Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցմամբ՝ մենք հիշում ենք մեր նախնիներին. Թաթուլ ծ.վ. Անուշյան

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո սեպտեմբերի 9-ին, ժամը՝ 11:00-ին պատարագ կմատուցվի։ Պատարագիչը Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական աթոռի լուսարարապետ, Ֆերիգյուղի Սրբոց Վարդանանց եկեղեցու երեց, նույն եկեղեցու «Վարդանանց» դպրաց դաս երգչախմբի նախագահ Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, որը տարիներ առաջ օծել է եկեղեցու գմբեթին բարձրացված խաչը:

«3 տարվա ընդմիջման պատճառն այն էր, որ վայրը գտնվում է քաղաքական առումով թեժ շրջանում, անվտանգության պաշտոնյաները մեզ ասել էին, որ պետք է զգույշ լինել: Մենք էլ վերապահումով մոտեցանք, հատկապես, որ այդչափ ժողովուրդ է հավաքվում: Այդ է պատճառը, որ չկարողացանք անցնող երեք տարիներին պատարագ անցկացնել»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը և հավելեց, որ քաղաքական փոփոխություններն այս տարի դրական են, և նահանգի նոր մարզպետը ցանկացել է, որ եկեղեցում պատարագ մատուցվի:

Ծրագիրն արդեն պատրաստ է, և վարդապետ Անուշյանը հույս հայտնեց, որ շատ մասնակիցներ կլինեն, որովհետև լավ չէ, երբ պատարագ է մատուցվում և հայ ժողովուրդը բացակայում է. «Խոսքը գործի պետք է վերածել, պետք է ցույց տալ, որ այդ եկեղեցին պատմականորեն մերն է, թեև այսօր եկեղեցու սեփականությունը պետությանն է պատկանում: Վերջինս լավ է այն առումով, որ եթե սեփականությունը հայ համայնքինը լիներ, պաշտպանության հարց պետք է ծագեր: Հիմա գոնե Մշակույթի նախարարությունն իր հսկողության տակ է պահում եկեղեցին, անվտանգության պաշտոնյաներ կան և թանգարանի կարգավիճակ ունի: Այս տարի արդեն միլիոնավոր այցելուներ է ունեցել:

Պետք է ամբողջ հայությունը մասնակից դառնա պատարագին: Առաջին տարում՝ 2010 թվականին, 15 հազար մարդ էր ներկա, հետզհետե նվազեց այդ թիվը: Եթե մեր կորովը, հետաքրքրությունը մեկ անգամվա համար է, աշխարհում մեր բարձրացրած բոլոր աղմուկներն անիմաստ են դառնում: Տեր պետք է կանգնենք մեր ժառանգությանը: Հուսամ՝ այս տարի մեր ժողովուրդն ավելի գիտակցաբար կմոտենա և ներկա կլինի Սուրբ Պատարագին»:

Պոլսո պատրիարքական աթոռն արդեն բոլոր կազմակերպչական հարցերն ամբողջացրել է: Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը՝ իբրև Աթոռի լուսարարապետ, մասնակից է եղել այդ ամենին: Եկեղեցին պատրաստ է և սպասում է հավատացյալների ներկայությանը:

«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին մեր պապենական ժառանգն է և ոտքի մնացած ամենագեղեցիկ կոթողը: Սուրբ պատարագի մատուցմամբ մենք նաև հիշում ենք մեր նախնիներին: Ոչ միայն վանեցիներին, այլ բոլոր նրանց, որոնք ապրել, մահացել և նահատակվել են են այս հողերի վրա: Մեզ համար շատ նվիրական պետք է լինի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու Սուրբ պատարագը, որովհետև հայ իրականության մեջ յուրատեսական հանգրվան է այս եկեղեցին՝ այսքան տարի ոտքի մնացած, փլուզումներից փրկված, գմբեթին իր խաչով: Հույս ունենք , որ հայ ժողովուրդը ձևով մը տեր կկանգնի իր հարստությանը»,-նշեց վարդապետը:

Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ է պատարագելու: «Տարիներ շարունակ մասնակցել եմ եկեղեցու մաքրության, պատրաստության աշխատանքներին: Ինձ համար նվիրական է այդ վայրում պատարագել: Ինչպես ասացի, մեր պատմությունն է այդտեղ ներկա: Իսկ պատմության հետ մեր նախնիներին, նրանց կենցաղին շաղախվելը, մեր ժողովրդի այսօրվա ապրումների հետ համեմատելով, քիչ մը հուզիչ է: Նաև գիտակցում ես, որ մշակույթի առումով մեր պապերն ավելի նախանձախնդիր էին: Այսօր, նայելով աշխարհասփյուռ հայերին, որոնք օտարանում են իրենց մշակույթից, այդ պատարագները շատ ավելի նվիրական են դառնում՝ հիշելով և պանծացնելով մեր նախնիների հիշատակը: Անբացատրելի է այդ զգացումը, պետք է անձամբ ներկա լինել և ապրել: Քանի դեռ մեր ժողովուրդը գոյություն ունի, այդ եկեղեցին էլ պետք է գոյատևի, կարևոր չէ, թե սեփականությունն ում է պատկանում, մերն է այդ եկեղեցին»,-իր խոսքը եզրափակեց Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը:

Scroll Up