բախտ որոնեն օտար ափերում: Լրիվ այլ բան է, երբ արդեն կայացած արվեստագետ ես և հյուրախաղերի ես մեկնում Հայաստանից դուրս՝ տուն վերադառնալու միտումով: Հենց այս սկզբունքով եմ օգնել Նունե Եսայանին, Ռազմիկ Ամյանին, Գաբի Գալոյանին և այլոց:

 Դուք «Գլոբալ Արտս» ընկերության տնօրենն եք, մի շարք համերգներ եք  կազմակերպել  Սփյուռքում և Հայաստանում, Ձեր շնորհիվ Երևանում համերգներով հանդես են եկել Յանին և Խուլիո Իգլեսիասը։ Կարո՞ղ եք մանրամասնել «Գլոբալ Արտս»-ի գործունեության և ձեռքբերումների մասին:

-Ինձ համար մշտապես կարևոր է եղել Երևանը դարձնել մշակութային կենտրոն, որպեսզի Հայաստանում համերգներով հանդես գան ո´չ միայն ռուսական շոու-բիզնեսի արտիստները, այլև այդ ասպարեզի համաշխարհային մեծությունները:  Դա ևս մեկ հնարավորություն է ցույց տալու աշխարհին, որ մենք սիրում և գնահատում ենք բարձրակարգ երաժշտությունը: Հավանաբար, այդ ամենը հեշտ է թվում, բայց իրականում ահռելի աշխատանք է` հետաքրքրել արտիստին առաջարկով, ապահովել նրա երբեմն անիրականանալի թվացող պահանջներն ու մատուցել բարձրակարգ համերգ: Ինչպես փորձը ցույց տվեց, անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել ու ճիշտ մարտավարություն ընտրել: Ե՛վ Խուլիո Իգլեսիասի, և՛ Յանիի դեպքում մենք կազմակերպեցինք միջազգային մակարդակի մենահամերգներ: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում առավել շատ կլինեն նման միջոցառումներ:

«Գլոբալ Արտս»-ի  կողմից իրականացվող կարևոր միջոցառումներից է ամենամյա «World  Armenian  Entertainment  Awards»-ը: Ովքե՞ր են այս մրցանակաբաշխության ժյուրի անդամները, ինչպե՞ս  են կազմվում անվանակարգերը և ի՞նչ սկզբունքով են ընտրվում հաղթողները:

-Ինչպես «World  Armenian  Entertainment  Awards»-ը, այնպես էլ «Գլոբալ Արտս»-ի կողմից կազմակերպված այլ մրցանակաբաշխությունները, փորձել ենք համադրել և՛պրոֆեսիոնալ ժյուրիի, և՛ ժողովրդի կարծիքն ու համակրանքը: Մենք արհեստավարժ երաժիշտների, անվանի արտիստների ու մեդիա դեմքերի մեծ թիմ ստեղծեցինք, որոնք սկզբում ուսումնասիրեցին տարվա ընթացքում արված աշխատանքները, որից հետո առաջադրեցին անվանակարգերը: Եղան անգամ անվանակարգեր, որոնք անդրադառնում էին յութուբյան դիտումներին կամ հեռուստատեսությամբ ամենաշատը ցուցադրվող տեսահոլովակներին, երաժշտական կատարումներին: Ըստ իս`սա ճիշտ համադրություն է` պարզելու, թե ովքեր են տարվա լավագույնները:

-Պարո՛ն Թիթիզյան, մի անգամ նշել եք, որ հասարակությունը հոգնել է ռաբիս երաժշտություն լսելուց: Որպես  բարերար և ոլորտով մտահոգված մարդ` ի՞նչ մեխանիզմներ կառաջարկեք` նվազագույնի հասցնելու ռաբիս երաժշտության տարածումը։  Այս ամենը պատճառ է դարձել նաև, որ շատ պրոֆեսիոնալներ պարզապես հեռացել են երկրից, արվեստի դաշտից՝ տեղը զիջելով անորակ երգեր մատուցողներին։  Արդյո՞ք այսօր պատրաստ եք աջակցել այդ պրոֆեսիոնալներին:

