Նշվեց Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակը

Սեպտեմբերի 9-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված Հոբելյանական գլխավոր հանդիսությունը, որի գեղարվեսական հայտագրի հեղինակը և բեմադրիչը Վարդան Մկրտչյանն էր։

Մինչ հոբելյանական հանդիսությունը Մայր թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ  Համազգայինի հրատարակչական գործունեությանը նվիրված ցուցադրություն․ ներկայացված էին պատմական լուսանկարներ, «Ես եմ» խորագրով ցուցահանդեսի աշխատանքները, ելույթ ունեցավ «Սասնա ծռեր» ազգագրական համույթը։

Հանդիսության բացման խոսքով ելույթ ունեցան ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական Վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը։ Կարևորվեց Համազգայինի երկարամյա հայապահպան ու մշակութաստեղծ գործունեությունը, որն այսօր էլ լավագույնս իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում։

90 տարի առաջ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը գործունեությունը սկսեց Կահիրեում՝ սկզբում կոչվելով «Հայ կրթական և հրատարակչական ընկերություն»։ Հիմնադիրներն էին Համո Օհանջանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Գասպար Իփեկյանը, Ստեփան Եսայանը, Մինաս Խաչատրյանը, Սարգիս Մալխասյանը, Սեդրակ Պալըգճյանը, Հակոբ Պալըգճյանը։ Դեռևս 90 տարի առաջ Համազգայինը որդեգրել է հետևյալ նպատակը՝ «Հայ ժողովրդին կրթական մակարդակը բարձրացնել հայ լեզվով և հայ հոգիով»:

Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում նշված է․ «Նիկոլ Աղբալյանի, Լևոն Շանթի, Սիմոն Վրացյանի, Համո Օհանջանյանի և մյուս երախտավորների հիմնադրած կազմակերպությունն այսօր էլ աշխարհասփյուռ իր բազմաթիվ կառույցներով ու հաստատություններով, անհատ նվիրյալներով նույն ոգով շարունակում է հավատարիմ մնալ հայ ազգային մշակույթին, պատմությանը և արժեքներին, հայադեմ Սփյուռք կառուցելու և պահելու առաքելությանը, դիմակայել ուծացման մարտահրավերներին։ Այս առումով Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությունները, ձեռնարկներն ու ծրագրերը Սփյուռքում, Հայաստանում և Արցախում արժանի են բարձր գնահատանքի»։

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի շնորհավորական ուղերձում կարևորվում է Համազգայինի ազգապահպան գործունեությունը նշելով․ «Իրապես գնահատելի է այն ահռելի աշխատանքը, որ շուրջ մեկդարյա այս կառույցի անդամներն իրականացնում են աշխարհասփյուռ հայկական շրջանակներում՝ դաստիարակելով մայրենիի պաշտպան և ազգային մշակույթի պահապան սերունդներ։ Հայակերտումի առաքելությամբ տոգորված Համազգայինն ամենուրեք հիմնեց մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ՝ դպրոցների, երգչախմբերի, պարախմբերի, թատերախմբերի, թանգարանների, հրատարակչությունների ստեղծումով համախմբեց հայությանը։ Համազգայինը գործեց ու առաջնորդվեց այն գիտակցումով, որ ազգի ոգին պահպանվում է ազնիվ արվեստի, ազգային մշակույթի փոխանցումով»։

Համազգայինի հոբելյանական հանդիսության ընթացքում ցուցադրվեց համերգային-թատերականացված ինքնատիպ բեմադրություն հետևյալ խմբերի մասնակցությամբ՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոն, Երևանի Մնջախաղի պետական թատրոն, «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթ, Երևանի պետական կամերային երգչախումբ, «Միայն աղջիկներ» վոկալ խումբ, «Էմմանուել Հովհաննիսյան և ընկերներ» դուդուկահարների խումբ, «Սասնա ծռեր» ազգագրական համույթ։

Հոբելյանական հանդիսության ընթացքում «ՄուշՌում» ստուդիայի կողմից ներկայացվեցին անիմացիոն տեսանյութեր, որոնք արտացոլում էին Համազգայինի 90-ամյա գործունեության ընդհանրական ուղղությունները։

Համազգայինի հոբելյանական հանդիսությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց նաև համացանցում։

Scroll Up