Սկսվում են սփյուռքի քարտեզագրման ուղղությամբ աշխատանքները

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 6-ին ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում էին Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը, Միգրացիայի միջազգային կազմակերպության Հարավ-Արևելյան Եվրոպայի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի, Վիեննայի տարածաշրջանային գրասենյակի աշխատանքային շարժունակության և մարդկային զարգացման գծով ավագ մասնագետ Մայքլ Նյուսոնը և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության ծրագրերի պատասխանատու Կարինե Խոջայանը:

Այս հանդիպումը նախարարի հետ նախորդ անգամ կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր: Արդեն սկսվում են սփյուռքի քարտեզագրման ուղղությամբ աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին քարտեզագրման համար անհրաժեշտ հիմնական չափորոշիչները, ոլորտները, որոնք նախարարության հետաքրքրության շրջանակում են:

«ՏՏ ոլորտ, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն, սրանք այն երեք առաջնային ոլորտներն են, սակայն ես չէի ցանկանա սահմանափակվել միայն դրանցով: Մեզ հարկավոր են պրոֆեսիոնալներ բոլոր ոլորտներում»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:

Քննարկվեց քարտեզագրման հարցով նախարարության հետ հետագա համագործակցության մեխանիզմը, և թե քարտեզագրման համար ինչպիսի տեղեկատվություն կարող է նախարարությունը տրամադրել:

«Մենք պատրաստ ենք տրամադրել համապատասխան ինֆորմացիա, որը կարող է նպաստել  հայկական սփյուռքի քարտեզագրմանը, ինչպես նաև դառնալ կապող օղակ տարբեր կազմակերպությունների միջև, որոնք ունեն հետազոտությունների մեծ բազա, դրանք կարող են օգտակար լինել»,-ասաց նախարարը:

Քարտեզագրման աշխատանքներին հաջորդելու է հաղորդակցության ռազմավարության մշակումը, որի շուրջ կողմերը համաձայնության եկան նորից հանդիպել և քննարկել աշխատանքների ընթացքը:

Scroll Up