-Ես հակված եմ այն մտքին, որ ռաբիսն էլ, որպես երաժշտության տեսակ, ապրելու իրավունք ունի: Ճաշակի հարց է: Բայց մենք ռաբիս ասելով` ավելի հաճախ հասկանում ենք անճաշակ կամ ցածրաճաշակ երաժշտությունը: Իրականում ռաբիսն այլ է և, արդարացիորեն, շատ սիրված է հասարակության լայն շերտերի կողմից: Երբ առաջին անգամ Հայաստան եկա, տպավորություններիցս մեկն այն էր, որ հայ հասարակությունը ռաբիսից բացի այլ բան չի լսում: Շուտով հասկացա, որ մարդիկ ռաբիս են լսում, քանի որ լսելու այլ բան գրեթե չունեն: Խոսքս, իհարկե, դասական երաժշտության մասին չէ: Շատ չեմ ցանկանում խորանալ արմատների մեջ, սակայն կարող եմ ասել, որ մարդիկ լսում են այն, ինչ հրամցնում են իրենց: Այդ դեպքում ինչո՞ւ չեն մատուցում ժողովրդական և ազգագրական երգեր, այսինքն՝ այն, ինչը մեզ հայ է պահում: Միգուցե ռաբիս երաժշտությունն իր դերն ունի, սակայն դա բնավ չպետք է զբաղեցնի երգարվեստի այլ տեսակների կարևոր տեղը:

Բարեբախտաբար, այսօր միանգամայն այլ պատկեր ունենք՝ ժողովրդական, ազգային և ազգագրական երաժշտությունն ոչ միայն վերածնվեց, այլև մեծ ընդունելություն գտավ ու սիրո արժանացավ հայ հասարակության ամենալայն շերտերի, տարիքային տարբեր խմբերի կողմից:  Շատ ուրախ եմ, որ իմ, թեկուզ փոքրիկ, լուման ունեմ այս կարևոր գործում: Կցանկանայի որպես օրինակ բերել Քեսաբի ազգային երգերը, որոնք կորստյան եզրին էին, բայց այսօր կատարվում են տարբեր բեմահարթակներում:

Ինչ վերաբերում է արտասահմանում բախտ որոնողներին, ապա չեմ կարծում, թե դրա պատճառներն այնքան միանշանակ են: Ի վերջո, ամեն մարդ ունի ազատ տեղաշարժի իրավունք: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է կատարելագործվել որևէ բնագավառում ավելին, քան թույլ են տալիս Հայաստանի հնարավորությունները, ապա կարելի է միայն ողջունել: Կարևորը հայ մնալն է և հայրենիքի հետ կապը չկորցնելը: Այսօր մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ և երաժիշտներ, որոնք օտար երկրներում շատ բարձր են պահում հայի պատիվը:

-Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը, ինչքանո՞վ են տարբեր Հայաստանում ու Սփյուռքում ապրող հայ ընտանիքները։

-Ընտանիքն այն կետն է, որից սկսում ես և, ի վերջո, որին վերադառնում ես: Երևի չկա ավելի քաղցր բան, քան ընտանիքը, հարազատները և ընկերները: Հենց այդպես եմ ես ընկալում ընտանիքը՝ ոչ միայն ազգակցական և արյունակցական կապերով, այլ նաև` սրտի և հոգու:

 

Պարո՛ն Թիթիզյան, կնշե՞ք, թե Ձեզ համար ինչպիսին պետք է լինի կատարյալ Հայաստանը: Ներկայիս Հայաստանը շա՞տ է հեռու Ձեր պատկերացրածից։

