Երևան-Հալեպ ու կրկին վերադարձ Հայաստան. Լիանա Բախտիկյան

«Հայերն ասօր»-ի զրուցակիցը՝ Լիանա Բախտիկյանը, 2007 թվականին տեղափոխվեց Հալեպ` մշտական բնակության: Սակայն սիրիական պատերազմը պատճառ դարձավ, որ 2012 թվականին ամուսնու հետ վերադառնա Հայաստան: Երևանում Լիանան տեղծեց իր ֆիտնես ակումբը`համախմբելով սիրիահայ երիտասարդ, պրոֆեսիոնալ պարողների: Իսկ 2018 թվականի գարնանն արդեն հիմնեց «Ալեպո» պարախումբը, որը մասնակցում է տարբեր նախագծերի:
-Լիանա´, ինչպե՞ս տեղափոխվեցիք Սիրիա:
– Ամուսնացա և 2007 թվականին տեղափոխվեցի Սիրիա, քանի որ ամուսինս սիրիահայ է: Որոշել էինք, որ պետք է ապրենք այնտեղ, որովհետև ամուսնուս աշխատանքը այնտեղ էր: Սակայն ամեն տարի այցելում էինք Հայաստան և մտադրություն ունեինք ապագայում Հայաստան տեղափոխվել:
– Ե՞րբ և ինչպե՞ս վերադարձաք Հայաստան:
– 2011 թվականի վերջին Հայաստան էինք այցելել: Այդ ժամանակ էլ իմացանք, որ Սիրիայում պատերազմ է սկսվել: Որոշեցինք չվերադառնալ: Հայաստանում մնացինք նաև հղիությանս պատճառով: Սկզբնական շրջանում դժվար էր, քանի որ չէինք նախատեսել հաստատվել Հայաստանում և ամեն ինչ պետք է սկսեինք սկզբից:
– Փաստորեն` 2012 թվականից բնակվում եք Հայաստանում, ինչպե՞ս էր սկզբնական շրջանը:
– Շատ դժվար, չէ՞ որ ամեն ինչ թողել էինք Սիրիայում: Ամուսինս անվանի կահույքագործ է, Հալեպում ուներ իր կահույքի արտադրամասը: Շատ սիրիահայեր արդեն այստեղ՝ Հայաստանում սկսեցին դիմել նրան` կահույք պատվիրելու նպատակով:
Ես թե´Հայաստանում, թե´Սիրիայում մարզիչ եմ եղել և երազանքս սեփական ֆիտնես ակումբ ունենալն էր: Արդեն 1 տարի է՝ մեծ աշխատանք անելուց հետո՝ ունեմ իմ ֆիտնես ակումբը: Ավարտելով մագիստրատուրաս Կինեզիոլոգիա բաժինը (Ֆիզիկական դաստիարակություն և առողջարարական տեխնոլոգիաներ)`հասկացա, որ զարգացող մասնագիտություն է, և Հայաստանում շատ մասնագետներ չկան այդ ոլորտում: Հաճախորդներ ունեմ, ովքեր հենց այդ խնդրով են հաճախում ինձ մոտ: Հիմնականում մայրեր են, իրենց երեխաների հետ միասին:
– Ինչպե՞ս հաջողվեց Ձեզ ձևավորել «Ալեպո» պարախումբը:
-Դեռևս Սիրիայում երիտասարդների մի խումբ կար, ովքեր պարում էին տարբեր միջոցառումների ժամանակ: Նրանց պարուսույցները հիմնականում հայաստանցի մասնագետներն էին: Տեղափոխվելով Հայաստան` այդ երիտասարդներին շատ դժվար էր կրկին համախմբել մեկ վայրում:
Երբ արդեն վարձակալել էի ֆիտնես ակումբի տարածքը, մտածեցի, որ նրանք կարող են պարապմունքներն իրականացնել ակումբում: Իսկ «Վորլդ Վիժըն» (World Vision) կազմակերպությունը մեզ աջակցություն ցուցաբերեց՝ մի քանի ամիս ժամկետով պրոֆեսիոնալ պարուսույցներ տրամադրեց, տարազ և այլն: Այսօր, սակայն, չունենք պրոֆեսիոնալ պարուսույց:
«Ալեպո» պարախումբն ունի մոտ 20 սան, նրանք մասնակցում են տարբեր նախագծերի, կորպորատիվ միջոցառումների և Երևանում անցկացվող փառատոների:
– Լիանա´, Ձեր կարծիքով, սիրիահայերն իրենց ինչպե՞ս են զգում Հայաստանում, քանի որ նրանց տեսել եք նաև Սիրիայում:
– Բնականաբար, կա տարբերություն: Նրանք Հայաստանում իրենց շատ լավ ու ապահով են զգում: Հայաստանը սիրիահայերի համար կարծես մի դրախտի է նման: Հիմնականը, որ մտահոգում է նրանց` կեցության խնդիրն է: Այն սիրիահայերը, ովքեր դեռ չունեն բնակարան, շատ ու շատ դժվարությունների առաջ են կանգնում:
Սակայն սիրիահայերի մի ստվար զանգված, անկախ ինչ-ինչ դժվարությունների, կարողացավ բիզնես ոլորտում հաջողություններ գրանցել Հայաստանում:
– Նշեցիք, որ պարուսույցի խնդիր ունեք, ինչպե՞ս պետք է լուծեք այդ խնդիրը:
– Տարբեր տեղեր եմ դիմել, բայց ո´չ պաշտոնապես: Ներկայումս համագործակցում ենք մի քանի պարուսույցների հետ, սակայն մեզ պրոֆեսիոնալ պարուսույց է անհրաժեշտ: Առաջիկայում կփորձենք դիմել բարեգործական կազմակերպություններին` լուծելու այս խնդիրը:
– Ի՞նչ նոր ծրագրեր ունի «Ալեպո» պարախումբը:
– Շատ կուզեի, որ պարախումբը հովանավոր ունենա, որպեսզի կարողանա իրականացնել իր բոլոր նպատակները և ցուցադրի իր պարային ելույթները: Կարծում եմ՝ Հայաստանում նրանք կգնահատվեն, քանի որ պրոֆեսիոնալ են և շատ են ցանկանում ելույթներ ունենալ տարբեր բեմերում: Վստահ ենք` ամեն ինչ լավ կլինի:
Զրուցեց Սևադա Սաֆարյանը