Մյունխենի «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում նշվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակը

Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Անուշ» պարի և մշակույթի հայ-գերմանական կենտրոնը նոյեմբերի 4-ին նշել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, միջոցառման ժամանակ կենտրոնի սաները երգելուց բացի, ասումունքել են «Իմ Հայաստան», «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունները, որոնք հնչել են նաև գերմաներեն թարգմանությամբ, իսկ «Անուշ» պարախումբը ներկայացել է հայկական ժողովրդական պարերի կատարումներով:

Ցուցադրվել է տեսաֆիլմ՝ նվիրված Երևանի հիմնադրման պատմությանը՝ Արգիշտի 1-ից մինչ մեր օրերը՝ արժանանալով ներկաների բարձր գնահատականին:

Ողջույնի խոսք է ասել գերմանաբնակ բուլղարահայ նկարչուհի Եկատերինա Դոմբաթյանը, որը պարախմբի հիմնադրման առաջին օրից աջակցել է խմբի անդամներին:

Տոնական միջոցառմանը ներկա են եղել համայնքային ներկայացուցիչներ, գերմանացիներ, օրհնության խոսք է ասել Մյունխենի հայ համայնքի Բավարիայի երկրամասի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանը:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև Վարդուհի Փինքսթոն-Զերդերյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդեսը: Վերջում կենտրոնի սաները պարգևատրվել են պատվոգրերով՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպված մշակութային միջոցառումներին ակտիվ մասնակցելու առիթով: Միջոցառումը եզրափակվել է «Էրեբունի-Երևան» երգի միասնական կատարումով:

Հավելենք, որ «Անուշ» պարախումբը օրեր առաջ մասնակցել է ռուս-գերմանական ասոցացիայի կազմակերպած «Աշնանային փառատոն»-ին, որտեղ գերմանացի հաղորդավարը տեղեկություններ է հաղորդել Երևանի հիմնադրման մասին, կենտրոնի սաները բարձրացել են բեմ գերմաներեն «Էրեբունի-Երևան» վերտառությամբ պաստառներով և ասմունքել են, իսկ պարախմբի անդամները ելույթ են ունեցել պարախմբի խորհրդանիշ համարվող  «Անուշ» պարով:

 

 

Scroll Up