-Ընդհանրապես, երկու հայրենիք գոյություն ունի՝ մեր իդեալների Հայաստանը, որը մենք պատկերացնում ու երազում ենք՝ մեծ, հզոր, քաղաքական կշիռ ունեցող, որի հետ հաշվի են նստում բոլորը: Իսկ մյուսն իրական հայրենիքն է՝ այն, ինչ ունենք և որը պետք է պաշտպանել, կառուցել, շենացնել: Շատ բան արդեն արվել է, բայց դեռևս շատ բան կա անելու, որպեսզի Հայաստանը դառնա համայն հայության երազած հայրենիքը: Այս առումով կարող եմ ասել, որ որքան մեծ է երազանքը, այնքան ավելի շատ բան ունենք անելու: Կարևոր է հասկանալ և ըմբռնել մի պարզ բան` սա´ է միակ հայրենիքը` իր լավ ու վատ կողմերով: Մեր խոսքն ու երազանքը պետք է գործ դառնան, եթե ուզում ենք մի օր ունենալ այն հայրենիքը, որի մասին բոլորս երազում ենք:

-Առաջիկայում ի՞նչ  ծրագրեր ունեք: Արդյոք  նոր նախաձեռնություններ ունե՞ք հայ հանդիսատեսի համար։

-Հայաստան կատարած վերջին այցելություններից մեկի ընթացքում ինձ անչափ հուզեց «Հարսանիք թիկունքում» ներկայացումը: Այն դիտելուց հետո որոշեցի ամեն ինչ անել, որպեզսի ԱՄՆ-ում բնակվող հայերը ևս կարողանան ստանալ այն հաղորդագրությունն ու հույզերը, որոնք փոխանցում է այս թատերական ներկայացումը: Հունվարին այդ հնարավորությունը մենք կընձեռենք ամերիկահայությանը:
Այլ համերգային կամ մշակութային նախագծեր իրականացնելու ծրագրեր ևս կան: Ես մշտապես փորձում եմ որևէ բան նախաձեռնել: Հավատացեք, միշտ չէ, որ կարևոր է մտածել դրա կոմերցիոն կողմի մասին: Մեր գերխնդիրներից մեկն ՝ ի ցույց դնել բարձրակարգը, ոչ թե`դյուրամարսը:

-Եվ վերջին հարցս` ո՞վ է Ձեզ համար սփյուռքահայը։

-Ինձ համար, ընդհանրապես, հայը` հայ է, և բնավ կապ չունի, թե նա որտեղ է ապրում կամ ինչ բարբառով է խոսում: Իսկ սփյուռքահայն այն հայն է, որը մարդկային մեծագույն դժբախտության՝ Ցեղասպանության արդյունքում կտրվել է իր պատմական հայրենիքից և հայտնվել օտար ափերում, կրկին փորձել տուն ու օջախ ստեղծել`շարունակելով իր և սերունդների կյանքն իբրև հայ մարդ: Պետք է հասկանալ, թե որքան դժվար է պահպանել քո և սերունդներիդ հայությունը այդ պայմաններում:

Բարեբախտաբար, 1991 թվականին Հայաստանն անկախացավ և թեկուզ հեռվից` տեր կանգնեց արդեն իսկ միավորվող հայորդիներին: Այսօր աշխարհասփյուռ ամեն մի հայ Հայաստանը համարում է իր հայրենիքը, իսկ Երևանը՝ մայրաքաղաքը: Հայաստանը քարտեզի վրա նրանց համար այն երկիրն է, ուր ապրում են հայերը և որոնց պաշտպանում է հայկական բանակը: Այն վայրը, ուր գործում են հայկական դպրոցներն ու համալսարանները և համատարած հնչում և մշտարթուն է հայոց լեզուն: Հարյուր տարուց ավելի Պատմական Հայրենիք կորցրած հայերի շառավիղներն այսօր գալիս են Հայաստան, վերագտնում իրենց արմատները, լիաթոք շնչում օդն ու զգում, որ ունեն պաշտպան ու ապագա:

Հարցազրույցը` Սևադա Սաֆարյանի

Scroll Up