ՀՄԸՄ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում

Սեպտեմբերի 8-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին ՀՄԸՄ Բուլղարիայի շրջանային վարչությունը և Պլովդիվի մասնաճյուղը: Միջոցառմանը մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, Բուրգասի, Ռուսեի և Շումենի ՀՄԸՄ մասնաճյուղերի ու սկաուտական խմբերի անդամներ, սկաուտական շարժման վետերաններ, հայ համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ անցած հարյուր տարիների ընթացքում ՀՄԸՄ-ն մեծ վստահություն ու հարգանք է ձեռք բերել Սփյուռքում և Հայաստանում` իր հայապահպան գործունեության և երիտասարդության համախմբման բնագավառում ունեցած հսկայական ավանդի համար:

Տեղի ունեցավ սկաուտական խմբերի շքերթ, որից հետո կայացավ փոքրիկ սկաուտների երդման հանդիսավոր արարողություն՝ քահանա Հրաչ Մուրադյանի օրհնությամբ:

Այնուհետև հանդիսությունը շարունակվեց տոնական սեղանների շուրջ՝ հայկական երգ ու պարի ներքո:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր հայ գործարարների և անհատների կողմից պատրաստված հուշանվերների, հրուշակեղենի տոնավաճառ:

Scroll Up