«Խաչքարի տեղադրումով Նիմում կունենանք մեր մշակութային ներկայությունը». Արմեն Մարտիրոսյան        

Ֆրանսիայի Նիմ քաղաքի հայկական համայնքը նորաստեղծ լինելով՝ հասցրել է ազգանպաստ տարբեր միջոցառումներ իրականացնել և այնտեղ ապրող հայերի հոգում արթմնի պահել հայրենասիրության զգացումը: Կարճ ժամանակում նաև մեկօրյա դպրոց է  բացվել, որը, թերևս, կարելի է կարևոր իրադարձություն համարել:                     

«Հայերն այսօր»-ը Նիմի հայկական համայնքի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ զրույցում բացահայտել է համայնքային կյանքի անցուդարձը:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ե՞րբ է ստեղծվել  Նիմի հայկական համայնքը:

– Նիմի հայկական համայնքը ստեղծվել է երեք տարի առաջ: Քաղաքում Հայաստանից գնացած շատ հայեր են ապրում, որոնց երեխաները ծնվել են Նիմում: Նրանք տանը խոսում են հայերեն, սակայն հայերեն գրել-կարդալ չեն կարողանում: Նիմում հիմնականում Հայաստանից գնացած հայեր են ապրում՝ շուրջ 200 ընտանիք: Համայնքի փոխնախագահը Հենրի Արամ Հայրապետյանն է:

Համայնքի ստեղծումից հետո 2015 թվականին մեծ արձագանք ստացած միջոցառում կայացավ. կազմակերպեցինք ֆրանսահայ ճանաչված կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանի՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված «Մի խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրումը: Ռոբեր Կետիկյանն ընդունեց մեր հրավերը և ներկա գտնվեց կինոդիտմանը, որը մեզ համար մեծ պատիվ էր: Ֆիլմի ցուցադրումը համայնքում աննախադեպ ոգևորություն առաջացրեց: Կինոթատրոնի տնօրենը նույնիսկ խոստովանեց՝ երկրորդ դեպքն է, որ տոմսերն այսքան արագ սպառվել են:

2015 թվականին՝ Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցի առիթով, հիմնեցինք նաև հայ-ֆրանսիական բարեկամական ասոցիացիան, որի հիմնական նպատակը հայկական մշակույթի, պատմության և կենցաղի պահպանումն ու տարածումն է, հատկապես՝ օտարների շրջանում: Համագործակցում ենք Մոնտելյեի, Մարսելի, Ավինյոնի և ֆրանսահայ այլ համայնքների ասոցիացիաների հետ: Գարնանը նաև մասնակցեցինք Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայկական մշակույթի տան կողմից հայտարարված «Արի՛, պարի՛ր քոչարի» խորագրով համահայկական ֆլեշմոբին:

Նշեմ, որ ազգապահպան այս աշխատանքները կատարում եմ` օտարության մեջ ապրող հայ երեխաների մոտ ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու և ձուլման վտանգը կանխելու նպատակով:

Սփյուռքում  դպրոցները համայնքի պահպանման սյուներից են: Ու՞մ է պատկանում Նիմում հայկական կիրակնօրյա դպրոցի հիմնադրման գաղափարը:

– Դպրոցի ստեղծման գաղափարը ծագել է համայնքի հիմնադրմանը զուգընթաց: Սակայն բացեցինք 2017 թվականին, քանի որ դպրոցի նախաձեռնողներից՝ համայնքի քարտուղար Բեռնար Մազեղան 2016 թվականին մահացավ, որը մեզ համար շատ ծանր կորուստ էր: Մենք լավ ընկերներ ենք եղել,  այդ մտահղացումը միասին ենք ունեցել և քննարկումներ կազմակերպել: Մինչև 2017 թվականն այդ ուղղությամբ բոլոր աշխատանքները դադարեցրինք:

