Սփյուռքի նախարարը Կահիրեում մասնակցեց եգիպտահայերի մեծարմանը նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 26-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կահիրեի պետական թատրոնում մասնակցեց Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամի անմիջական աջակցությամբ նախաձեռնված՝ հայկական սփյուռքի ամենահին համայնքներից մեկի՝ եգիպտահայերի մեծարմանը նվիրված միջոցառմանը: Նախարար Նաբիլա Մաքրամը ևս ներկա էր երեկույթին: Միջոցառմանը մասնակցում էին նաև դեսպաններ, հյուպատոսներ, եգիպտացի բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր, հասարակական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը բարձր գնահատեց նման բացառիկ միջոցառման կազմակերպումը: «Կարծում եմ՝ սա վկայությունն է այն բանի, որ հայերը, որ երկրում էլ բնակություն են հաստատել, փորձել են իրենց ներդրումն ունենալ տվյալ երկրի զարգացման գործում: Եգիպտոսը, թերևս, բացառություն չէ։ Համոզված եմ՝ եգիպտական կողմի նման նախաձեռնությունը մեծ ոգևորություն կառաջացնի հայ համայնքում և առավել կջերմացնի Հայաստան-Եգիպտոս բարեկամությունը»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:

Նախարարն ընդգծեց նաև, որ հայերի համար Եգիպտոսն այն երկիրն է, որ առաջիններից իր դռները բացեց հայ ժողովրդի հայրենազրկված զավակների առջև: «Մենք երբեք չենք մոռանա դա: Այդ հայերի սերունդները, լինելով ձեր երկրի լիիրավ քաղաքացիներ, միաժամանակ օժտված են իրենց ազգային ինքնությունը, լեզուն, կրոնը և ավանդույթները պահպանելու համար բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Նրանք մեր երկու բարեկամ երկրներին միմյանց շաղկապող կարևորագույն օղակներից են։ Դարերի ընթացքում հայերը շարունակաբար իրենց ավանդն են ունեցել Եգիպտոսի զարգացման գործում։ Եգիպտահայ համայնքը մշտապես վայելել է Եգիպտոս պետության և եգիպտացիների հարգանքը»,-ընդգծեց սփյուռքի նախարարը:

Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ նաև հայաստանյան թավշյա հեղափոխությանը, ներկայացրեց հետհեղափոխական Հայաստանի տեսլականը: «Վստահ եմ, որ բոլորդ հետևել եք Հայաստանում իրականացված թավշյա, ոչ բռնի, սիրո ու համերաշխության հեղափոխությանը: Այսօր մենք ունենք ժողովրդավարության ուղով քայլող, մարդուն և օրենքի գերակայութունը բարձրագույն արժեք հռչակած պետություն, որի ղեկավարությունը փորձում է անել իր լավագույնը՝ յուրաքանչյուր բնակչի համար: Այս բարեփոխումների ճանապարհին սփյուռքը դարձյալ կանգնեց մեր թիկունքին: Սակայն սիրելինե՛րս, ասել ու դարձյալ ասում եմ՝ այսուհետև Հայաստանը ևս ձեր կողքին է, ձեր թիկունքին, այսուհետև մենք ևս փորձելու ենք ձեզ համար անել հնարավոր լավագույնը: Մենք արեցինք մեր քայլը: Սակայն մեր քայլով մենք բացեցինք ճանապարհ, որով ամեն օր պիտի քայլենք: Եվ ո՞րն է լինելու այդ քայլերի հաջորդականությունը: Հայաստան-սփյուռք գործակցության մեջ, ես կարծում եմ, առաջին քայլը լիակատար փոխճանաչության քայլն է: Ի վերջո, սփյուռքի հետ միասին մենք հավատացել ենք, որ կարող ենք փոխել իրականությունը, որ կարող ենք անել գրեթե անհնարինը, որ կարող ենք պայքարել ու ասել ո՛չ կոռուպցիային, ո՛չ ամենաթողությանը, ո՛չ անօրինականությանը, ո՛չ թալանին, ո՛չ սփյուռքը որպես բանկոմատ ընկալելու տրամաբանությանը»,-նշեց սփյուռքի նախարարը:

Մխիթար Հայրապետյանը նաև շեշտեց, որ այսօր սփյուռքի ու Հայաստանի երազանքները համընկնում են՝ ունենալ հզոր հայրենիք, համախմբված համահայկական ներուժ ու իրեն հայ համարող, հայ զգացող սփյուռք: «Ու այս երազանքերն իրականություն կդառնան, եթե մենք ուղիղ նայենք իրար աչքերի մեջ, նայենք անկեղծ՝ ընդհանուր օրակարգով, միասնական հայացքներով ու առողջ քննադատությամբ: Եկեք ապացուցենք, որ հզոր Հայաստան, միասնական սփյուռք բանաձևը զուտ հերթապահ ձևակերպում չէ: Եվ ուրեմն՝ կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ սփյուռքը, կեցցե՜նք մենք, որ ապրում ենք բոլորովին այլ իրականության մեջ»,-իր խոսքն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Երեկոյի ընթացքում հայկական և եգիպտական ժողովրդական կատարումներով հանդես եկան Կահիրեի «Արաքս» երգչախումբը, «Սարդարապատ» և «Զանգեզուր» պարախմբերը:

Scroll Up