«Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը ևԿալիֆորնիայի համալսարանի համաղեկավարն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած ամերիկահայ հայտնի բժիշկ, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

ԱՄՆ-ից ժամանած հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև շրջայց արեցին Հիշողության պուրակում, որտեղ պարոն Էսրաիլյանը և պարոն Բլոքը ջրեցին «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից 2017թվականին տնկած եղևնին՝ ի հիշատակ Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի՝ պահպանելով խոստումը երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը:

Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, այցի վերջում պարոն Էսրաիլյանը և պարոն Բլոքը գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Scroll Up