Զարեհ Սինանյանի գլխավորությամբ Գլենդելի պատվիրակությունն այցելել է Գյումրի

Սեպտեմբերի 10-ին Շիրակի մարզում էր Կալիֆորնիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը` Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ: Պատվիրակությանը, որի կազմում էին նաև նահանգային սենատորներ, սկզբում հանդիպել են մարզային իշխանության ներկայացուցիչները: Հյուրերին ողջունել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: «Բարով եք եկել Շիրակի մարզ, դուք հիմա Հայաստանի հյուսիսում եք, մի մարզում, որը 1988-ի երկրաշարժին մեծ վնասներ է կրել, երկար տարիների ընթացքում փորձել է մեջքը շտկել, բայց անելիքներ դեռ ունենք, սակայն ձեզ վստահեցնում եմ, որ հիմա ամեն ինչ արվում է մեր մարզի ու Գյումրու զարգացմանը միտված նոր ձեռնարկները որքան հնարավոր արագ կյանքի կոչելուն»,- նշել է Կարեն Սարուխանյանը:
Զարեհ Սինանյանն ու նրա հետ Հայաստան ժամանած սենատորները, պատվիրակության մյուս անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ այցի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Կալիֆորնիա-Հայաստան կապերի հաստատումն է: «Մենք Շիրակի մարզ ենք այցելել, քանի որ գիտենք, որ Գյումրին ունի տեխնոլոգիական կենտրոն, կփորձենք ձեզ հետ քննարկել, ինչպես նաև հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ` հասկանալու հնարավոր համագործակցության ուղղությունները»,-ասել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Շիրակի մարզպետը նշել է, որ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո երկրում իրավիճակ է փոխվել, ինչը նպաստել է մեր երկրի նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչ վերաբերում է Շիրակի մարզին, ապա, ըստ Կարեն Սարուխանյանի, մարզային իշխանության ներկայացուցիչները պատրաստ են համագործակցության բոլոր բնագավառներում և ամեն ինչ անելու են նոր ներդրողներ դեպի Շիրակի մարզ բելելու համար:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել գործնական ծրագրերով հանդես գալու, իսկ հանդիպման ավարտին փոխանակվել են հուշանվերներով:

Scroll Up