Նա հայասեր անձնավորություն էր: Երկար տարիներ լինելով Կաթոլիկ եկեղեցու  Հարավային թեմի պատվիրակության ղեկավար՝ (լուրջ պաշտոն է համարվում) միակ անձնավորությունն էր, որն իր աշխատավարձը նվիրաբերել էր կարիքավորներին օգնելու համար: Բեռնար Մազեղանի հովանավորության տակ գտնվող 50 ընտանիքներից 33-ը հայ ընտանիքներ են եղել, որոնք օգտվել է նրա բարեգործությունից:

Բեռնար Մազեղան ութ հոգանոց խմբով ինձ հետ այցելել է նաև Հայաստան: Նա շատ էր հավավել մեր երկիրը:

Կիրակնօրյա դպրոցը պաշտոնապես բացվեց 2017 թվականի նոյեմբերի 5-ին, որը, ի հիշատակ Բեռնար Մազեղանի, կոչեցինք նրա անունով: Իսկ լուսահոգի մեր ընկերոջ կինը համայնքի քարտուղարի պարտականություններն է կատարում:

-Դպրոցում քանի՞ աշակերտ է սովորում Մայրենին, ծանոթանում հայկական մշակույթին ու պատմությանը:

– Դպրոցը բացելուց առաջ նախատեսում էի մինչև տասնհինգ աշակերտ հավաքել, ըստ որի ՀՀ սփյուռքի նախարարությունից դասագրքեր և այլ ուսումնաօժանդակ նյութեր ստացանք: Բայց առաջին օրվանից անդամագրվեցին 38 աշակերտ, որը մեզ շատ ուրախացրեց:

Ներկայումս դպրոց հաճախող 6-16 տարեկան 33 աշակերտ ունենք: Նրանց դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, պատմություն, նախատեսում ենք նաև կրոն առարկայի ուսուցումը: Դասապրոցեսն արդյունավետ իրականացնելու համար աշակերտներին` գիտելիքների իմացության և տարիքային խմբին համապատասխան, բաժանել ենք երեք խմբի:

Պարտադիր նշում ենք պետական, ազգային և եկեղեցական տոները, որոնց աշակերտները մեծ պատասխանատվությամբ և ուրախությամբ են պատրաստվում: Առհասարակ, նրանք հաճույքով են հաճախում դպրոց: Այս հարցում մեծ ավանդ ունեն ծնողները, նույնիսկ առաջին ծնողական ժողովի ժամանակ նրանք խոստովանեցվին, որ անհամբերությամբ են սպասել դպրոցի բացմանը: Աշակերտներին հայեցի կրթություն և դաստիարակություն են տալիս երեք մանկավարժ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, համայնքի և ասոցիացիայի համար հետագայում աշխատանքային ի՞նչ ուղիներ են նշմարվում:

– Ֆրանսիայում շատ դժվար է տարածք ձեռք բերել՝ այգի կառուցելու և այնտեղ հայկական խաչքար տեղադրելու համար: Առաջիկայում մեր ուժերը կենտրոնացնելու ենք այդ ուղղությամբ: Խաչքարի տեղադրումով Նիմում կունենանք մեր մշակութային և հոգևոր ներկայությունը. այնտեղ դեռևս չունենք հայկական եկեղեցի, պատարագներ մատուցելու և հոգևոր այլ արարողություններ կատարելու համար հիմնականում Մարսելից ենք հոգևորական հրավիրում:

Նաև ֆրանսահայ աշխարհառչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հոգեհանգիստ կազմակերպեցինք, որը լուսաբանվեց տեղական մամուլով, իսկ ռադիոյով հնչել է Ազնավուրի «Լա Բոհեմ» երգը՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով:

Այս անգամ այցելությունս կարևորվեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին Երևան քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական և մեր դպրոցների միջև ստորագրված համագործակցության հուշագրով:

Նման ձեռնարկները շատ օգտակար են մեզ համար, քանի որ հայապահպանության, հայեցի դաստիարակության առումով Սփյուռքում ապրող երեխաների համար անչափ կարևոր է շփվել Հայաստանում ապրող իրենց հասակակիցների հետ:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Scroll Up