Պատվոգրերի հանձնում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Երեմ Սիմոնյանը պատվոգրեր հանձնեց «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի անցումային փուլի շրջանակներում հայոց լեզու դասավանդած ուսուցիչներին:

Հանդիպմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործող «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Շողիկ Փահլևանյանը, ՀՀԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ.  Լուսինե Հայրիյանը, Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի ուսուցչուհի Անի Խալաթյանը և Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Գայանե Բաբլոյանը:

Երեմ Սիմոնյանը, շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին կատարած ազգանվեր աշխատանքի համար, կարևորեց նրանց մասնակցությունը ծրագրին՝ նշելով, որ նրանք նպաստել են սփյուռքահայ երիտասարդների հայապահպանությանը, հայրենաճանաչությանը և հայոց լեզվի գիտելիքների խորացմանը:

Ուսուցիչները նույնպես երախտագիտության խոսք հայտնեցին և ընդգծեցին համագործակցությունը սփյուռքի նախարարության հետ՝ շեշտելով այն հանգամանքը, որ նման ծրագրերը Հայաստան-Սփյուռք փոխգործակցության, սփյուռքահայ երիտասարդների հոգում հայրենասիրություն սերմանելու, պատմամշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու լավագույն դրսևորումներից մեկն են:

Scroll Up